Ա Պետրոս 3:1-12

Ա Պետրոս 3:1-12 ՆՎԱԱ

Նույնպես և դուք, կանա՛յք, հնազա՛նդ եղեք ձեր ամուսիններին, որպեսզի եթե նրանցից ոմանք էլ անհնազանդ լինեն խոսքին, կանանց վարքի շնորհիվ առանց խոսքի շահեն՝ տեսնելով ձեր՝ երկյուղածությամբ պարկեշտ վարքը։ Ձեր զարդարանքը թող չլինի արտաքինը՝ մազերը հյուսելը, ոսկեղեն դնելը կամ շքեղ զգեստներ հագնելը, այլ ներքինը՝ սրտի ծպտված մարդը՝ հեզ և հանդարտ հոգու անեղծությամբ, որն Աստծու առաջ առավել արժեքավոր է։ Որովհետև մի ժամանակ այդպես էին զարդարվում իրենց հույսն Աստծու վրա դրած սուրբ կանայք, որոնք հնազանդվում էին իրենց ամուսիններին, ինչպես Սառան, որ հնազանդ էր Աբրահամին՝ նրան «տեր» կոչելով. նա ձեզ զավակներ դարձրեց, որպեսզի բարեգործ լինեք ու ոչնչից չվախենաք։ Նույնպես և դուք, ամուսիննե՛ր, նրանց հետ խոհեմությա՛մբ ապրեք, կնոջը որպես դյուրաբեկ անոթի՛ վերաբերվեք, պատվե՛ք իբրև կյանքի շնորհի ժառանգակիցների, որպեսզի ձեր աղոթքներին արգելք չլինի։ Եվ վերջապես, բոլորդ եղե՛ք համախոհ, կարեկից, եղբայրասեր, բարեգութ, խոնարհ։ Չարի դիմաց չար մի՛ հատուցեք կամ բամբասանքի դիմաց՝ բամբասանք, այլ ընդհակառակը, օրհնե՛ք, որովհետև հենց նրա համար եք կանչվել, որ օրհնությունը ժառանգեք։ Որովհետև «Ով ուզում է սիրել և լավ օրեր տեսնել, թող լռեցնի իր լեզուն չար բաներ խոսելուց, և իր շրթունքները՝ նենգություն խոսելուց։ Թող չարից հետ քաշվի և բարին գործի, խաղաղություն փնտրի և դրան հետևի։ Որովհետև Տիրոջ աչքերն արդարների վրա են, ու նրա ականջները՝ դեպի նրանց աղոթքը, բայց Տիրոջ երեսը չարագործների դեմ է» ։

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում