Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 17:1-21

Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 17:1-21 ՆՎԱԱ

Փղշտացիները հավաքեցին իրենց զորագնդերը պատերազմելու համար և հավաքվեցին Հուդայի Սոքովում ու բանակ դրեցին Սոքովի և Ազեկայի միջև՝ Ափեսդոմմիում։ Սավուղն ու Իսրայելի մարդիկ էլ հավաքվեցին ու բանակ դրեցին Էլայի հովտում և կարգով շարվեցին փղշտացիների դեմ պատերազմելու համար։ Փղշտացիները կանգնել էին սարի վրա մի կողմում, իսրայելացիներն էլ կանգնել էին սարի վրա մյուս կողմում, իսկ նրանց միջև հովիտն էր։ Փղշտացիների բանակից մի գեթացի մենամարտիկ էր դուրս եկել՝ անունը Գողիաթ. նրա հասակի բարձրությունը վեց կանգուն ու մեկ թիզ էր։ Նրա գլխին կար պղնձե մի սաղավարտ, և նա հյուսվածո զրահ էր հագել, ու նրա զրահի կշիռը հինգ հազար սիկղ պղինձ էր։ Նրա ոտքերին պղնձե սռնապաններ կային, ուսերի մեջտեղը՝ պղնձե նիզակ։ Նրա նիզակի բունը նման էր ոստայնանկների գլանի, նիզակի տեգը վեց հարյուր սիկղ երկաթ էր, և նրա վահանակիրը գնում էր նրա առջևից։ Նա կանգնեց և Իսրայելի զորագնդերին կանչելով՝ ասաց. «Ինչո՞ւ եք դուրս եկել և շարվել պատերազմի. մի՞թե ես փղշտացի չեմ, և դուք Սավուղի ծառաները չե՞ք. ձեր միջից մի մա՛րդ ընտրեք, թող իջնի իմ դեմ։ Եթե նա կարողանա մենամարտել ինձ հետ և ինձ սպանի, այն ժամանակ մենք լինենք ձեր ծառաները, իսկ եթե ես հաղթեմ և սպանեմ նրան, այն ժամանակ դուք լինեք մեր ծառաները և ծառայեք մեզ»։ Եվ այդ փղշտացին ասաց. «Ես այսօր նախատեցի Իսրայելի գնդերին. ինձ մի մա՛րդ տվեք, որ մենամարտենք իրար հետ»։ Եվ երբ Սավուղն ու ամբողջ Իսրայելը լսեցին փղշտացու այս խոսքերը, զարհուրեցին և շատ վախեցան։ Դավիթը մի եփրաթացու, այսինքն՝ Հուդայի բեթլեհեմացի Հեսսե անունով մարդու որդին էր. և Հեսսեն ութ որդի ուներ. նա Սավուղի ժամանակի մարդկանց մեջ ծեր մարդ էր համարվում։ Եվ Հեսսեի երեք մեծ որդիները Սավուղի հետ գնացել էին պատերազմի դաշտ. և պատերազմ գնացած երեք որդիների անուններն էին՝ անդրանիկինը՝ Եղիաբ, երկրորդինը՝ Աբինադաբ և երրորդինը՝ Սամաա։ Դավիթը կրտսերն էր, և երեք մեծերը գնացել էին Սավուղի հետ։ Դավիթը, սակայն, Սավուղի մոտից դուրս էր եկել և վերադարձել Բեթլեհեմ, որ արածեցներ իր հոր ոչխարները։ Եվ այն փղշտացին քառասուն օր առավոտ ու իրիկուն, դուրս էր գալիս, մոտենում ու կանգնում։ Հեսսեն իր որդի Դավթին ասաց. «Այս մեկ արդու խանձած ցորենը և այս տասը հացը վերցրո՛ւ եղբայրներիդ համար և վազի՛ր բանակ՝ եղբայրներիդ մոտ։ Այս տասը գլուխ պանիրն էլ տա՛ր հազարապետի համար և տե՛ս, թե եղբայրներդ ողջ-առո՞ղջ են, և նրանցից նշա՛ն բեր»։ Եվ Սավուղը, նրանք և Իսրայելի բոլոր մարդիկ Էլայի հովտում պատերազմում էին փղշտացիների դեմ։ Դավիթը վաղ առավոտյան վեր կացավ, ոչխարները հանձնեց պահապանին, վերցրեց այն ամենը, ինչ Հեսսեն հրամայել էր իրեն, գնաց։ Եվ երբ հասավ կառքերի տեղը, զորքերը կարգով շարվում էին ճակատամարտի համար և աղաղակում բարձր ձայնով։ Իսրայելն ու փղշտացիները շարվեցին ճակատ առ ճակատ։

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում