Ա Պետրոս 4:1-11

Ա Պետրոս 4:1-11 ՆՎԱԱ

Արդ ինչպես Քրիստոսը, որ մարմնով մեզ համար չարչարվեց, դուք էլ նույն մտքո՛վ զինվեք, որովհետև մարմնով չարչարվողը դադարում է մեղանչելուց, որպեսզի մարմնի մեջ մնացած ժամանակ այլևս ոչ թե մարդկանց ցանկությունների համաձայն, այլ Աստծու կամքի համաձայն ապրեք։ Որովհետև բավական է, որ մեր կյանքի անցած ժամանակը հեթանոսների կամքը կատարեցինք՝ ընթանալով գիջությամբ, ցանկություններով, գինեմոլությամբ, անառակություններով, արբեցությամբ և անօրեն կռապաշտություններով։ Դրա համար զարմանում են, որ դուք նրանց հետ նույն անկարգ զեխության մեջ չեք ընթանում, և հայհոյում են. նրանք պետք է հաշիվ տան նրան, ով պատրաստ է ողջերին ու մեռածներին դատաստան անելու։ Որովհետև հենց սրա համար մեռելներին ևս ավետարանվեց, որպեսզի մարդկանց կողմից մարմնով դատվեն, բայց Աստծու կողմից հոգով կենդանի լինեն։ Մոտեցել է ամեն ինչի վերջը, ուրեմն խոհե՛մ մնացեք և արթո՛ւն եղեք աղոթքների համար։ Ամեն ինչից առաջ միմյանց նկատմամբ ջերմ սե՛ր ունեցեք, որովհետև սերը ծածկում է մեղքերի շատությունը։ Միմյանց նկատմամբ հյուրասե՛ր եղեք՝ առանց տրտնջալու։ Յուրաքանչյուր ոք ինչ շնորհ ընդունել է, այն իրա՛ր մատակարարեք որպես Աստծու զանազան շնորհների բարի տնտեսներ։ Եթե մեկը խոսում է, թող Աստծու խոսքի պես լինի, եթե մեկը մատակարարում է, թող դա լինի այն զորությունից, որ Աստված է շնորհում, որպեսզի ամեն բանում Աստված փառավորվի Հիսուս Քրիստոսի միջոցով, որին փա՜ռք և զորությո՜ւն հավիտյանս հավիտենից։ Ամեն։

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում