Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 21
21
Դավիթը փախչում է Սավուղից
1Դավիթը գնաց Նոբ՝ Աքիմելեք քահանայի մոտ. Աքիմելեքը զարհուրելով դիմավորեց Դավթին և նրան ասաց. «Ինչո՞ւ ես մենակ, և հետդ մարդ չկա»։ 2Եվ Դավիթն Աքիմելեք քահանային ասաց. «Թագավորն ինձ մի բան է հրամայել և ասել ինձ. “Ոչ մեկը չիմանա այն գործը, որի համար քեզ ուղարկում եմ և ինչ որ հրամայեցի քեզ”։ Ես էլ երիտասարդների հետ ժամադրվեցի, որ հանդիպենք որոշակի տեղում։ 3Հիմա ի՞նչ կա ձեռքիդ տակ. ինձ մի հինգ հա՛ց տուր կամ ինչ որ ունես»։ 4Եվ քահանան Դավթին պատասխանեց ու ասաց. «Ձեռքիս տակ հասարակ հաց չկա, միայն սուրբ հաց կա. եթե երիտասարդները կանանց չեն մերձեցել, թող ուտեն»։ 5Դավիթը քահանային պատասխանեց ու նրան ասաց. «Իսկապես անցած երեք օրերի ընթացքում կանայք մեզանից հեռու են եղել. երիտասարդների մարմինները#21.5 Եբր. անոթները։ մաքուր են լինում հասարակ առաքելության գնալիս, սակայն այսօր որչափ ավելի մաքուր պիտի լինեն նրանց մարմինները#21.5 Եբր. անոթները։, որ ուտեն սրբագործված հացը»։ 6Եվ քահանան սուրբ հացը տվեց նրան, քանի որ այնտեղ ուրիշ հաց չկար, բացի առաջավորության հացից, որը վերցվում էր Տիրոջ առաջից և վերցված օրը տաք հաց դրվում։ 7Այդ օրը Սավուղի ծառաներից մեկն այնտեղ՝ Տիրոջ առաջ արգելափակված էր. նրա անունը եդովմայեցի Դովեկ էր. նա Սավուղի հովիվների գլխավորն էր։ 8Եվ Դավիթն Աքիմելեքին ասաց. «Այստեղ ձեռքիդ տակ նիզակ կամ սուր չկա՞, որովհետև սուրս ու զենքերս հետս չվերցրի, քանի որ թագավորի գործը շտապ էր»։ 9Եվ քահանան ասաց. «Ահա փղշտացի Գողիաթի սուրը, որին սպանեցիր Էլայի հովտում։ Ահա այն եփուդի ետևում՝ մի հագուստի մեջ փաթաթված է. եթե այն կվերցնես, վերցրո՛ւ, որովհետև դրանից բացի այստեղ ուրիշը չկա»։ Եվ Դավիթն ասաց. «Դրա նմանը չկա, տո՛ւր ինձ այն»։
10Եվ այդ օրը Դավիթը վեր կացավ ու Սավուղի երեսից փախավ, գնաց Գեթի Անքուս թագավորի մոտ։ 11Եվ Անքուսի ծառաները նրան ասացին. «Չէ՞ որ սա է երկրի թագավորը՝ Դավիթը. սրա մասին չէ՞ր, որ պարողները բացականչելով երգում էին և ասում.
“Սավուղը իր հազարավորներին զարկեց,
Դավիթը՝ իր բյուրավորներին”»։
12Եվ Դավիթն այս խոսքերը դրեց իր սրտում և շատ վախեցավ Գեթի թագավոր Անքուսից։ 13Եվ նրանց առաջ փոխեց իր կերպարանքը, իրեն խելագար ձևացրեց նրանց աչքին. նշաններ էր գծում դռների փեղկերին և լորձունքը ծորեցնում էր իր մորուքի վրա։ 14Եվ Անքուսն իր ծառաներին ասաց. «Ահա տեսնում եք, որ այս մարդը խելագար է, ինչո՞ւ եք նրան ինձ մոտ բերել։ 15Մի՞թե ես խելագարների կարոտ եմ, որ դրան բերել եք ինձ մոտ՝ գժություններ անելու։ Դա իմ տո՞ւն պիտի մտնի»։
Արդեն Ընտրված.
Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 21: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018