Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 13:5-14

Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 13:5-14 ՆՎԱԱ

Փղշտացիներն էլ հավաքվեցին պատերազմելու Իսրայելի դեմ. երեսուն հազար կառք ունեին և վեց հազար ձիավոր, իսկ զորքը ծովեզրի ավազի չափ շատ էր. բարձրացան ու բանակ դրեցին Մաքմասում՝ Բեթավանի արևելյան կողմը։ Եվ Իսրայելի մարդիկ տեսան, որ իրենք նեղության մեջ են, և որ ժողովուրդը տագնապած է, թաքնվեցին քարայրներում, թփերի մեջ, ժայռերում, խրամատներում ու փոսերում։ Եվ եբրայեցիներից ոմանք անցան Հորդանան գետը և գնացին Գադի ու Գաղաադի երկիրը, բայց Սավուղը դեռ Գաղգաղայում էր, և ամբողջ բանակը, վախից դողալով, հետևում էր նրան։ Եվ նա Սամուելի որոշած ժամանակի չափ՝ յոթ օր սպասեց, բայց Սամուելը Գաղգաղա չեկավ, և ժողովուրդը սկսեց ցրվել նրա մոտից։ Եվ Սավուղն ասաց. «Ինձ մո՛տ բերեք ողջակեզն ու խաղաղության զոհը», և ինքը մատուցեց ողջակեզը։ Եվ երբ վերջացրեց ողջակեզը մատուցելը, այդ ժամանակ էլ եկավ Սամուելը, և Սավուղն ընդառաջ գնաց նրան դիմավորելու և բարևելու նրան։ Եվ Սամուելն ասաց. «Այս ի՞նչ ես արել»։ Եվ Սավուղն ասաց. «Տեսա, որ ժողովուրդը ցրվում է իմ մոտից, իսկ դու չեկար քո որոշած օրերին, և փղշտացիներն էլ հավաքված են Մաքմասում, այն ժամանակ մտածեցի, որ փղշտացիները հիմա ինձ վրա կիջնեն Գաղգաղա, իսկ ես դեռ աղոթք չեմ արել Տիրոջ առաջ, դրա համար էլ հարկադրված եղա մատուցելու ողջակեզը»։ Եվ Սամուելն ասաց Սավուղին. «Դու հիմարություն ես արել, որ չես պահել քո Տեր Աստծու պատվիրանը, որ նա պատվիրել էր քեզ. որովհետև հիմա Տերը պիտի հավիտյան հաստատեր քո թագավորությունը Իսրայելի վրա։ Բայց հիմա քո թագավորությունը հաստատուն չի լինելու։ Տերն իր համար իր սրտի համաձայն մի մարդ է փնտրում և Տերը նրան իշխան պիտի նշանակի իր ժողովրդի վրա, որովհետև դու չպահեցիր այն, ինչ Տերը պատվիրել էր քեզ»։