Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 1:8-28

Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 1:8-28 ՆՎԱԱ

Եվ ամուսինը՝ Եղկանան, նրան ասաց. «Աննա՛, ինչո՞ւ ես լաց լինում, ինչո՞ւ չես ուտում, և ինչո՞ւ է սիրտդ տրտում. մի՞թե ես քեզ համար տասը որդուց լավ չեմ»։ Եվ Աննան Սելովում ուտելուց և խմելուց հետո վեր կացավ (իսկ Հեղի քահանան նստել էր մի աթոռի վրա՝ Տիրոջ տաճարի սեմի մոտ). և նա տրտմալից հոգով աղոթեց Տիրոջը և շատ լաց եղավ։ Եվ ուխտ արավ ու ասաց. «Ո՜վ Զորությունների Տեր, եթե դու նայես քո աղախնի նեղությանը և հիշես ինձ ու չմոռանաս քո աղախնին և քո աղախնին արու զավակ տաս, ես նրան կնվիրեմ Տիրոջը՝ իր կյանքի բոլոր օրերին, և ածելի չի դիպչի նրա գլխին»։ Եվ մինչ նա երկար աղոթում էր Տիրոջ առաջ, Հեղին նայում էր նրա բերանին։ Աննան խոսում էր իր սրտից. միայն շրթունքներն էին շարժվում, բայց ձայնը չէր լսվում, և Հեղին կարծեց, թե նա հարբած է։ Եվ Հեղին նրան ասաց. «Մինչև ե՞րբ պիտի հարբած մնաս. սթափվի՛ր գինովությունից»։ Եվ Աննան պատասխանեց ու ասաց. «Ո՛չ, տե՛ր իմ, ես վշտացած սրտով կին եմ, գինի չեմ խմել և կամ օղի, այլ իմ սիրտն եմ բացել Տիրոջ առաջ։ Քո աղախնին չար կին մի՛ համարիր, որովհետև իմ բազում վշտերից և նեղություններից է, որ մինչև հիմա խոսեցի»։ Այդ ժամանակ Հեղին պատասխանեց և ասաց. «Գնա՛ խաղաղությամբ, և թող Իսրայելի Աստվածը քեզ տա այն, ինչ խնդրեցիր նրանից»։ Եվ նա ասաց. «Թող քո աղախինը շնորհ գտնի քո առաջ»։ Եվ կինը գնաց իր ճանապարհով և կերավ, և երեսն այլևս տրտում չէր։ Նրանք առավոտ կանուխ վեր կացան, երկրպագեցին Տիրոջ առաջ և վերադարձան Ռամա ու գնացին իրենց տուն։ Եղկանան մերձեցավ իր Աննա կնոջը, և Տերը հիշեց նրան։ Աննան հղիացավ, և երբ օրը հասավ, մի տղա ծնեց և նրա անունը դրեց Սամուել՝ ասելով. «Տիրոջից խնդրեցի նրան»։ Եվ նրա ամուսինը՝ Եղկանան, իր ամբողջ ընտանիքով ելավ Սելով՝ տարեկան զոհը մատուցելու և իր ուխտը կատարելու Տիրոջ առաջ։ Բայց Աննան չգնաց՝ իր ամուսնուն ասելով. «Կնստեմ, մինչև երեխան կտրվի կաթից, հետո կտանեմ նրան, որ երևա Տիրոջ առջև և միշտ մնա այնտեղ»։ Եվ նրա ամուսինը՝ Եղկանան, նրան ասաց. «Արա՛ այն, ինչ հաճելի է քո աչքին. նստի՛ր, մինչև նրան կտրես կաթից, միայն թե թող Տերը հաստատի իր խոսքը»։ Ուստի կինը նստեց և մինչև երեխային կաթից կտրելը սնում էր նրան։ Եվ հենց որ կաթից կտրեց նրան, իր հետ վերցրեց նրան և երեք զվարակ, մի արդու ալյուր և մի տիկ գինի ու նրան տարավ Սելով՝ Տիրոջ տունը, թեև տղան փոքր էր։ Եվ զվարակը մորթեցին, և տղային տարան Հեղիի մոտ։ Եվ Աննան ասաց. «Օ՜հ, տե՛ր իմ, ահա կենդանի է քո անձը. ես այն կինն եմ, որ այստեղ կանգնել էի քեզ մոտ՝ Տիրոջն աղոթելու համար։ Ես աղոթեցի այս տղայի համար, և Տերը կատարեց իմ խնդրանքը. ինձ տվեց այն, ինչ խնդրեցի նրանից։ Հիմա էլ ես Տիրոջն եմ տալիս նրան, և թող իր ողջ կյանքում նա փոխ տրված լինի Տիրոջը»։ Եվ նա այնտեղ երկրպագեց Տիրոջը։

Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 1:8-28 հետ կապված անվճար Ընթերցանության ծրագրեր և Շինության խոսքեր