Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 20:1-42

Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 20:1-42 ՆՎԱԱ

Դավիթը փախավ Ռամայի Նավաթից, գնաց Հովնաթանի մոտ և ասաց. «Ես ի՞նչ եմ արել, ի՞նչ է իմ հանցանքը, և ի՞նչ մեղք եմ գործել քո հոր դեմ, որ նա ուզում է սպանել ինձ»։ Եվ Հովնաթանն ասաց նրան. «Քա՛վ լիցի, դու չպիտի մեռնես. ահա իմ հայրն առանց ինձ հայտնելու ոչ մի մեծ կամ փոքր գործ չի անում. և իմ հայրն ինչո՞ւ պիտի այդ բանը ծածկի ինձանից. այդպիսի բան չկա»։ Իսկ Դավիթը երդվեց ու ասաց. «Քո հայրը լավ գիտի, որ ես շնորհ եմ գտել քո առաջ, դրա համար էլ ասում է, թե Հովնաթանը այս բանը չիմանա, միգուցե վշտանա։ Բայց կենդանի է Տերը, և կենդանի է քո անձը, որ իմ և մահվան միջև մի քայլ կա միայն»։ Եվ Հովնաթանն ասաց Դավթին. «Ինչ որ քո սիրտը կամենա, ես կանեմ քեզ համար»։ Եվ Դավիթն ասաց Հովնաթանին. «Ահա վաղն ամսագլուխ է, և պետք է, որ ես թագավորի հետ նստեմ կերակուր ուտելու, սակայն ինձ թող, որ մինչև երրորդ օրվա իրիկունը թաքնվեմ դաշտում։ Եթե հայրդ ինձ փնտրելու լինի, ասա՛, որ Դավիթն ինձ շատ աղաչեց, որ շտապ գնա իր քաղաքը՝ Բեթլեհեմ, որովհետև այնտեղ իր ամբողջ ազգատոհմի տարեկան զոհաբերության օրն է։ Եթե այսպես ասի. “Լավ”, այն ժամանակ խաղաղություն է քո ծառայի համար, իսկ եթե բարկանա, իմացի՛ր, որ նա որոշել է այդ չարությունը։ Եվ քո ծառային ողորմությո՛ւն արա, որովհետև դու քո ծառային քեզ հետ Տիրոջ ուխտը մտցրիր, և եթե մի հանցանք եմ գործել, դու սպանի՛ր ինձ, էլ ինչո՞ւ ինձ քո հոր մոտ տանես»։ Եվ Հովնաթանն ասաց. «Քա՛վ լիցի. որ եթե ես իմանամ, թե իմ հայրը որոշել է չարիք գործել քո դեմ, այդ չհաղորդեմ քեզ»։ Եվ Դավիթն ասաց Հովնաթանին. «Ո՞վ կհաղորդի ինձ, եթե քո հայրը խստությամբ պատասխանի քեզ»։ Եվ Հովնաթանն ասաց Դավթին. «Արի դաշտ գնանք»։ Եվ երկուսն էլ գնացին դաշտ։ Եվ Հովնաթանն ասաց Դավթին. «Վկա է Իսրայելի Տեր Աստվածը, որ վաղը կամ մյուս օրը այս ժամանակ, եթե իմ հորը քննելով տեսնեմ, որ լավ է Դավթի համար, և նույն ժամանակ մարդ չուղարկեմ և քեզ չհայտնեմ. Տերը Հովնաթանին այսպես ու սրանից ավելին թող անի. բայց եթե իմ հայրը ուզենա չարիք գործել քո դեմ, քեզ կհայտնեմ և կարձակեմ քեզ, որ գնաս խաղաղությամբ, և Տերը քեզ հետ լինի, ինչպես որ իմ հոր հետ էր։ Եվ դու էլ ոչ միայն իմ կենդանության ժամանակ Տիրոջ ողորմածությունն ինձ անես, որ ես չմեռնեմ. այլև քո ողորմածությունը իմ տանից չկտրես հավիտյան, մինչև իսկ այն ժամանակ, երբ Տերը Դավթի բոլոր թշնամիներին ջնջի երկրիս երեսից»։ Եվ Հովնաթանը Դավթի տան հետ դաշինք կնքեց և ասաց. «Թող Տերը վրեժ առնի Դավթի թշնամիներից»։ Եվ Հովնաթանը Դավթին կրկին երդվել տվեց իրեն սիրելու համար, որովհետև նրան սիրում էր իր անձի պես։ Եվ Հովնաթանը նրան ասաց. «Վաղը ամսագլուխ է, և քեզ պիտի փնտրեն, որովհետև քո տեղը պիտի դատարկ մնա։ Եվ երրորդ օրը շուտ կիջնես այն տեղը, ուր թաքնվել էիր, երբ այս դեպքերն սկսվեցին, և կնստես Եզելի քարի մոտ։ Եվ ես երեք նետ կարձակեմ քարի մոտ՝ նշան բռնելու նման։ Ահա մի տղայի կուղարկեմ, կասեմ. “Գնա նետերը գտի՛ր”. և եթե տղային ասեմ. “Ահա նետերը քեզանից այս կողմն են, վերցրո՛ւ դրանք”, այդ ժամանակ կգաս, որովհետև քեզ համար խաղաղություն է, և ոչ մի բան չկա, կենդանի է Աստված։ Բայց եթե տղային այսպես ասեմ. “Ահա նետերը քեզանից այն կողմն են”, այն ժամանակ կգնաս, որովհետև Տերն է քեզ ուղարկում։ Եվ այս խոսքի համար, որ ես ու դու խոսեցինք, ահա Տերն է հավիտյան վկա իմ և քո միջև»։ Եվ Դավիթը թաքնվեց դաշտում. երբ հասավ ամսագլխի օրը, թագավորը հացի նստեց՝ կերակուր ուտելու։ Եվ թագավորը, ըստ իր սովորույթի, նստեց պատի մոտ դրված իր աթոռին, և Հովնաթանը կանգնեց, և Աբենները նստել էր Սավուղի մոտ, իսկ Դավթի տեղը դատարկ էր։ Այդ օրը Սավուղը ոչ մի բան չասաց, որովհետև մտածեց, թե նրան մի բան է պատահել, թե նա չի մաքրվել, անկասկած մաքուր չէ։ Հետևյալ օրը՝ ամսի երկուսին էլ, Դավթի տեղը դատարկ էր, և Սավուղն իր որդի Հովնաթանին ասաց. «Ինչո՞ւ Հեսսեի որդին երեկ և այսօր հացի նստելու չի եկել»։ Եվ Հովնաթանը Սավուղին պատասխանեց. «Դավիթն ինձ խնդրեց, որ Բեթլեհեմ գնա։ Եվ ասաց. “Աղաչում եմ, ինձ արձակի՛ր, որովհետև այդ քաղաքում մեր ազգատոհմը զոհ է մատուցելու, և իմ եղբայրը հրավիրել է ինձ, ու հիմա, եթե ես շնորհ եմ գտել քո առաջ, աղաչում եմ, թո՛ւյլ տուր ինձ գնամ, եղբայրներիս տեսնեմ”. այս պատճառով էլ չի եկել թագավորի սեղանին»։ Եվ Սավուղի բարկությունը բորբոքվեց Հովնաթանի դեմ, և նրան ասաց. «Ո՛վ ապստամբ և չար կնոջ զավակ. մի՞թե ես չգիտեմ, որ դու Հեսսեի որդուն ընտրել ես քո ամոթի և քո մոր ամոթի ու խայտառակության համար։ Եվ քանի դեռ Հեսսեի որդին ողջ կլինի երկրի վրա, հաստատուն չես լինի ո՛չ դու և ո՛չ էլ քո թագավորությունը. հիմա մա՛րդ ուղարկիր և նրան բե՛ր ինձ մոտ, որովհետև նա մահապարտ է»։ Հովնաթանը պատասխանեց իր հորը՝ Սավուղին, և ասաց. «Ինչո՞ւ պիտի մեռցնել, ի՞նչ է արել»։ Եվ Սավուղը նիզակը նետեց դեպի նա, որ սպանի նրան. և Հովնաթանն այդ ժամանակ հասկացավ, որ իր հայրը որոշել էր, որ սպանի Դավթին։ Եվ Հովնաթանը բորբոքված բարկությամբ վեր կացավ սեղանից և ամսի երկրորդ օրը կերակուր չկերավ. նա վշտացավ Դավթի համար, որովհետև իր հայրը անարգեց նրան։ Առավոտյան Հովնաթանը Դավթի հետ պայմանավորված ժամանակին դաշտ դուրս եկավ, և իր հետ մի փոքրիկ տղա կար։ Նա տղային ասաց. «Վազի՛ր, գտի՛ր այն նետերը, որ ես պիտի արձակեմ». և երբ տղան վազում էր, նա նետը նրանից այն կողմ արձակեց։ Երբ տղան գնաց այն տեղը, ուր ընկել էր Հովնաթանի արձակած նետը, Հովնաթանը տղայի ետևից կանչեց և ասաց. «Նետը քեզանից այն կողմ է»։ Եվ Հովնաթանը տղայի ետևից կանչեց. «Շո՛ւտ արա, շտապի՛ր, մի՛ կանգնիր»։ Եվ Հովնաթանի տղան հավաքեց նետերն ու եկավ իր տիրոջ մոտ։ Բայց տղան ոչինչ չգիտեր, միայն Հովնաթանն ու Դավիթը գիտեին այդ բանը։ Եվ Հովնաթանը իր զենքերը տվեց տղային ու նրան ասաց. «Գնա՛, քաղա՛ք տար»։ Երբ տղան գնաց, իսկ Դավիթը դուրս եկավ հարավային կողմից, երեսի վրա ընկավ գետին, երեք անգամ երկրպագություն արեց. նրանք համբուրեցին իրար ու լաց եղան իրար համար, բայց Դավիթն ավելի շատ լացեց։ Եվ Հովնաթանը Դավթին ասաց. «Գնա՛ խաղաղությամբ, ինչպես որ մենք երկուսս էլ Տիրոջ անունով երդվեցինք և ասացինք. “Տերը վկա լինի իմ ու քո միջև՝ և իմ սերնդի ու քո սերնդի միջև՝ մինչև հավիտյան”»։

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում