Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 17:16-24

Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 17:16-24 ՆՎԱԱ

Եվ այն փղշտացին քառասուն օր առավոտ ու իրիկուն, դուրս էր գալիս, մոտենում ու կանգնում։ Հեսսեն իր որդի Դավթին ասաց. «Այս մեկ արդու խանձած ցորենը և այս տասը հացը վերցրո՛ւ եղբայրներիդ համար և վազի՛ր բանակ՝ եղբայրներիդ մոտ։ Այս տասը գլուխ պանիրն էլ տա՛ր հազարապետի համար և տե՛ս, թե եղբայրներդ ողջ-առո՞ղջ են, և նրանցից նշա՛ն բեր»։ Եվ Սավուղը, նրանք և Իսրայելի բոլոր մարդիկ Էլայի հովտում պատերազմում էին փղշտացիների դեմ։ Դավիթը վաղ առավոտյան վեր կացավ, ոչխարները հանձնեց պահապանին, վերցրեց այն ամենը, ինչ Հեսսեն հրամայել էր իրեն, գնաց։ Եվ երբ հասավ կառքերի տեղը, զորքերը կարգով շարվում էին ճակատամարտի համար և աղաղակում բարձր ձայնով։ Իսրայելն ու փղշտացիները շարվեցին ճակատ առ ճակատ։ Դավիթն իր ձեռքի ամանները հանձնեց ամանների պահապանին և վազեց դեպի զորագունդը, գնաց իր եղբայրներին հարցրեց, թե առո՞ղջ են արդյոք։ Երբ նա խոսում էր նրանց հետ, ահա այն փղշտացի մենամարտիկը՝ Գողիաթ անունով, որը Գեթից էր, դուրս եկավ փղշտացիների գնդերից և կրկնեց իր ասած խոսքերը, և Դավիթը լսեց դրանք։ Երբ Իսրայելի բոլոր մարդիկ տեսան այդ մարդուն, փախան նրա դեմից և շատ վախեցան։