Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 8:22-61

Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 8:22-61 ՆՎԱԱ

Եվ Սողոմոնը կանգնեց Տիրոջ զոհասեղանի առաջ, Իսրայելի ամբողջ ժողովրդի դիմաց, ձեռքերը տարածեց դեպի երկինք և ասաց. «Ո՛վ Տեր, Իսրայելի՛ Աստված, քեզ նման Աստված չկա վերևում՝ երկնքում, և ներքևում՝ երկրի վրա, որ ուխտ և ողորմածություն ես պահում քո առջև ամբողջ սրտով գնացող ծառաներիդ համար։ Դու պահեցիր քո ծառային՝ իմ հայր Դավթին ասած քո խոսքը, որ ասել էիր քո բերանով և այսօր քո ձեռքով կատարեցիր այն։ Եվ հիմա, ո՜վ Տեր Աստված Իսրայելի, պահի՛ր քո ծառայի՝ իմ հայր Դավթի համար քո ասած այն խոսքը, որ խոսեցիր նրա հետ. “Քեզ համար Իսրայելի աթոռին նստող մարդ չի պակասելու իմ առջև, միայն թե քո որդիներն իրենց ճանապարհը պահեն և իմ առջևից գնան այնպես, ինչպես դու ես գնացել”։ Արդ, ո՜վ Իսրայելի Աստված, թող հաստատվի քո խոսքը, որ խոսեցիր քո ծառայի՝ իմ հայր Դավթի հետ։ Բայց իրա՞վ Աստված պիտի բնակվի այս երկրի վրա, եթե երկինքը և երկինքների երկինքը չեն կարող քեզ պարունակել, էլ ո՜ւր մնաց իմ շինած այս տունը։ Սակայն, ո՜վ Տեր իմ Աստված, նայի՛ր քո ծառայի աղոթքին և նրա աղերսանքին, լսի՛ր այս պաղատանքն ու աղոթքը, որ քո ծառան այսօր մատուցում է քո առաջ, և քո աչքերը գիշեր ու ցերեկ թող բաց լինեն այս տան ու այստեղի վրա, որի համար ասացիր. “Իմ անունը այնտեղ պիտի լինի”. լսի՛ր այս աղոթքը, որ քո ծառան աղոթում է այստեղ։ Եվ լսի՛ր քո ծառայի և Իսրայելի քո ժողովրդի աղերսանքը, որ մատուցում են այստեղ. և հիմա լսի՛ր քո բնակվելու տեղից՝ երկնքից, և լսելով՝ ների՛ր։ Երբ մեկը մեղանչի իր ընկերոջ դեմ և նրան առաջարկի, որ նա երդում տա և երդում տալու համար գա քո զոհասեղանի առաջ՝ այս տունը, այն ժամանակ դու լսի՛ր երկնքում և կատարի՛ր. դատի՛ր քո ծառաներին, դատապարտի՛ր մեղապարտին, որ նրա արածը բերես նրա գլխին, և արդարացրո՛ւ արդարին, որ ըստ իր արդարության հատուցես նրան։ Եթե քո ժողովուրդ Իսրայելը քո դեմ մեղանչելու համար հաղթվի իր թշնամիներից և դառնա դեպի քեզ ու փառք տա քո անվանը, աղոթի ու աղերսի քեզ այս տանը, այն ժամանակ դու լսի՛ր երկնքում և ների՛ր Իսրայելի քո ժողովրդի մեղքը և նրանց վերադարձրո՛ւ այն երկիրը, որ տվել ես նրանց հայրերին։ Եթե քո դեմ նրանց մեղանչելու համար երկինքը փակվի, և անձրև չլինի, և այստեղ աղոթք անեն ու փառք տան քո անվանը և ետ կանգնեն իրենց մեղքերից՝ նրանց քո նեղելու պատճառով, այն ժամանակ դու լսի՛ր երկնքում և ների՛ր քո ծառաների և Իսրայելի քո ժողովրդի մեղքը, որ նրանց ուսուցանես իրենց գնալու բարի ճանապարհը և անձրև տաս քո երկրին, որը տվել ես քո ժողովրդին իբրև ժառանգություն։ Երբ երկրում սով լինի, ժանտախտ լինի կամ խորշակահարություն, դալուկ լինի, մորեխ, թրթուր, կամ թշնամիները նեղեն նրանց իրենց քաղաքներում, կամ որևէ այլ հարված լինի կամ հիվանդություն, և երբ Իսրայելի քո ամբողջ ժողովրդից որևէ մարդ, ով էլ որ լինի, գա աղոթք և աղերսանք մատուցելու, և ամեն մարդ, որ իր սրտի ցավը գիտի, իր ձեռքերը տարածի դեպի այս տունը, այն ժամանակ դու լսի՛ր երկնքում՝ քո բնակվելու տեղում, ների՛ր ու կատարի՛ր և այդ մարդուն տո՛ւր ըստ իր բոլոր ճանապարհների, քանի որ գիտես նրա սիրտը, որովհետև դո՛ւ միայն գիտես բոլոր մարդկանց որդիների սրտերը, որպեսզի նրանք իրենց կյանքի բոլոր օրերին վախենան քեզնից այն երկրի վրա, որ տվել ես մեր հայրերին։ Նաև եթե օտարականը, որ Իսրայելի քո ժողովրդից չէ, եթե հեռու երկրից գա քո անվան համար, որովհետև լսելու են քո մեծ անվան մասին, քո հզոր ձեռքի և տարածած բազկի մասին, եթե նա գա և աղոթք անի այս տանը, այն ժամանակ դու լսի՛ր երկնքում՝ քո բնակվելու տեղում, և ըստ այդ օտարականի աղոթքի արա՛ այն ամենը, ինչ խնդրել է քեզնից, որպեսզի երկրի բոլոր ազգերն իմանան քո անունը, քեզնից վախենան Իսրայելի քո ժողովրդի պես և իմանան, որ քո անունն է դրվել այս տան վրա, որը ես շինեցի։ Երբ քո ժողովուրդը պատերազմի գնա իր թշնամու դեմ այն ճանապարհով, որով դու կուղարկես նրանց, և երբ նրանք աղոթք անեն Տիրոջը քո ընտրած քաղաքի ճանապարհին և քո անվան համար իմ շինած այս տանը, այն ժամանակ լսի՛ր երկնքում նրանց աղոթքը և նրանց աղերսանքը և իրավո՛ւնք տուր նրանց։ Երբ մեղանչեն քո դեմ, որովհետև չկա մի մարդ, որ չմեղանչի, և դու նրանց վրա բարկանաս ու նրանց մատնես թշնամու ձեռքը, և գերեվարողները նրանց գերի տանեն թշնամու հեռու կամ մոտիկ երկիրը, և եթե այն երկրում, ուր գերի են տարվել, զղջան իրենց սրտով, դառնան դեպի քեզ և աղերսեն այն երկրում, ուր գերության են տարվել և ասեն. “Մեղք գործեցինք, անօրենություն և անիրավություն արեցինք”, և երբ իրենց թշնամիների երկրում, ուր գերի են տարել նրանց, իրենց ամբողջ սրտով և իրենց ամբողջ հոգով դառնան դեպի քեզ և քեզ աղոթք անեն այն երկրի ճանապարհին, որը դու նրանց հայրերին տվեցիր, դառնան դեպի այն քաղաքը, որը դու հավանեցիր, և դեպի այս տունը, որը ես շինեցի քո անվան համար, այն ժամանակ դու լսի՛ր երկնքում՝ քո բնակվելու տեղում, նրանց աղոթքը և աղերսանքը և նրանց իրավունքը կատարի՛ր։ Եվ ների՛ր քո դեմ մեղանչած քո ժողովրդին և քո դեմ արած նրանց հանցանքները և արա՛ այնպես, որ նրանց գերեվարողները գթան նրանց և ողորմած լինեն նրանց նկատմամբ։ Որովհետև նրանք քո ժողովուրդն են և քո ժառանգությունը, որոնց հանեցիր Եգիպտոսից՝ երկաթե փռի միջից։ Եվ քո աչքերը թող բաց լինեն քո ծառայի աղերսանքի և Իսրայելի քո ժողովրդի աղերսանքի վրա, որ ամեն անգամ դեպի քեզ նրանց աղաղակելու ժամանակ լսես նրանց, որովհետև դու նրանց քեզ համար ժառանգություն ընտրեցիր բոլոր ազգերից, ինչպես ասել ես քո ծառա Մովսեսի միջոցով, երբ դու, ո՜վ Տեր Աստված, մեր հայրերին դուրս բերեցիր Եգիպտոսից»։ Եվ երբ Սողոմոնը վերջացրեց այս ամբողջ աղոթքն ու աղերսանքը՝ Տիրոջն աղոթելը, վեր կացավ Տիրոջ սեղանի առջևից, ուր ծունկ էր չոքել և ձեռքերը տարածել դեպի երկինք, կանգնեց և բարձրաձայն օրհնեց Իսրայելի ամբողջ ժողովրդին և ասաց. «Օրհնյա՜լ լինի Տերը, որ հանգստություն է տվել Իսրայելի իր ժողովրդին իր բոլոր ասածների պես, և բոլորովին բան չի պակասել բոլոր այն բարի բաներից, ինչ նա խոստացել էր իր ծառա Մովսեսի միջոցով։ Մեր Տեր Աստվածը թող մեզ հետ լինի, ինչպես մեր հայրերի հետ էր, թող մեզ չլքի և անտես չանի մեզ. և մեր սրտերը դարձնի դեպի իրեն, որ մենք գնանք նրա բոլոր ճանապարհներով և պահենք նրա պատվիրանները, կանոններն ու իրավունքները, որ պատվիրել է մեր հայրերին։ Եվ իմ այս խոսքերը, որ ես պաղատեցի Տիրոջ առաջ, գիշեր ու ցերեկ թող մոտենան մեր Տեր Աստծուն, որպեսզի նա ամեն օր իր ծառայի և իր Իսրայել ժողովրդի իրավունքը պաշտպանի, որպեսզի երկրի բոլոր ազգերն իմանան, որ Տերն է Աստվածը, և ուրիշը չկա։ Եվ ձեր սրտերը ուղիղ լինեն մեր Տեր Աստծու հանդեպ, և պահեք նրա պատվիրանները, ինչպես այսօր»։

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում