Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 8:1-21

Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 8:1-21 ՆՎԱԱ

Այն ժամանակ Սողոմոնը հավաքեց ամբողջ Իսրայելի ծերերին և ցեղերի բոլոր գլխավորներին, Իսրայելի որդիների նահապետներին Սողոմոն թագավորի մոտ՝ Երուսաղեմում, որպեսզի Տիրոջ ուխտի տապանակը Դավթի քաղաքից, այսինքն՝ Սիոնից, բարձրացնեն։ Եվ բոլոր իսրայելացիները հավաքվեցին Սողոմոն թագավորի մոտ յոթերորդ ամսում, այսինքն՝ Էթանիմ ամսի տոնին։ Եկան Իսրայելի բոլոր ծերերը, և քահանաները վերցրին տապանակը։ Եվ տարան Տիրոջ տապանակն ու վկայության խորանը և խորանում եղած բոլոր սուրբ անոթները. դրանք տարան քահանաներն ու ղևտացիները։ Եվ Սողոմոն թագավորն ու Իսրայելի ամբողջ ժողովուրդը, որ հավաքվել էր նրա մոտ, տապանակի առջևից գնում էին նրա հետ և անթիվ ու անհամար ոչխարներ ու արջառներ էին զոհաբերում։ Քահանաները բերեցին Տիրոջ ուխտի տապանակը և դրեցին իր տեղը՝ տան ներսի մասում՝ սրբությունների սրբության մեջ, քերովբեների թևերի տակ։ Որովհետև քերովբեներն իրենց թևերը տարածում էին տապանակի տեղի վրա, և քերովբեները վերևից ծածկում էին տապանակն ու նրա ձողերը։ Եվ ձողերն այնքան երկար էին, որ ձողերի գլուխները երևում էին սրբությունների սրբության առջև, բայց դրսից չէին երևում. և դրանք այնտեղ են մինչև այսօր։ Տապանակում ուրիշ բան չկար, բացի երկու քարե տախտակներից, որոնք Մովսեսն այնտեղ էր դրել Քորեբում, երբ Տերն ուխտ էր արել Իսրայելի որդիների հետ՝ Եգիպտոսի երկրից նրանց դուրս գալու ժամանակ։ Եվ երբ քահանաները դուրս եկան սրբարանից, ամպը լցրեց Տիրոջ տունը։ Եվ քահանաներն ամպի պատճառով չկարողացան կանգնել սպասավորելու, որովհետև Տիրոջ փառքը լցրել էր Տիրոջ տունը։ Այդ ժամանակ Սողոմոնն ասաց. «Տերն ասել է, թե մառախուղում է բնակվում։ Ես քեզ համար բնակվելու տուն շինեցի, մի տեղ, որ դու բնակվես հավիտյան»։ Թագավորն իր երեսը դարձրեց և օրհնեց Իսրայելի ամբողջ ժողովրդին, իսկ Իսրայելի ամբողջ ժողովուրդը կանգնել էր։ Եվ նա ասաց. «Օրհնյա՜լ լինի Իսրայելի Տեր Աստվածը, որ իր բերանով խոսեց իմ հայր Դավթի հետ և իր ձեռքով կատարեց խոսքը՝ ասելով. “Այն օրից ի վեր, երբ Իսրայելի իմ ժողովրդին հանեցի Եգիպտոսից, Իսրայելի բոլոր ցեղերից մի քաղաք չընտրեցի տուն շինելու համար, որ իմ անունը այնտեղ լինի, այլ հավանեցի Դավթին, որ նա լինի Իսրայելի իմ ժողովրդի վրա”։ Իմ հայր Դավիթը սրտում դրել էր Իսրայելի Տեր Աստծու անվան համար տուն շինել։ Բայց Տերն ասել էր իմ հայր Դավթին. “Որովհետև դու քո սրտում դրել էիր իմ անվան համար մի տուն շինել, լավ ես արել, որ այդ նպատակը դրել ես քո սրտում։ Միայն թե դու չես իմ անվան համար տունը շինելու, այլ քո որդին, որ սերելու է քեզանից. նա է տուն շինելու իմ անվան համար”։ Եվ Տերը հաստատեց իր ասած խոսքը. և ես հաջորդեցի իմ հայր Դավթին և նստեցի Իսրայելի գահին, ինչպես ասել էր Տերը, ես տուն շինեցի Իսրայելի Տեր Աստծու անվան համար։ Եվ այնտեղ տապանակի համար տեղ պատրաստեցի, որտեղ Տիրոջ ուխտն է, որ նա կնքել է մեր հայրերի հետ, երբ նրանց դուրս հանեց Եգիպտոսի երկրից»։

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում