Ա Պետրոս 4:1-19

Ա Պետրոս 4:1-19 ՆՎԱԱ

Արդ ինչպես Քրիստոսը, որ մարմնով մեզ համար չարչարվեց, դուք էլ նույն մտքո՛վ զինվեք, որովհետև մարմնով չարչարվողը դադարում է մեղանչելուց, որպեսզի մարմնի մեջ մնացած ժամանակ այլևս ոչ թե մարդկանց ցանկությունների համաձայն, այլ Աստծու կամքի համաձայն ապրեք։ Որովհետև բավական է, որ մեր կյանքի անցած ժամանակը հեթանոսների կամքը կատարեցինք՝ ընթանալով գիջությամբ, ցանկություններով, գինեմոլությամբ, անառակություններով, արբեցությամբ և անօրեն կռապաշտություններով։ Դրա համար զարմանում են, որ դուք նրանց հետ նույն անկարգ զեխության մեջ չեք ընթանում, և հայհոյում են. նրանք պետք է հաշիվ տան նրան, ով պատրաստ է ողջերին ու մեռածներին դատաստան անելու։ Որովհետև հենց սրա համար մեռելներին ևս ավետարանվեց, որպեսզի մարդկանց կողմից մարմնով դատվեն, բայց Աստծու կողմից հոգով կենդանի լինեն։ Մոտեցել է ամեն ինչի վերջը, ուրեմն խոհե՛մ մնացեք և արթո՛ւն եղեք աղոթքների համար։ Ամեն ինչից առաջ միմյանց նկատմամբ ջերմ սե՛ր ունեցեք, որովհետև սերը ծածկում է մեղքերի շատությունը։ Միմյանց նկատմամբ հյուրասե՛ր եղեք՝ առանց տրտնջալու։ Յուրաքանչյուր ոք ինչ շնորհ ընդունել է, այն իրա՛ր մատակարարեք որպես Աստծու զանազան շնորհների բարի տնտեսներ։ Եթե մեկը խոսում է, թող Աստծու խոսքի պես լինի, եթե մեկը մատակարարում է, թող դա լինի այն զորությունից, որ Աստված է շնորհում, որպեսզի ամեն բանում Աստված փառավորվի Հիսուս Քրիստոսի միջոցով, որին փա՜ռք և զորությո՜ւն հավիտյանս հավիտենից։ Ամեն։ Սիրելինե՛ր, տարօրինակ մի՛ համարեք այն այրող նեղությունը, որ ձեզ փորձելու համար է, իբրև թե մի տարօրինակ բան է ձեզ պատահել։ Այլ ուրա՛խ եղեք որպես Քրիստոսի չարչարանքին մասնակիցներ, որպեսզի նրա փառքի հայտնության ժամանակ էլ ցնծալով ուրախանաք։ Եթե Քրիստոսի անվան համար նախատվեք, երանելի եք, որովհետև փառքի և Աստծու Հոգին հանգչում է ձեզ վրա։ Ձեզանից ոչ ոք թող չչարչարվի որպես մարդասպան կամ գող, որպես չարագործ կամ որպես ուրիշի գործերին խառնվող։ Բայց եթե որպես քրիստոնյա չարչարվի, թող չամաչի և փառավորի Աստծուն այդ անունով։ Որովհետև ժամանակն է, որ դատաստանն Աստծու տնից սկսվի, բայց եթե այն նախ մեզանից սկսվի, ապա ի՞նչ կլինի նրանց վերջը, ովքեր Աստծու Ավետարանին անհնազանդ են։ Եվ եթե արդարն է հազիվ փրկվում, ապա ամբարիշտին ու մեղավորին ի՞նչ պիտի պատահի ։ Ուստի Աստծու կամքի համաձայն չարչարվողները թող իրենց հոգիները հավատարիմ Ստեղծողին հանձնեն բարեգործություն անելով։