Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 17:32-49

Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 17:32-49 ՆՎԱԱ

Դավիթը Սավուղին ասաց. «Թող ոչ մեկի սիրտը չնվաղի այդ մարդու պատճառով. քո ծառան կգնա և կմենամարտի այդ փղշտացու հետ»։ Սավուղը Դավթին ասաց. «Դու չես կարող այդ փղշտացու դեմ գնալ և մենամարտել նրա հետ, դու դեռ պատանի ես, իսկ նա պատերազմի մարդ է մանկությունից ի վեր»։ Եվ Դավիթն ասաց Սավուղին. «Քո ծառան իր հոր ոչխարներն էր արածեցնում, և երբ առյուծ կամ արջ էր գալիս և հոտից ոչխար տանում, ես գնում էի նրա ետևից, զարկում էի նրան և նրա բերանից ազատում, և երբ նա հարձակվում էր ինձ վրա, բռնում էի նրա մորուքից, զարկում էի ու սպանում։ Ծառադ առյուծ էլ է սպանել, արջ էլ. թող այս անթլփատ փղշտացին էլ լինի նրանցից մեկի պես, քանզի նա կենդանի Աստծու զորքերին նախատեց»։ Եվ Դավիթն ասաց. «Տերը, որ ինձ ազատել է առյուծի և արջի ճանկերից, այս փղշտացու ձեռքից էլ կազատի»։ Եվ Սավուղը Դավթին ասաց. «Գնա՛, և Տերը քեզ հետ լինի»։ Եվ Սավուղն իր հանդերձները հագցրեց Դավթին ու նրա գլխին պղնձե սաղավարտ դրեց և զրահ էլ հագցրեց նրան։ Դավիթը հանդերձների վրայից կապեց Սավուղի սուրը և սկսեց ման գալ, որովհետև սովոր չէր. և Դավիթը Սավուղին ասաց. «Սրանցով չեմ կարող ման գալ, որովհետև սովոր չեմ». և Դավիթն իր վրայից հանեց դրանք։ Նա իր մահակը ձեռքն առավ, հեղեղատից հինգ գայլախազ քարեր ջոկեց իր համար և դրանք դրեց իր հովվական ամանի, այսինքն՝ մախաղի մեջ, և պարսատիկը ձեռքին՝ մոտեցավ փղշտացուն։ Փղշտացին էլ եկավ ու մոտեցավ Դավթին, և նրա վահանակիրն էր գնում նրա առջևից։ Եվ երբ փղշտացին նայեց ու տեսավ Դավթին, արհամարհեց նրան, որովհետև Դավիթը շիկահեր և գեղեցկադեմ պատանի էր։ Եվ փղշտացին ասաց Դավթին. «Մի՞թե ես շուն եմ, որ ինձ վրա մահակով ես գալիս». և փղշտացին իր աստվածներով նզովեց Դավթին։ Եվ փղշտացին ասաց Դավթին. «Ե՛կ ինձ մոտ, և ես քո մարմինը կտամ երկնքի թռչուններին ու դաշտի գազաններին»։ Եվ Դավիթն ասաց փղշտացուն. «Դու ինձ վրա սրով, նիզակով և տեգով ես գալիս, իսկ ես քեզ վրա գալիս եմ Իսրայելի զորքերի Զորությունների Տիրոջ՝ Աստծու անունով, որին դու նախատեցիր։ Այսօր Տերը քեզ իմ ձեռքը կմատնի, և ես կսպանեմ քեզ ու գլուխդ կկտրեմ քո վրայից և փղշտացիների բանակի դիակներն այսօր կտամ երկնքի թռչուններին ու երկրի գազաններին, որպեսզի ամբողջ երկիրն իմանա, որ Իսրայելն Աստված ունի։ Եվ այս ամբողջ բազմությունն իմանա, որ Տերը սրով ու նիզակով չէ, որ ազատում է, որովհետև այս պատերազմը Տիրոջն է, և նա ձեզ պիտի մատնի մեր ձեռքը»։ Եվ երբ փղշտացին վեր կացավ ու գալիս էր Դավթի դեմ և մոտեցավ նրան, Դավիթն էլ արագ վազեց պատերազմի ասպարեզը՝ փղշտացուն դիմավորելու։ Եվ Դավիթը իր ձեռքը կոխեց մախաղի մեջ, այնտեղից մի քար առավ և պարսատիկով նետեց այն ու զարկեց փղշտացու ճակատին. քարը խրվեց նրա ճակատի մեջ, և նա երեսնիվայր ընկավ գետին։