Պետրոսը՝ Հիսուս Քրիստոսի առաքյալ՝ ընտրյալ պանդուխտներիդ, որ ապրում եք սփյուռքում՝ Պոնտոսում, Գաղատիայում, Կապադովկիայում, Ասիայում և Բյութանիայում՝ ըստ Հայր Աստծու կանխագիտության, Հոգու սրբագործության, հնազանդվելու և Հիսուս Քրիստոսի արյունով մաքրվելու համար. թող շնորհն ու խաղաղությունը շատանան ձեզ վրա։
Օրհնյալ է Աստված և Հայրը մեր Տեր Հիսուս Քրիստոսի, որ իր առատ ողորմությամբ մեզ վերստին ծնեց կենդանի հույսի համար՝ մեռելներից Հիսուս Քրիստոսի հարությամբ, այն անեղծ, անարատ ու անթառամ ժառանգության համար, որ երկնքում պահված է ձեզ համար, որ Աստծու զորությամբ հավատով պահպանվում եք փրկության համար, որ պատրաստ է հայտնվելու վերջին ժամին։ Նրանով կուրախանաք, թեև հիմա պետք է որ տարատեսակ փորձություններից փոքր-ինչ տրտմած լինեք, որպեսզի ձեր հավատի փորձառությունն ավելի արժեքավոր լինի, քան կորստյան ենթակա ոսկին, որ կրակով է փորձվում, ձեռք բերի գովք, պատիվ ու փառք Հիսուս Քրիստոսի հայտնության ժամանակ, որին չտեսած՝ սիրում եք, որին հավատացիք, թեև այժմ չեք տեսնում, և ուրախ եք անպատմելի ու փառավոր խնդությամբ՝ ստանալով ձեր հավատի պսակումը՝ հոգիների փրկությունը։
Այդ փրկության համար փնտրեցին ու քննեցին մարգարեները, որոնք մարգարեանում էին ձեզ սահմանված շնորհի մասին՝ քննելով, թե ինչպիսի՛ ժամանակի և ո՛ր հանգամանքներում էր իրենց մեջ եղած Քրիստոսի Հոգին ի սկզբանե վկայում Քրիստոսի չարչարանքների և դրանից հետո փառքի մասին։ Նրանց հայտնվեց, որ ոչ թե իրենց, այլ մեզ էին ծառայում այն բաները, որ այժմ հաղորդվեցին ձեզ նրանց միջոցով, որոնք ձեզ ավետարանեցին Սուրբ Հոգով, որ երկնքից ուղարկվեց, և որի մեջ հրեշտակները ցանկանում են հայացքով թափանցել։
Դրա համար թող ձեր միտքը լինի գործելու պատրաստ, զգոն։ Հույսը լիովին դրե՛ք շնորհի վրա, որ ձեզ տրվելու է Հիսուս Քրիստոսի հայտնության ժամանակ, հնազանդ զավակների պես մի՛ համապատասխանեք ձեր անգիտության ժամանակվա նախկին ցանկություններին, այլ ձեզ կանչող Սրբի պես դուք էլ ամբողջ վարքով սո՛ւրբ եղեք, քանի որ գրված է. «Սո՛ւրբ եղեք, որովհետև ես սուրբ եմ» ։
Եվ եթե Հայր եք կոչում նրան, որ առանց աչառության դատաստան է անում յուրաքանչյուրին՝ համաձայն իր գործի, ապա ձեր պանդխտության ժամանակը երկյուղո՛վ անցկացրեք՝ իմանալով, որ ձեր հայրենավանդ ունայն կյանքից ոչ թե արծաթով կամ ոսկով փրկվեցիք, այլ Քրիստոսի պատվական արյունով՝ իբրև անբիծ ու անարատ գառան, որ նախասահմանված էր նախքան աշխարհի ստեղծումը և երևաց ժամանակների վերջում ձեզ համար, որ նրանով հավատացողներն եք այն Աստծուն, որը նրան մեռելներից հարություն ու փառք տվեց, որպեսզի ձեր հավատը և հույսն Աստծու վրա լինեն։