Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 17:17-47

Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 17:17-47 ՆՎԱԱ

Հեսսեն իր որդի Դավթին ասաց. «Այս մեկ արդու խանձած ցորենը և այս տասը հացը վերցրո՛ւ եղբայրներիդ համար և վազի՛ր բանակ՝ եղբայրներիդ մոտ։ Այս տասը գլուխ պանիրն էլ տա՛ր հազարապետի համար և տե՛ս, թե եղբայրներդ ողջ-առո՞ղջ են, և նրանցից նշա՛ն բեր»։ Եվ Սավուղը, նրանք և Իսրայելի բոլոր մարդիկ Էլայի հովտում պատերազմում էին փղշտացիների դեմ։ Դավիթը վաղ առավոտյան վեր կացավ, ոչխարները հանձնեց պահապանին, վերցրեց այն ամենը, ինչ Հեսսեն հրամայել էր իրեն, գնաց։ Եվ երբ հասավ կառքերի տեղը, զորքերը կարգով շարվում էին ճակատամարտի համար և աղաղակում բարձր ձայնով։ Իսրայելն ու փղշտացիները շարվեցին ճակատ առ ճակատ։ Դավիթն իր ձեռքի ամանները հանձնեց ամանների պահապանին և վազեց դեպի զորագունդը, գնաց իր եղբայրներին հարցրեց, թե առո՞ղջ են արդյոք։ Երբ նա խոսում էր նրանց հետ, ահա այն փղշտացի մենամարտիկը՝ Գողիաթ անունով, որը Գեթից էր, դուրս եկավ փղշտացիների գնդերից և կրկնեց իր ասած խոսքերը, և Դավիթը լսեց դրանք։ Երբ Իսրայելի բոլոր մարդիկ տեսան այդ մարդուն, փախան նրա դեմից և շատ վախեցան։ Եվ Իսրայելի մարդիկ ասացին. «Տեսնո՞ւմ եք այդ դուրս եկած մարդուն. նա դուրս է եկել Իսրայելին նախատելու։ Ով որ սպանի նրան, թագավորը մեծ հարստությամբ հարստացնելու է նրան և իր աղջկան նրան է տալու և նրա հոր տունը ազատ է դարձնելու Իսրայելի մեջ»։ Եվ Դավիթը խոսեց իր մոտ եղած մարդկանց հետ և ասաց. «Ի՞նչ կանեն այն մարդուն, որ սպանի այս փղշտացուն և վերացնի Իսրայելի նախատինքը։ Ո՞վ է այդ անթլփատ փղշտացին, որ նախատում է կենդանի Աստծու զորքերին»։ Եվ ժողովուրդը նույն խոսքերն ասաց նրան, թե՝ այսպես ու այսպես պիտի լինի այն մարդը, որ սպանի նրան։ Եվ երբ նրա մեծ եղբայր Եղիաբը լսեց նրա խոսելն այդ մարդկանց հետ, Եղիաբի բարկությունը բորբոքվեց Դավթի վրա, և ասաց. «Դու ինչո՞ւ ես իջել այստեղ և անապատում ո՞ւմ ես հանձնել այն մի քանի ոչխարները։ Ես գիտեմ քո գոռոզությունը և քո սրտի չարությունը. դու, անտարակույս, իջել ես ճակատամարտը տեսնելու»։ Դավիթն ասաց. «Հիմա ես ի՞նչ եմ արել. ես միայն հարցնում էի»։ Եվ նրա մոտից դարձավ մի ուրիշ մարդու և նույն խոսքերն ասաց, և ժողովուրդը նախկին խոսքերով պատասխանեց նրան։ Եվ այն խոսքերը, որ Դավիթն ասել էր, լսեցին և երբ հայտնեցին Սավուղին, նրան բերել տվեց։ Դավիթը Սավուղին ասաց. «Թող ոչ մեկի սիրտը չնվաղի այդ մարդու պատճառով. քո ծառան կգնա և կմենամարտի այդ փղշտացու հետ»։ Սավուղը Դավթին ասաց. «Դու չես կարող այդ փղշտացու դեմ գնալ և մենամարտել նրա հետ, դու դեռ պատանի ես, իսկ նա պատերազմի մարդ է մանկությունից ի վեր»։ Եվ Դավիթն ասաց Սավուղին. «Քո ծառան իր հոր ոչխարներն էր արածեցնում, և երբ առյուծ կամ արջ էր գալիս և հոտից ոչխար տանում, ես գնում էի նրա ետևից, զարկում էի նրան և նրա բերանից ազատում, և երբ նա հարձակվում էր ինձ վրա, բռնում էի նրա մորուքից, զարկում էի ու սպանում։ Ծառադ առյուծ էլ է սպանել, արջ էլ. թող այս անթլփատ փղշտացին էլ լինի նրանցից մեկի պես, քանզի նա կենդանի Աստծու զորքերին նախատեց»։ Եվ Դավիթն ասաց. «Տերը, որ ինձ ազատել է առյուծի և արջի ճանկերից, այս փղշտացու ձեռքից էլ կազատի»։ Եվ Սավուղը Դավթին ասաց. «Գնա՛, և Տերը քեզ հետ լինի»։ Եվ Սավուղն իր հանդերձները հագցրեց Դավթին ու նրա գլխին պղնձե սաղավարտ դրեց և զրահ էլ հագցրեց նրան։ Դավիթը հանդերձների վրայից կապեց Սավուղի սուրը և սկսեց ման գալ, որովհետև սովոր չէր. և Դավիթը Սավուղին ասաց. «Սրանցով չեմ կարող ման գալ, որովհետև սովոր չեմ». և Դավիթն իր վրայից հանեց դրանք։ Նա իր մահակը ձեռքն առավ, հեղեղատից հինգ գայլախազ քարեր ջոկեց իր համար և դրանք դրեց իր հովվական ամանի, այսինքն՝ մախաղի մեջ, և պարսատիկը ձեռքին՝ մոտեցավ փղշտացուն։ Փղշտացին էլ եկավ ու մոտեցավ Դավթին, և նրա վահանակիրն էր գնում նրա առջևից։ Եվ երբ փղշտացին նայեց ու տեսավ Դավթին, արհամարհեց նրան, որովհետև Դավիթը շիկահեր և գեղեցկադեմ պատանի էր։ Եվ փղշտացին ասաց Դավթին. «Մի՞թե ես շուն եմ, որ ինձ վրա մահակով ես գալիս». և փղշտացին իր աստվածներով նզովեց Դավթին։ Եվ փղշտացին ասաց Դավթին. «Ե՛կ ինձ մոտ, և ես քո մարմինը կտամ երկնքի թռչուններին ու դաշտի գազաններին»։ Եվ Դավիթն ասաց փղշտացուն. «Դու ինձ վրա սրով, նիզակով և տեգով ես գալիս, իսկ ես քեզ վրա գալիս եմ Իսրայելի զորքերի Զորությունների Տիրոջ՝ Աստծու անունով, որին դու նախատեցիր։ Այսօր Տերը քեզ իմ ձեռքը կմատնի, և ես կսպանեմ քեզ ու գլուխդ կկտրեմ քո վրայից և փղշտացիների բանակի դիակներն այսօր կտամ երկնքի թռչուններին ու երկրի գազաններին, որպեսզի ամբողջ երկիրն իմանա, որ Իսրայելն Աստված ունի։ Եվ այս ամբողջ բազմությունն իմանա, որ Տերը սրով ու նիզակով չէ, որ ազատում է, որովհետև այս պատերազմը Տիրոջն է, և նա ձեզ պիտի մատնի մեր ձեռքը»։