Տիրոջ խոսքն ուղղվեց Սամուելին՝ ասելով. «Զղջացի, որ Սավուղին թագավոր դարձրի, որովհետև ինձնից հեռացավ և չկատարեց իմ խոսքերը»։ Սամուելը տրտմեց և ամբողջ գիշեր աղաղակեց Տիրոջը։ Սամուելն առավոտ կանուխ վեր կացավ, որ Սավուղին դիմավորի. և Սամուելին հաղորդեցին՝ ասելով. «Սավուղը եկել է Կարմեղոս և ահա իր պատվին կոթող է կանգնեցրել, ապա այնտեղից վերադարձել ու իջել է Գաղգաղա»։ Սամուելը գնաց Սավուղի մոտ, և Սավուղը նրան ասաց. «Օրհնյա՜լ լինես Տիրոջից. Տիրոջ խոսքը կատարեցի»։ Եվ Սամուելն ասաց. «Հապա ի՞նչ է ոչխարների այս ձայնը, որ հասնում է ականջիս, և արջառների այս ձայնը, որ լսում եմ ես»։ Եվ Սավուղն ասաց. «Ամաղեկացիներից են բերել դրանց, որովհետև ժողովուրդը խնայեց լավագույն ոչխարներին ու արջառներին, որ նրանց զոհ մատուցեն քո Տեր Աստծուն, իսկ մյուսներին ոչնչացրինք»։ Այդ ժամանակ Սամուելն ասաց Սավուղին. «Սպասի՛ր, որ քեզ պատմեմ այն, ինչ Տերն այս գիշեր խոսեց ինձ հետ»։ Եվ Սավուղն ասաց նրան՝ խոսի՛ր։ Եվ Սամուելն ասաց. «Ահա դու, որ փոքր էիր թվում քո աչքերին, Իսրայելի ցեղերի գլուխ եղար, և Տերը քեզ թագավոր օծեց Իսրայելի վրա։ Եվ Տերը քեզ մեկ առաքելությամբ ուղարկեց ու ասաց. “Գնա՛ և նզովի՛ր այդ մեղավոր ամաղեկացիներին և պատերազմի՛ր նրանց դեմ, մինչև որ բնաջնջես նրանց”։ Եվ ինչո՞ւ չլսեցիր Տիրոջ ձայնին, այլ ավարի վրա հարձակվելով՝ չարիք գործեցիր Տիրոջ առաջ»։ Եվ Սավուղն ասաց Սամուելին. «Հնազանդվեցի Տիրոջ ձայնին և գնացի այն առաքելությամբ, ինչի որ Տերն ինձ ուղարկեց, և բերեցի Ագագին՝ Ամաղեկի թագավորին, և Ամաղեկը բնաջինջ արեցի։ Սակայն ժողովուրդն այդ ավարից ոչխարներ և արջառներ վերցրեց՝ նզովվածներից շատ լավերը, որ Գաղգաղայում քո Տեր Աստծուն զոհեն»։ Եվ Սամուելն ասաց. «Մի՞թե Տիրոջ համար ողջակեզներն ու զոհերը հաճելի են ավելի, քան Տիրոջ ձայնին լսելը։ Հնազանդությունը հաստատապես լավ է զոհից, և ականջ դնելը՝ խոյերի ճարպից։
Կարդալ Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 15
Կիսվել
Համեմատել տարբերակները: Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 15:10-22
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր