Ա Պետրոս 4:12-19

Ա Պետրոս 4:12-19 ՆՎԱԱ

Սիրելինե՛ր, տարօրինակ մի՛ համարեք այն այրող նեղությունը, որ ձեզ փորձելու համար է, իբրև թե մի տարօրինակ բան է ձեզ պատահել։ Այլ ուրա՛խ եղեք որպես Քրիստոսի չարչարանքին մասնակիցներ, որպեսզի նրա փառքի հայտնության ժամանակ էլ ցնծալով ուրախանաք։ Եթե Քրիստոսի անվան համար նախատվեք, երանելի եք, որովհետև փառքի և Աստծու Հոգին հանգչում է ձեզ վրա։ Ձեզանից ոչ ոք թող չչարչարվի որպես մարդասպան կամ գող, որպես չարագործ կամ որպես ուրիշի գործերին խառնվող։ Բայց եթե որպես քրիստոնյա չարչարվի, թող չամաչի և փառավորի Աստծուն այդ անունով։ Որովհետև ժամանակն է, որ դատաստանն Աստծու տնից սկսվի, բայց եթե այն նախ մեզանից սկսվի, ապա ի՞նչ կլինի նրանց վերջը, ովքեր Աստծու Ավետարանին անհնազանդ են։ Եվ եթե արդարն է հազիվ փրկվում, ապա ամբարիշտին ու մեղավորին ի՞նչ պիտի պատահի ։ Ուստի Աստծու կամքի համաձայն չարչարվողները թող իրենց հոգիները հավատարիմ Ստեղծողին հանձնեն բարեգործություն անելով։