Սամուելն ասաց Սավուղին. «Տերն ուղարկեց ինձ՝ քեզ իր Իսրայել ժողովրդի վրա թագավոր օծելու, և հիմա լսի՛ր Տիրոջ խոսքերը։ Այսպես է ասում Զորությունների Տերը. “Ես հիշում եմ, թե ինչ արեց Ամաղեկը Իսրայելին, ինչպես ճանապարհին նրա դեմ ելավ, երբ նա դուրս էր եկել Եգիպտոսից։ Հիմա գնա՛ և ջարդի՛ր Ամաղեկին ու ոչնչացրո՛ւ նրա ամբողջ ունեցվածքը. չխնայես նրանց, կոտորի՛ր բոլորին՝ տղամարդ և կին, երեխա և կաթնակեր, արջառ և ոչխար, ուղտ և էշ”»։
Սավուղը հավաքեց զորքին և հաշվառման հանդես կատարեց Տեղայիմում. հետևակ զորքը երկու հարյուր հազար մարդ էր, տասը հազար էլ Հուդայի մարդկանցից էին։ Եվ Սավուղը գնաց մինչև ամաղեկացիների մի քաղաքի մոտ և դարանամուտ եղավ հեղեղատում։ Սավուղը կենեցիներին ասաց. «Հեռացե՛ք, բաժանվե՛ք, դո՛ւրս եկեք ամաղեկացիների միջից, որ նրանց հետ ձեզ էլ չոչնչացնեմ, որովհետև դուք ողորմած եղաք Իսրայելի բոլոր որդիների նկատմամբ, երբ նրանք դուրս էին գալիս Եգիպտոսից»։ Ուստի կենեցիները բաժանվեցին ամաղեկացիների միջից։ Եվ Սավուղը ջարդեց Ամաղեկի որդիներին Եվիլայից մինչև Եգիպտոսի դիմացի Սուրը։ Եվ ողջ բռնեց Ամաղեկի թագավորին՝ Ագագին, և ամբողջ ժողովրդին սրի բերան քաշելով՝ բնաջնջեց։ Բայց Սավուղը և ժողովուրդը խնայեցին Ագագին և ոչխարների ու արջառների լավերին ու գերերին ու գառներին և այն ամենը, ինչ ընտիր էր, չուզեցին ոչնչացնել, այլ ոչնչացրին բոլոր անարժեք ու անպիտան անասունները։
Տիրոջ խոսքն ուղղվեց Սամուելին՝ ասելով. «Զղջացի, որ Սավուղին թագավոր դարձրի, որովհետև ինձնից հեռացավ և չկատարեց իմ խոսքերը»։ Սամուելը տրտմեց և ամբողջ գիշեր աղաղակեց Տիրոջը։ Սամուելն առավոտ կանուխ վեր կացավ, որ Սավուղին դիմավորի. և Սամուելին հաղորդեցին՝ ասելով. «Սավուղը եկել է Կարմեղոս և ահա իր պատվին կոթող է կանգնեցրել, ապա այնտեղից վերադարձել ու իջել է Գաղգաղա»։
Սամուելը գնաց Սավուղի մոտ, և Սավուղը նրան ասաց. «Օրհնյա՜լ լինես Տիրոջից. Տիրոջ խոսքը կատարեցի»։ Եվ Սամուելն ասաց. «Հապա ի՞նչ է ոչխարների այս ձայնը, որ հասնում է ականջիս, և արջառների այս ձայնը, որ լսում եմ ես»։ Եվ Սավուղն ասաց. «Ամաղեկացիներից են բերել դրանց, որովհետև ժողովուրդը խնայեց լավագույն ոչխարներին ու արջառներին, որ նրանց զոհ մատուցեն քո Տեր Աստծուն, իսկ մյուսներին ոչնչացրինք»։ Այդ ժամանակ Սամուելն ասաց Սավուղին. «Սպասի՛ր, որ քեզ պատմեմ այն, ինչ Տերն այս գիշեր խոսեց ինձ հետ»։ Եվ Սավուղն ասաց նրան՝ խոսի՛ր։ Եվ Սամուելն ասաց. «Ահա դու, որ փոքր էիր թվում քո աչքերին, Իսրայելի ցեղերի գլուխ եղար, և Տերը քեզ թագավոր օծեց Իսրայելի վրա։ Եվ Տերը քեզ մեկ առաքելությամբ ուղարկեց ու ասաց. “Գնա՛ և նզովի՛ր այդ մեղավոր ամաղեկացիներին և պատերազմի՛ր նրանց դեմ, մինչև որ բնաջնջես նրանց”։ Եվ ինչո՞ւ չլսեցիր Տիրոջ ձայնին, այլ ավարի վրա հարձակվելով՝ չարիք գործեցիր Տիրոջ առաջ»։ Եվ Սավուղն ասաց Սամուելին. «Հնազանդվեցի Տիրոջ ձայնին և գնացի այն առաքելությամբ, ինչի որ Տերն ինձ ուղարկեց, և բերեցի Ագագին՝ Ամաղեկի թագավորին, և Ամաղեկը բնաջինջ արեցի։ Սակայն ժողովուրդն այդ ավարից ոչխարներ և արջառներ վերցրեց՝ նզովվածներից շատ լավերը, որ Գաղգաղայում քո Տեր Աստծուն զոհեն»։ Եվ Սամուելն ասաց. «Մի՞թե Տիրոջ համար ողջակեզներն ու զոհերը հաճելի են ավելի, քան Տիրոջ ձայնին լսելը։ Հնազանդությունը հաստատապես լավ է զոհից, և ականջ դնելը՝ խոյերի ճարպից։ Քանզի ապստամբությունը կախարդության մեղքի պես է, և անհնազանդությունը՝ կռապաշտության, և որովհետև դու Տիրոջ խոսքը մերժեցիր, նա էլ քեզ մերժեց, որ դու թագավոր չլինես»։
Եվ Սավուղն ասաց Սամուելին. «Մեղք գործեցի, որ զանց արի Տիրոջ պատվերներն ու քո խոսքերը, որովհետև վախեցա ժողովրդից և լսեցի նրա խոսքը։ Եվ հիմա, աղաչում եմ, ների՛ր իմ հանցանքը և ինձ հետ վերադարձի՛ր, որ երկրպագեմ Տիրոջը»։ Եվ Սամուելն ասաց Սավուղին. «Ես չեմ վերադառնա քեզ հետ. քանի որ դու մերժեցիր Տիրոջ խոսքը, Տերն էլ քեզ է մերժել, որ Իսրայելի վրա թագավոր չլինես»։ Երբ Սամուելը ետ դարձավ, որ գնա, Սավուղը բռնեց նրա վերարկուի ծայրից, որը պատռվեց։ Այդ ժամանակ Սամուելն ասաց նրան. «Տերն այսօր Իսրայելի թագավորությունը պատռեց քո վրայից և այն տվեց քեզանից լավ ընկերոջդ։ Նաև Իսրայելի Ապավենը սուտ չի խոսելու և չի զղջալու, որովհետև նա մարդ չէ, որ զղջա»։ Եվ Սավուղն ասաց. «Մեղք գործեցի. աղաչում եմ, հիմա ժողովրդի ծերերի առաջ և Իսրայելի առաջ պատվի՛ր ինձ և ինձ հետ վերադարձի՛ր, որ երկրպագեմ քո Տեր Աստծուն»։ Եվ Սամուելը վերադարձավ Սավուղի հետ, և Սավուղը երկրպագություն արեց Տիրոջը։
Ապա Սամուելն ասաց. «Ինձ մո՛տ բերեք Ամաղեկի թագավոր Ագագին»։ Եվ Ագագը քնքշությամբ մոտեցավ նրան. և Ագագն ասաց. «Անպատճառ անցել է մահվան դառնությունը»։ Բայց Սամուելն ասաց. «Ինչպես քո սուրը անզավակ թողեց կանանց, այնպես էլ քո մայրը կանանց մեջ անզավակ մնա»։ Եվ Սամուելը Գաղգաղայում, Տիրոջ առաջ կտոր-կտոր արեց Ագագին։
Եվ Սամուելը գնաց Ռամա, իսկ Սավուղը վեր գնաց իր տուն՝ Սավուղի Գաբաա։ Սամուելը մինչև իր մահվան օրը այլևս չտեսավ Սավուղին, սակայն Սամուելը սուգ էր անում Սավուղի համար. և Տերը զղջաց, որ Սավուղին թագավոր էր դարձրել Իսրայելի վրա։