Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 1:1-11

Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 1:1-11 ՆՎԱԱ

Արիմաթեմ-Սոփիմից՝ Եփրեմի լեռնային շրջանից, մի մարդ կար՝ անունը Եղկանա։ Նա եփրաթացի Սուփիի որդի Թովայի որդի Եղիուսի որդի Հերոամի որդին էր։ Նա երկու կին ուներ. մեկի անունը՝ Աննա, իսկ մյուսինը՝ Փենանա։ Եվ Փենանան զավակներ ուներ, բայց Աննան զավակ չուներ։ Այդ մարդն ամեն տարի իր քաղաքից ելնում էր Սելով՝ երկրպագելու և զոհ մատուցելու Զորությունների Տիրոջը. և Հեղիի երկու որդիները՝ Ոփնին և Փենեհեսը, այնտեղ Տիրոջ քահանաներն էին։ Եղկանան իր զոհ մատուցած օրը բաժիններ տվեց իր կին Փենանային և նրա որդիներին ու աղջիկներին, իսկ Աննային երևելի բաժին տվեց, որովհետև սիրում էր Աննային, սակայն Տերը փակել էր նրա արգանդը։ Բայց նրա նախանձորդը՝ Փենանան, վրդովում էր նրան և վշտացնում, քանի որ Տերը փակել էր նրա արգանդը։ Եղկանան այդպես էր անում ամեն տարի Տիրոջ տունը գնալիս. Փենանան նույնպես վշտացնում էր նրան, և Աննան լաց էր լինում ու ոչինչ չէր ուտում։ Եվ ամուսինը՝ Եղկանան, նրան ասաց. «Աննա՛, ինչո՞ւ ես լաց լինում, ինչո՞ւ չես ուտում, և ինչո՞ւ է սիրտդ տրտում. մի՞թե ես քեզ համար տասը որդուց լավ չեմ»։ Եվ Աննան Սելովում ուտելուց և խմելուց հետո վեր կացավ (իսկ Հեղի քահանան նստել էր մի աթոռի վրա՝ Տիրոջ տաճարի սեմի մոտ). և նա տրտմալից հոգով աղոթեց Տիրոջը և շատ լաց եղավ։ Եվ ուխտ արավ ու ասաց. «Ո՜վ Զորությունների Տեր, եթե դու նայես քո աղախնի նեղությանը և հիշես ինձ ու չմոռանաս քո աղախնին և քո աղախնին արու զավակ տաս, ես նրան կնվիրեմ Տիրոջը՝ իր կյանքի բոլոր օրերին, և ածելի չի դիպչի նրա գլխին»։

Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 1:1-11 հետ կապված անվճար Ընթերցանության ծրագրեր և Շինության խոսքեր