մոտ եք կենդանի Վեմին, որը թեև մարդկանցից մերժված է, բայց Աստծու առաջ ընտրյալ ու պատվական է։ Իսկ դուք կենդանի քարերի պես կառուցվում եք որպես հոգևոր տաճար սուրբ քահանայության համար, որպեսզի Հիսուս Քրիստոսի միջոցով Աստծուն բարեհաճ հոգևոր զոհեր մատուցեք։ Որովհետև Գրքում էլ կա.
«Ահա Սիոնում դնում եմ
ընտիր, պատվական անկյունաքար,
և նրան հավատացողը չպիտի ամաչի» ։
Արդ ձեզ՝ հավատացյալներիդ համար պատվական է, իսկ անհավատների համար
այն քարը, որ կառուցողները մերժեցին,
անկյունաքար եղավ ,
և
գլորման քար,
գայթակղության վեմ,
որով գայթակղվում են՝ խոսքին չհավատալով, որի համար սահմանված էին։
Բայց դուք ընտիր ցեղ եք, թագավորական քահանայություն, սուրբ ազգ, սեփական ժողովուրդ, որպեսզի նրա՛ առաքինությունները քարոզեք, ով ձեզ խավարից դեպի իր սքանչելի լույսը կանչեց։
Որովհետև դուք ժամանակին ժողովուրդ չէիք, բայց հիմա Աստծու ժողովուրդ եք, որ ողորմություն չէիք գտել, բայց հիմա արժանացել եք ողորմության։
Սիրելինե՛ր, աղաչում եմ ձեզ՝ իբրև պանդուխտների և օտարականների, հեռո՛ւ մնացեք մարմնական ցանկություններից, որոնք կռվում են հոգու դեմ։ Հեթանոսների մեջ լավ վա՛րք ունեցեք, որպեսզի այն բանում, ինչում ձեզ իբրև չարագործների բամբասում են, ձեր բարի գործերը տեսնելով՝ փառավորեն Աստծուն այցելության օրը։
Արդ հանուն Տիրոջ հնազա՛նդ եղեք մարդկային ամեն իշխանության՝ թե՛ թագավորին՝ որպես գերագույնի, թե՛ կառավարիչներին, ինչպես նրա կողմից ուղարկվածների՝ չարագործներին պատժելու, իսկ բարեգործներին գովելու համար։ Որովհետև Աստծու կամքն այն է, որ բարիք գործելով լռեցնեք անխելք մարդկանց տգիտությունը։ Որպես ազատնե՛ր եղեք և ոչ թե ազատությամբ իբրև չարության քողարկողներ, այլ ինչպես Աստծու ծառանե՛ր եղեք։ Բոլորին պատվե՛ք, եղբայրությունը սիրե՛ք, Աստծուց վախեցե՛ք, թագավորին պատվե՛ք։
Ծառաները թող ամենայն երկյուղով հնազանդ լինեն տերերին, ոչ միայն բարիներին ու հեզաբարոներին, այլ նաև ժանտաբարոներին։ Քանի որ շնորհ է, եթե որևէ մեկը համբերում է անարդարացիորեն վրա հասած նեղություններին՝ գիտակցելով Աստծու գոյությունը։ Քանի որ ի՞նչ երախտիք կա մեղանչելու և հարվածները հանդուրժելու մեջ։ Իսկ եթե բարիք գործեք և չարչարվեք ու համբերեք, դա է շնորհ Աստծու առաջ։ Որովհետև դուք հենց այդ բանի համար կոչվեցիք, քանի որ Քրիստոսն էլ ձեզ համար չարչարվեց և ձեզ օրինակ թողեց, որ իր հետքերով ընթանանք։
«Նա մեղք չգործեց,
և նենգություն չգտնվեց նրա բերանում» ։
Նախատվելիս նա փոխարենը չէր նախատում, չարչարվելիս չէր սպառնում, այլ հանձնվեց արդար դատավորին։ Նա մեր մեղքերն իր մարմնով խաչափայտի վրա բարձրացրեց, որպեսզի մեղքերից հեռանալով՝ արդարության համար ապրենք. դուք նրա վերքերով բժշկվեցիք։ Որովհետև մոլորված ոչխարների պես էիք, բայց հիմա դարձաք դեպի ձեր հոգիների Հովիվն ու Տեսուչը։