Փղշտացիները հավաքեցին իրենց զորագնդերը պատերազմելու համար և հավաքվեցին Հուդայի Սոքովում ու բանակ դրեցին Սոքովի և Ազեկայի միջև՝ Ափեսդոմմիում։ Սավուղն ու Իսրայելի մարդիկ էլ հավաքվեցին ու բանակ դրեցին Էլայի հովտում և կարգով շարվեցին փղշտացիների դեմ պատերազմելու համար։ Փղշտացիները կանգնել էին սարի վրա մի կողմում, իսրայելացիներն էլ կանգնել էին սարի վրա մյուս կողմում, իսկ նրանց միջև հովիտն էր։ Փղշտացիների բանակից մի գեթացի մենամարտիկ էր դուրս եկել՝ անունը Գողիաթ. նրա հասակի բարձրությունը վեց կանգուն ու մեկ թիզ էր։ Նրա գլխին կար պղնձե մի սաղավարտ, և նա հյուսվածո զրահ էր հագել, ու նրա զրահի կշիռը հինգ հազար սիկղ պղինձ էր։ Նրա ոտքերին պղնձե սռնապաններ կային, ուսերի մեջտեղը՝ պղնձե նիզակ։ Նրա նիզակի բունը նման էր ոստայնանկների գլանի, նիզակի տեգը վեց հարյուր սիկղ երկաթ էր, և նրա վահանակիրը գնում էր նրա առջևից։ Նա կանգնեց և Իսրայելի զորագնդերին կանչելով՝ ասաց. «Ինչո՞ւ եք դուրս եկել և շարվել պատերազմի. մի՞թե ես փղշտացի չեմ, և դուք Սավուղի ծառաները չե՞ք. ձեր միջից մի մա՛րդ ընտրեք, թող իջնի իմ դեմ։ Եթե նա կարողանա մենամարտել ինձ հետ և ինձ սպանի, այն ժամանակ մենք լինենք ձեր ծառաները, իսկ եթե ես հաղթեմ և սպանեմ նրան, այն ժամանակ դուք լինեք մեր ծառաները և ծառայեք մեզ»։ Եվ այդ փղշտացին ասաց. «Ես այսօր նախատեցի Իսրայելի գնդերին. ինձ մի մա՛րդ տվեք, որ մենամարտենք իրար հետ»։ Եվ երբ Սավուղն ու ամբողջ Իսրայելը լսեցին փղշտացու այս խոսքերը, զարհուրեցին և շատ վախեցան։
Դավիթը մի եփրաթացու, այսինքն՝ Հուդայի բեթլեհեմացի Հեսսե անունով մարդու որդին էր. և Հեսսեն ութ որդի ուներ. նա Սավուղի ժամանակի մարդկանց մեջ ծեր մարդ էր համարվում։ Եվ Հեսսեի երեք մեծ որդիները Սավուղի հետ գնացել էին պատերազմի դաշտ. և պատերազմ գնացած երեք որդիների անուններն էին՝ անդրանիկինը՝ Եղիաբ, երկրորդինը՝ Աբինադաբ և երրորդինը՝ Սամաա։ Դավիթը կրտսերն էր, և երեք մեծերը գնացել էին Սավուղի հետ։ Դավիթը, սակայն, Սավուղի մոտից դուրս էր եկել և վերադարձել Բեթլեհեմ, որ արածեցներ իր հոր ոչխարները։ Եվ այն փղշտացին քառասուն օր առավոտ ու իրիկուն, դուրս էր գալիս, մոտենում ու կանգնում։
Հեսսեն իր որդի Դավթին ասաց. «Այս մեկ արդու խանձած ցորենը և այս տասը հացը վերցրո՛ւ եղբայրներիդ համար և վազի՛ր բանակ՝ եղբայրներիդ մոտ։ Այս տասը գլուխ պանիրն էլ տա՛ր հազարապետի համար և տե՛ս, թե եղբայրներդ ողջ-առո՞ղջ են, և նրանցից նշա՛ն բեր»։ Եվ Սավուղը, նրանք և Իսրայելի բոլոր մարդիկ Էլայի հովտում պատերազմում էին փղշտացիների դեմ։ Դավիթը վաղ առավոտյան վեր կացավ, ոչխարները հանձնեց պահապանին, վերցրեց այն ամենը, ինչ Հեսսեն հրամայել էր իրեն, գնաց։ Եվ երբ հասավ կառքերի տեղը, զորքերը կարգով շարվում էին ճակատամարտի համար և աղաղակում բարձր ձայնով։ Իսրայելն ու փղշտացիները շարվեցին ճակատ առ ճակատ։ Դավիթն իր ձեռքի ամանները հանձնեց ամանների պահապանին և վազեց դեպի զորագունդը, գնաց իր եղբայրներին հարցրեց, թե առո՞ղջ են արդյոք։ Երբ նա խոսում էր նրանց հետ, ահա այն փղշտացի մենամարտիկը՝ Գողիաթ անունով, որը Գեթից էր, դուրս եկավ փղշտացիների գնդերից և կրկնեց իր ասած խոսքերը, և Դավիթը լսեց դրանք։ Երբ Իսրայելի բոլոր մարդիկ տեսան այդ մարդուն, փախան նրա դեմից և շատ վախեցան։ Եվ Իսրայելի մարդիկ ասացին. «Տեսնո՞ւմ եք այդ դուրս եկած մարդուն. նա դուրս է եկել Իսրայելին նախատելու։ Ով որ սպանի նրան, թագավորը մեծ հարստությամբ հարստացնելու է նրան և իր աղջկան նրան է տալու և նրա հոր տունը ազատ է դարձնելու Իսրայելի մեջ»։ Եվ Դավիթը խոսեց իր մոտ եղած մարդկանց հետ և ասաց. «Ի՞նչ կանեն այն մարդուն, որ սպանի այս փղշտացուն և վերացնի Իսրայելի նախատինքը։ Ո՞վ է այդ անթլփատ փղշտացին, որ նախատում է կենդանի Աստծու զորքերին»։ Եվ ժողովուրդը նույն խոսքերն ասաց նրան, թե՝ այսպես ու այսպես պիտի լինի այն մարդը, որ սպանի նրան։ Եվ երբ նրա մեծ եղբայր Եղիաբը լսեց նրա խոսելն այդ մարդկանց հետ, Եղիաբի բարկությունը բորբոքվեց Դավթի վրա, և ասաց. «Դու ինչո՞ւ ես իջել այստեղ և անապատում ո՞ւմ ես հանձնել այն մի քանի ոչխարները։ Ես գիտեմ քո գոռոզությունը և քո սրտի չարությունը. դու, անտարակույս, իջել ես ճակատամարտը տեսնելու»։ Դավիթն ասաց. «Հիմա ես ի՞նչ եմ արել. ես միայն հարցնում էի»։ Եվ նրա մոտից դարձավ մի ուրիշ մարդու և նույն խոսքերն ասաց, և ժողովուրդը նախկին խոսքերով պատասխանեց նրան։ Եվ այն խոսքերը, որ Դավիթն ասել էր, լսեցին և երբ հայտնեցին Սավուղին, նրան բերել տվեց։
Դավիթը Սավուղին ասաց. «Թող ոչ մեկի սիրտը չնվաղի այդ մարդու պատճառով. քո ծառան կգնա և կմենամարտի այդ փղշտացու հետ»։ Սավուղը Դավթին ասաց. «Դու չես կարող այդ փղշտացու դեմ գնալ և մենամարտել նրա հետ, դու դեռ պատանի ես, իսկ նա պատերազմի մարդ է մանկությունից ի վեր»։ Եվ Դավիթն ասաց Սավուղին. «Քո ծառան իր հոր ոչխարներն էր արածեցնում, և երբ առյուծ կամ արջ էր գալիս և հոտից ոչխար տանում, ես գնում էի նրա ետևից, զարկում էի նրան և նրա բերանից ազատում, և երբ նա հարձակվում էր ինձ վրա, բռնում էի նրա մորուքից, զարկում էի ու սպանում։ Ծառադ առյուծ էլ է սպանել, արջ էլ. թող այս անթլփատ փղշտացին էլ լինի նրանցից մեկի պես, քանզի նա կենդանի Աստծու զորքերին նախատեց»։ Եվ Դավիթն ասաց. «Տերը, որ ինձ ազատել է առյուծի և արջի ճանկերից, այս փղշտացու ձեռքից էլ կազատի»։ Եվ Սավուղը Դավթին ասաց. «Գնա՛, և Տերը քեզ հետ լինի»։ Եվ Սավուղն իր հանդերձները հագցրեց Դավթին ու նրա գլխին պղնձե սաղավարտ դրեց և զրահ էլ հագցրեց նրան։ Դավիթը հանդերձների վրայից կապեց Սավուղի սուրը և սկսեց ման գալ, որովհետև սովոր չէր. և Դավիթը Սավուղին ասաց. «Սրանցով չեմ կարող ման գալ, որովհետև սովոր չեմ». և Դավիթն իր վրայից հանեց դրանք։
Նա իր մահակը ձեռքն առավ, հեղեղատից հինգ գայլախազ քարեր ջոկեց իր համար և դրանք դրեց իր հովվական ամանի, այսինքն՝ մախաղի մեջ, և պարսատիկը ձեռքին՝ մոտեցավ փղշտացուն։ Փղշտացին էլ եկավ ու մոտեցավ Դավթին, և նրա վահանակիրն էր գնում նրա առջևից։ Եվ երբ փղշտացին նայեց ու տեսավ Դավթին, արհամարհեց նրան, որովհետև Դավիթը շիկահեր և գեղեցկադեմ պատանի էր։ Եվ փղշտացին ասաց Դավթին. «Մի՞թե ես շուն եմ, որ ինձ վրա մահակով ես գալիս». և փղշտացին իր աստվածներով նզովեց Դավթին։ Եվ փղշտացին ասաց Դավթին. «Ե՛կ ինձ մոտ, և ես քո մարմինը կտամ երկնքի թռչուններին ու դաշտի գազաններին»։ Եվ Դավիթն ասաց փղշտացուն. «Դու ինձ վրա սրով, նիզակով և տեգով ես գալիս, իսկ ես քեզ վրա գալիս եմ Իսրայելի զորքերի Զորությունների Տիրոջ՝ Աստծու անունով, որին դու նախատեցիր։ Այսօր Տերը քեզ իմ ձեռքը կմատնի, և ես կսպանեմ քեզ ու գլուխդ կկտրեմ քո վրայից և փղշտացիների բանակի դիակներն այսօր կտամ երկնքի թռչուններին ու երկրի գազաններին, որպեսզի ամբողջ երկիրն իմանա, որ Իսրայելն Աստված ունի։ Եվ այս ամբողջ բազմությունն իմանա, որ Տերը սրով ու նիզակով չէ, որ ազատում է, որովհետև այս պատերազմը Տիրոջն է, և նա ձեզ պիտի մատնի մեր ձեռքը»։ Եվ երբ փղշտացին վեր կացավ ու գալիս էր Դավթի դեմ և մոտեցավ նրան, Դավիթն էլ արագ վազեց պատերազմի ասպարեզը՝ փղշտացուն դիմավորելու։ Եվ Դավիթը իր ձեռքը կոխեց մախաղի մեջ, այնտեղից մի քար առավ և պարսատիկով նետեց այն ու զարկեց փղշտացու ճակատին. քարը խրվեց նրա ճակատի մեջ, և նա երեսնիվայր ընկավ գետին։ Դավիթը քարով ու պարսատիկով այսպես հաղթեց փղշտացուն, զարկեց փղշտացուն և սպանեց նրան, բայց Դավթի ձեռքին սուր չկար։ Եվ Դավիթը վազեց, կանգնեց փղշտացու վրա, բռնեց նրա սուրը, հանեց պատյանից, սրով սպանեց նրան և ապա սրով կտրեց գլուխը։ Եվ երբ փղշտացիները տեսան, որ իրենց հզոր մարդը մեռավ, փախան։ Այդ ժամանակ Իսրայելի և Հուդայի մարդիկ վեր կացան, աղաղակելով հետապնդեցին և հալածեցին փղշտացիներին մինչև հովիտը և մինչև Ակկարոնի դարպասները. և փղշտացիների սպանվածներն ընկան Սագարիմի ճանապարհի վրա և մինչև Գեթ ու Ակկարոն։ Փղշտացիներին հալածելուց հետո Իսրայելի որդիները ետ դառան և կողոպտեցին նրանց բանակատեղին։ Եվ Դավիթը վերցրեց փղշտացու գլուխն ու այն տարավ Երուսաղեմ, իսկ նրա զենքերը դրեց իր վրանի մեջ։