Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 20:1-17

Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 20:1-17 ՆՎԱԱ

Դավիթը փախավ Ռամայի Նավաթից, գնաց Հովնաթանի մոտ և ասաց. «Ես ի՞նչ եմ արել, ի՞նչ է իմ հանցանքը, և ի՞նչ մեղք եմ գործել քո հոր դեմ, որ նա ուզում է սպանել ինձ»։ Եվ Հովնաթանն ասաց նրան. «Քա՛վ լիցի, դու չպիտի մեռնես. ահա իմ հայրն առանց ինձ հայտնելու ոչ մի մեծ կամ փոքր գործ չի անում. և իմ հայրն ինչո՞ւ պիտի այդ բանը ծածկի ինձանից. այդպիսի բան չկա»։ Իսկ Դավիթը երդվեց ու ասաց. «Քո հայրը լավ գիտի, որ ես շնորհ եմ գտել քո առաջ, դրա համար էլ ասում է, թե Հովնաթանը այս բանը չիմանա, միգուցե վշտանա։ Բայց կենդանի է Տերը, և կենդանի է քո անձը, որ իմ և մահվան միջև մի քայլ կա միայն»։ Եվ Հովնաթանն ասաց Դավթին. «Ինչ որ քո սիրտը կամենա, ես կանեմ քեզ համար»։ Եվ Դավիթն ասաց Հովնաթանին. «Ահա վաղն ամսագլուխ է, և պետք է, որ ես թագավորի հետ նստեմ կերակուր ուտելու, սակայն ինձ թող, որ մինչև երրորդ օրվա իրիկունը թաքնվեմ դաշտում։ Եթե հայրդ ինձ փնտրելու լինի, ասա՛, որ Դավիթն ինձ շատ աղաչեց, որ շտապ գնա իր քաղաքը՝ Բեթլեհեմ, որովհետև այնտեղ իր ամբողջ ազգատոհմի տարեկան զոհաբերության օրն է։ Եթե այսպես ասի. “Լավ”, այն ժամանակ խաղաղություն է քո ծառայի համար, իսկ եթե բարկանա, իմացի՛ր, որ նա որոշել է այդ չարությունը։ Եվ քո ծառային ողորմությո՛ւն արա, որովհետև դու քո ծառային քեզ հետ Տիրոջ ուխտը մտցրիր, և եթե մի հանցանք եմ գործել, դու սպանի՛ր ինձ, էլ ինչո՞ւ ինձ քո հոր մոտ տանես»։ Եվ Հովնաթանն ասաց. «Քա՛վ լիցի. որ եթե ես իմանամ, թե իմ հայրը որոշել է չարիք գործել քո դեմ, այդ չհաղորդեմ քեզ»։ Եվ Դավիթն ասաց Հովնաթանին. «Ո՞վ կհաղորդի ինձ, եթե քո հայրը խստությամբ պատասխանի քեզ»։ Եվ Հովնաթանն ասաց Դավթին. «Արի դաշտ գնանք»։ Եվ երկուսն էլ գնացին դաշտ։ Եվ Հովնաթանն ասաց Դավթին. «Վկա է Իսրայելի Տեր Աստվածը, որ վաղը կամ մյուս օրը այս ժամանակ, եթե իմ հորը քննելով տեսնեմ, որ լավ է Դավթի համար, և նույն ժամանակ մարդ չուղարկեմ և քեզ չհայտնեմ. Տերը Հովնաթանին այսպես ու սրանից ավելին թող անի. բայց եթե իմ հայրը ուզենա չարիք գործել քո դեմ, քեզ կհայտնեմ և կարձակեմ քեզ, որ գնաս խաղաղությամբ, և Տերը քեզ հետ լինի, ինչպես որ իմ հոր հետ էր։ Եվ դու էլ ոչ միայն իմ կենդանության ժամանակ Տիրոջ ողորմածությունն ինձ անես, որ ես չմեռնեմ. այլև քո ողորմածությունը իմ տանից չկտրես հավիտյան, մինչև իսկ այն ժամանակ, երբ Տերը Դավթի բոլոր թշնամիներին ջնջի երկրիս երեսից»։ Եվ Հովնաթանը Դավթի տան հետ դաշինք կնքեց և ասաց. «Թող Տերը վրեժ առնի Դավթի թշնամիներից»։ Եվ Հովնաթանը Դավթին կրկին երդվել տվեց իրեն սիրելու համար, որովհետև նրան սիրում էր իր անձի պես։