Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 14

14
Հովնաթանի հանդուգն արարքը
1Մի օր Սավուղի որդի Հովնաթանն իր զինակիր պատանուն ասաց. «Եկ անցնենք փղշտացիների պահապան զորքի մոտ, որ այն կողմում է»։ Բայց իր հորը իմաց չտվեց։ 2Եվ Սավուղը նստած էր Գաբաայի սահմանագլխին՝ Մագրոնում, նռնենու տակ, և նրա հետ եղած ժողովուրդը վեց հարյուր մարդ էր։ 3Եվ Սելովում Տիրոջ քահանան Հեղիի որդու՝ Փենեհեսի որդու՝ Իքաբոդի եղբայր Աքիտովբի որդի Աքիան էր, որը եփուդ էր հագնում. և ժողովուրդը չգիտեր, որ Հովնաթանը գնացել է։ 4Եվ այն կիրճերում, որոնց միջով Հովնաթանն ուզում էր անցնել փղշտացիների պահապան զորքի մոտ, մի քարաժայռ կար մի կողմից, և մի ուրիշ քարաժայռ՝ մյուս կողմից, որոնցից մեկի անունը Բազես էր, իսկ մյուսի անունը՝ Սենա։ 5Այդ քարաժայռերից մեկը հյուսիսային կողմից ցցված էր Մաքմասի դիմաց, իսկ մյուսը հարավային կողմից՝ Գաբաայի դիմաց։ 6Եվ Հովնաթանն իր զինակիր պատանուն ասաց. «Եկ անցնենք այս անթլփատների պահապան զորքի մոտ, գուցե Տերը մի բան անի մեզ համար. չէ՞ որ Տիրոջ համար արգելք չկա, որ շատ մարդով էլ ազատի, քչով էլ»։ 7Եվ իր զինակիրը նրան ասաց. «Այն ամենը, ինչ կա սրտիդ մեջ, արա՛. առա՛ջ գնա. ահա ես քո ուզածի պես քեզ հետ եմ»։ 8Եվ Հովնաթանն ասաց. «Հիմա մենք անցնում ենք այդ մարդկանց մոտ. թող երևանք նրանց։ 9Եթե մեզ այսպես ասեն. “Կա՛նգ առեք, մինչև որ մենք գանք ձեզ մոտ”, այն ժամանակ կկանգնենք մեր տեղը և չենք ելնի վեր՝ նրանց մոտ։ 10Բայց եթե այսպես ասեն. “Բարձրացե՛ք մեզ մոտ”, այն ժամանակ կբարձրանանք վեր, որովհետև Տերը նրանց մատնել է մեր ձեռքը, և դա նշան կլինի մեզ համար»։ 11Եվ երբ նրանք երկուսն էլ երևացին փղշտացիների պահապան զորքին, փղշտացիներն ասացին. «Ահա եբրայեցիները դուրս են եկել իրենց թաքնված ծակերից»։ 12Եվ պահապան զորքից Հովնաթանին ու նրա զինակրին պատասխանեցին և ասացին. «Բարձրացե՛ք մեզ մոտ, մենք ձեզ բան ունենք հաղորդելու». և Հովնաթանն իր զինակրին ասաց. «Իմ ետևից վե՛ր ելիր, որովհետև Տերը նրանց մատնել է Իսրայելի ձեռքը»։ 13Եվ Հովնաթանը ձեռքերով ու ոտքերով մագլցեց. նրա զինակիրն էլ՝ նրա ետևից. և փղշտացիներն ընկնում էին Հովնաթանի առջև. նրա զինակիրն էլ նրա ետևից էր սպանում։ 14Եվ այս առաջին կոտորածի ժամանակ Հովնաթանն ու նրա զինակիրը մոտ քսան մարդ սպանեցին՝ կես լծվարի չափ գետնի վրա։ 15Եվ սարսափ ընկավ դաշտում՝ բանակի և ամբողջ ժողովրդի մեջ. պահապան զորքն ու ավարառուներն էլ զարհուրեցին. երկիրը դղրդաց, և Աստծու վախը պատեց նրանց։
Փղշտացիների պարտությունը
16Եվ Սավուղի դետերը Բենիամինի Գաբաայից տեսան, որ ահա այն զորքը հալվում է և գնալով ցրվում։ 17Եվ Սավուղն ասաց իր հետ եղող զորքին. «Նայե՛ք և տեսե՛ք, թե ով է մեզնից գնացել». նայեցին, և տեսան, որ ահա Հովնաթանն ու նրա զինակիրը չկան։ 18Այդ ժամանակ Սավուղն ասաց Աքիային. «Մոտեցրո՛ւ Աստծու տապանակը» (այդ ժամանակ Աստծու տապանակը Իսրայելի որդիների մոտ էր)։ 19Սավուղը դեռ խոսում էր քահանայի հետ, երբ փղշտացիների բանակի մեջ աղաղակն ավելի ու ավելի էր մեծանում. և Սավուղն ասաց քահանային. «Ձեռքդ ե՛տ քաշիր»։ 20Եվ Սավուղն ու իր հետ եղած ամբողջ զորքը հավաքվեցին մեկտեղ և գնացին մինչև պատերազմի դաշտ. և ահա այնտեղ ամեն մարդ սուրն ուղղել էր իր ընկերոջ դեմ, և շատ մեծ խռովություն կար։ 21Եվ այն եբրայեցիները, որոնք առաջ փղշտացիների հետ էին, և որոնք շրջակա երկրներից նրանց հետ բանակ էին եկել, նրանք էլ միացան Սավուղի և Հովնաթանի հետ եղած իսրայելացիներին։ 22Եվ Իսրայելի բոլոր այն մարդիկ, որ թաքնվել էին Եփրեմի սարում, լսեցին, որ փղշտացիները փախչում են, և նրանք նույնպես պատերազմի մեջ մտան։ 23Եվ այդ օրը Տերը ազատեց Իսրայելին, և պատերազմը հասավ մինչև Բեթավան։
Դեպքեր պատերազմից հետո
24Այդ օրը Իսրայելի մարդիկ տագնապեցին, որովհետև Սավուղը ժողովրդին երդվել էր տվել և ասել. «Անիծյալ լինի այն մարդը, որ մինչև իրիկուն հաց ուտի, մինչև որ իմ թշնամիներից վրեժ չառնեմ». և ամբողջ ժողովուրդը բերանը հաց չդրեց։ 25Եվ ամբողջ ժողովուրդը մտավ մի անտառ, որտեղ գետնի վրա մեղր կար։ 26Եվ երբ ժողովուրդը անտառ մտավ, ահա մեղր էր ծորում, բայց ոչ ոք ձեռքը բերանին չմոտեցրեց, որովհետև ժողովուրդը վախենում էր երդումից։ 27Բայց Հովնաթանը չէր լսել, երբ իր հայրը ժողովրդին երդվել էր տվել, և իր ձեռքի գավազանի ծայրը մեկնեց, կոխեց այն մեղրի խորիսխի մեջ և իր ձեռքով բերանը տարավ, ու նրա աչքերը լուսավորվեցին։ 28Այդ ժամանակ ժողովրդից մեկը պատասխանեց և ասաց. «Հայրդ ժողովրդին երդվել է տվել՝ ասելով. “Անիծյալ լինի այն մարդը, որ այսօր հաց կուտի”»։ 29Ժողովուրդը նվաղել էր։ Եվ Հովնաթանն ասաց. «Հայրս ժողովրդին նեղության մեջ է գցել. նայե՛ք, աչքերս լույս ստացան, երբ այս մեղրից մի քիչ կերա։ 30Բայց եթե ժողովուրդն այսօր կերած լիներ իր թշնամուց վերցրած ավարից, փղշտացիների մեջ որչափ ավելի մեծ կոտորած կլիներ»#14.30 Կամ շատ մեծ կոտորած չեղավ։։ 31Եվ այդ օրը փղշտացիներին հարվածեցին Մաքմասից մինչև Այեղոն, իսկ ժողովուրդը նվաղել էր։ 32Եվ ժողովուրդը հարձակվեց ավարի վրա, վերցրին և՛ ոչխարները, և՛ արջառները, և՛ հորթերը, մորթեցին գետնի վրա, և ժողովուրդն արյունով էլ կերավ։ 33Եվ Սավուղին իմաց տվին ու ասացին. «Ահա ժողովուրդը մեղանչում է Տիրոջ դեմ, որովհետև արյունով է ուտում»։ Եվ նա ասաց. «Անօրենություն եք արել. հիմա ինձ համար մի մեծ քա՛ր գլորեք»։ 34Եվ Սավուղն ասաց. «Ժողովրդի մեջ ցրվե՛ք և նրանց ասացե՛ք. “Թող ամեն մարդ իր արջառը և իր ոչխարը բերի ինձ մոտ, և այստեղ մորթեք ու կերե՛ք և արյունով ուտելով Տիրոջ դեմ մեղք մի՛ գործեք”»։ Եվ ամբողջ ժողովուրդը՝ ամեն մարդ, այդ գիշեր իր արջառը իր ձեռքով բերեց և այնտեղ մորթեց։ 35Սավուղը Տիրոջ համար զոհասեղան շինեց, և սա առաջին զոհասեղանն էր, որ նա շինեց Տիրոջ համար։ 36Բայց Սավուղն ասաց. «Գիշերը իջնենք, հետապնդենք փղշտացիներին, մինչև առավոտ՝ լույսը բացվելը, նրանց կողոպտենք և նրանցից ոչ մի մարդ չթողնենք». և նրանք ասացին. «Արա՛ այն, ինչ հաճելի է քեզ»։ Եվ քահանան ասաց. «Այստեղ մոտենանք Աստծուն»։ 37Եվ Սավուղն Աստծուն հարցրեց, թե՝ «Իջնե՞մ, հետապնդե՞մ փղշտացիներին, նրանց կմատնե՞ս Իսրայելի ձեռքը»։ Բայց Տերը այդ օրը չպատասխանեց նրան։ 38Այն ժամանակ Սավուղն ասաց. «Մոտեցե՛ք այստեղ, ժողովրդի բոլոր իշխաննե՛ր, իմացե՛ք և տեսե՛ք, թե այսօր այս մեղքն ո՛ւմն է, 39քանզի կենդանի է Իսրայելն ազատող Տերը, և եթե իմ որդի Հովնաթանինն էլ լինի, անպատճառ պիտի մեռնի»։ Եվ ամբողջ ժողովրդից ոչ ոք չպատասխանեց նրան։ 40Այն ժամանակ նա ամբողջ Իսրայելին ասաց. «Դուք մի կո՛ղմ կանգնեք, իսկ ես և իմ որդի Հովնաթանը կկանգնենք մյուս կողմը». և ժողովուրդը Սավուղին ասաց. «Քեզ հաճելի եղա՛ծն արա»։ 41Եվ Սավուղն Իսրայելի Տեր Աստծուն ասաց. «Ցո՛ւյց տուր ճշմարիտը#14.41 Եբր. կատարելություն։»։ Սավուղը և Հովնաթանը բռնվեցին վիճակով, իսկ ժողովուրդն ազատ մնաց։ 42Սավուղն ասաց. «Վիճա՛կ գցեք ինձ վրա և իմ որդի Հովնաթանի վրա», և Հովնաթանը բռնվեց։ 43Եվ Սավուղը Հովնաթանին ասաց. «Հայտնի՛ր ինձ, թե ինչ ես արել». և Հովնաթանը նրան հայտնեց ու ասաց. «Ձեռքիս գավազանի ծայրով մի քիչ մեղր եմ կերել. ահավասիկ ես պիտի մեռնեմ»։ 44Եվ Սավուղն ասաց. «Թող Աստված ինձ այսպես ու սրանից էլ ավելին անի. դու, Հովնաթա՛ն, այսօր անպատճառ պիտի մեռնես»։ 45Բայց ժողովուրդը Սավուղին ասաց. «Հովնաթա՞նը պիտի մեռնի, որն այսօր Իսրայելին տվեց այս մեծ փրկությունը. քա՛վ լիցի, կենդանի է Տերը, և նրա գլխի մեկ մազն անգամ գետին չպիտի ընկնի, որովհետև այսօր Աստծով է գործել»։ Այսպես ժողովուրդն ազատեց Հովնաթանին, և նա չմեռավ։ 46Եվ Սավուղը վերադարձավ փղշտացիներին հետապնդելուց, փղշտացիներն էլ գնացին իրենց տեղը։
Սավուղի իշխանությունն ու ընտանիքը
47Սավուղն սկսեց թագավորել Իսրայելի վրա և պատերազմեց շրջակա բոլոր թշնամիների դեմ, այսինքն՝ Մովաբի դեմ և Ամմոնի որդիների դեմ, Եդովմի դեմ, Սուբիայի թագավորների դեմ ու փղշտացիների դեմ. դեպի որ կողմն էլ դառնում էր, հաղթություն էր տանում։ 48Նա քաջություն արեց#14.48 Կամ զորք հավաքեց։ և զարկեց Ամաղեկին ու Իսրայելն ազատեց իր կողոպտիչների ձեռքից։
49Սավուղի որդիներն էին Հովնաթանը, Հեսուին և Մեղքիսավեն, իսկ նրա երկու աղջիկների անուններն էին՝ առաջինի անունը՝ Մերովբ, իսկ փոքրի անունը Մեղքող էր։ 50Սավուղի կնոջ անունը Աքինոամ էր՝ Աքիմաասի աղջիկը։ Նրա զորավարի անունը Աբեններ էր՝ Սավուղի հորեղբոր՝ Ների որդին։ 51Կիսը՝ Սավուղի հայրը, և Ները՝ Աբենների հայրը, Աբիելի որդիներն էին։ 52Եվ Սավուղի բոլոր օրերին սաստիկ պատերազմ կար փղշտացիների դեմ, և Սավուղն իր տեսած ամեն մի ուժեղ մարդու և ամեն մի քաջ մարդու հավաքում էր իր մոտ։

Արդեն Ընտրված.

Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 14: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք