Սավուղը .... տարեկան էր, երբ թագավոր եղավ։ Եվ երբ Իսրայելում երկու տարի թագավորեց, Սավուղը Իսրայելից երեք հազար մարդ ընտրեց իր համար։ Երկու հազարը Սավուղի հետ Մաքմասում և Բեթելի լեռնային շրջանում էին, հազարը Հովնաթանի հետ Բենիամինի Գաբաայում էին, իսկ մնացած ժողովրդին ուղարկեց, ամեն մեկին՝ իր վրանը։
Եվ Հովնաթանը ջարդեց փղշտացիների պահապան զորքերին, որ Գաբաայում էին, և փղշտացիները լսեցին այդ մասին։ Եվ Սավուղը փող փչել տվեց ամբողջ երկրում և ասաց. «Եբրայեցիները թող լսեն»։ Եվ ամբողջ Իսրայելը լսեց, որ Սավուղը ջարդել է փղշտացիների պահապան զորքերին, և Իսրայելն ատելի է դարձել փղշտացիներին. և ժողովուրդը հավաքվեց Գաղգաղայում՝ Սավուղի մոտ։ Փղշտացիներն էլ հավաքվեցին պատերազմելու Իսրայելի դեմ. երեսուն հազար կառք ունեին և վեց հազար ձիավոր, իսկ զորքը ծովեզրի ավազի չափ շատ էր. բարձրացան ու բանակ դրեցին Մաքմասում՝ Բեթավանի արևելյան կողմը։ Եվ Իսրայելի մարդիկ տեսան, որ իրենք նեղության մեջ են, և որ ժողովուրդը տագնապած է, թաքնվեցին քարայրներում, թփերի մեջ, ժայռերում, խրամատներում ու փոսերում։ Եվ եբրայեցիներից ոմանք անցան Հորդանան գետը և գնացին Գադի ու Գաղաադի երկիրը, բայց Սավուղը դեռ Գաղգաղայում էր, և ամբողջ բանակը, վախից դողալով, հետևում էր նրան։
Եվ նա Սամուելի որոշած ժամանակի չափ՝ յոթ օր սպասեց, բայց Սամուելը Գաղգաղա չեկավ, և ժողովուրդը սկսեց ցրվել նրա մոտից։ Եվ Սավուղն ասաց. «Ինձ մո՛տ բերեք ողջակեզն ու խաղաղության զոհը», և ինքը մատուցեց ողջակեզը։ Եվ երբ վերջացրեց ողջակեզը մատուցելը, այդ ժամանակ էլ եկավ Սամուելը, և Սավուղն ընդառաջ գնաց նրան դիմավորելու և բարևելու նրան։ Եվ Սամուելն ասաց. «Այս ի՞նչ ես արել»։ Եվ Սավուղն ասաց. «Տեսա, որ ժողովուրդը ցրվում է իմ մոտից, իսկ դու չեկար քո որոշած օրերին, և փղշտացիներն էլ հավաքված են Մաքմասում, այն ժամանակ մտածեցի, որ փղշտացիները հիմա ինձ վրա կիջնեն Գաղգաղա, իսկ ես դեռ աղոթք չեմ արել Տիրոջ առաջ, դրա համար էլ հարկադրված եղա մատուցելու ողջակեզը»։ Եվ Սամուելն ասաց Սավուղին. «Դու հիմարություն ես արել, որ չես պահել քո Տեր Աստծու պատվիրանը, որ նա պատվիրել էր քեզ. որովհետև հիմա Տերը պիտի հավիտյան հաստատեր քո թագավորությունը Իսրայելի վրա։ Բայց հիմա քո թագավորությունը հաստատուն չի լինելու։ Տերն իր համար իր սրտի համաձայն մի մարդ է փնտրում և Տերը նրան իշխան պիտի նշանակի իր ժողովրդի վրա, որովհետև դու չպահեցիր այն, ինչ Տերը պատվիրել էր քեզ»։
Եվ Սամուելը վեր կացավ ու Գաղգաղայից գնաց Բենիամինի երկիրը՝ Գաբաա։ Սավուղն էլ հաշվեց իր մոտ գտնվող ժողովրդին. մոտ վեց հարյուր մարդ էին։