Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 6:1-37

Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 6:1-37 ՆՎԱԱ

Եգիպտոսից Իսրայելի որդիների դուրս գալու չորս հարյուր ութսուներորդ տարում և Սողոմոնի՝ Իսրայելի վրա թագավորելու չորրորդ տարում՝ Զիվ ամսում, այսինքն՝ երկրորդ ամսում, Սողոմոնը սկսեց կառուցել Տիրոջ տունը։ Սողոմոն թագավորի՝ Տիրոջ համար շինած տան երկարությունը վաթսուն կանգուն էր, լայնությունը՝ քսան, և բարձրությունը՝ երեսուն կանգուն։ Եվ տաճարի նախասրահի երկարությունը տան լայնության չափ էր՝ քսան կանգուն, տաճարի առջևից լայնությունը տասը կանգուն էր։ Եվ տան պատուհանները շինեց կամարավոր ու վանդակապատ։ Տաճարի դրսի պատի շուրջը՝ պատին հենված, հարկեր ունեցող կառույց շինեց, որը թե՛ տաճարի, թե՛ սրբարանի շուրջն էր, և դրանք կողմնակի սենյակներ դարձրեց։ Ներքևի հարկի լայնությունը հինգ կանգուն էր, միջինի լայնությունը՝ վեց կանգուն, երրորդի լայնությունը՝ յոթ կանգուն, տաճարի պատը դրսից յուրաքանչյուր հարկի համար միջոցներ թողեց, որ գերանները պատի մեջ մտնեն։ Տունը շինվում էր քարհանքում տաշված քարերով, և տան շինվելու ժամանակ բնավ չլսվեց ո՛չ մուրճի, ո՛չ տապարի և ո՛չ էլ երկաթե մեկ այլ գործիքի ձայն։ Միջին կարգի խուցերի դուռը տան աջ կողմն էր. այդտեղից ոլորապտույտ սանդուղքով բարձրանում էին միջին կարգը, իսկ միջինից՝ երրորդը։ Նա տունը շինեց ու ավարտեց այն և ձեղունը ծածկեց եղևնափայտի տախտակամածով։ Եվ ամբողջ տան շուրջը հինգ կանգուն բարձրությամբ կառույց շինեց և տան հետ միացրեց եղևնափայտով։ Եվ Տերը խոսեց Սողոմոնի հետ՝ ասելով. «Դու ահա շինում ես այս տունը. եթե դու գնաս իմ կանոններով և կատարես իմ իրավունքը, իմ բոլոր հրամանները պահես և հետևես դրանց, ապա այն ժամանակ ես քո նկատմամբ կկատարեմ իմ ասած խոսքը, որ խոսել եմ քո հայր Դավթի հետ։ Եվ կբնակվեմ Իսրայելի որդիների մեջ և չեմ թողնի Իսրայելի իմ ժողովրդին»։ Եվ Սողոմոնը շինեց տունն ու ավարտեց այն։ Եվ տան պատերը ներսից երեսապատեց եղևնափայտի տախտակներով տան հատակից մինչև ձեղունի պատերը, իսկ տան հատակը ծածկեց մայրու տախտակներով։ Եվ տան ետևի կողմից քսան կանգուն մասը եղևնափայտի տախտակներով միջնորմ շինեց հատակից մինչև գերանները, ներսում շինեց սրբարանը, այսինքն՝ սրբությունների սրբարանը։ Եվ տունը, այսինքն՝ տաճարի առաջին մասը, քառասուն կանգուն էր։ Տաճարի ներսի եղևնափայտերը զարդարված էին կոկոնների և բացված ծաղիկների նման քանդակներով։ Ամեն ինչ եղևնափայտով էր ծածկված, և բնավ քար չէր երևում։ Եվ սրբարանը շինված էր տան ներսը՝ Տիրոջ ուխտի տապանակն այնտեղ դնելու համար։ Եվ սրբարանի առջևի մասը քսան կանգուն երկարություն ուներ, քսան կանգուն լայնություն և քսան կանգուն բարձրություն. նա այն դրվագեց մաքուր ոսկով, նաև եղևնափայտե զոհասեղանը պատեց ոսկով։ Սողոմոնը տունը ներսից պատեց մաքուր ոսկով, սրբարանի մուտքի առջևից անցկացրեց ոսկե շղթաներ և դրանք էլ պատեց ոսկով։ Եվ ամբողջ տունը պատեց ոսկով, ամբողջ տունը՝ մինչև վերջ, և ամբողջ զոհասեղանը, որ սրբարանում էր, նույնպես պատեց ոսկով։ Եվ սրբարանում երկու քերովբեներ դրեց՝ շինված ձիթենու փայտից, տասը կանգուն բարձրությամբ։ Քերովբեի մի թևը հինգ կանգուն էր, հինգ կանգուն էր նաև մյուս թևը. մեկ թևի ծայրից մինչև մյուս թևի ծայրը տասը կանգուն էր։ Երկրորդ քերովբեի թևերի երկարությունը տասը կանգուն էր. երկու քերովբեները մեկ չափի էին և նույն ձևի։ Մի քերովբեի բարձրությունը տասը կանգուն էր, նույն չափն ուներ և երկրորդ քերովբեն։ Եվ քերովբեներին դրեց տան ներսում, տարածեցին նրանց թևերը, և մեկի թևը դիպչում էր մի պատին, երկրորդ քերովբեի թևն էլ՝ մյուս պատին. մյուս թևերը տան մեջտեղում դիպչում էին թև թևի։ Եվ քերովբեներին պատեց ոսկով։ Եվ տան բոլոր պատերի վրա ներսից ու դրսից շուրջանակի քանդակեց և փորագրեց քերովբեներ, արմավենիներ ու բացված ծաղիկներ։ Եվ տան թե՛ ներսի և թե՛ դրսի սենյակների հատակն էլ պատեց ոսկով։ Եվ սրբարանի դռան համար ձիթենու փայտից փեղկեր շինեց՝ դռնասյուների շրջանակներով, որ հնգանկյուն էր։ Դռան երկու փեղկերը ձիթենու փայտից էին, որոնց վրա քանդակել էր քերովբեներ, արմավենիներ ու բացված ծաղիկներ, և փորագրեց ոսկով և ոսկին տարածեց քերովբեների ու արմավենիների վրա։ Եվ տաճարի շրջանակը շինեց ձիթենու փայտից, որ քառանկյուն էր։ Դռան երկու փեղկերը մայրու փայտից էին, ծալվում էին թե՛ մի փեղկի երկու տախտակները և թե՛ մյուս փեղկի երկու տախտակները։ Եվ փորագրեց քերովբեներով, արմավենիներով ու բացված ծաղիկներով և դրանք պատեց ոսկով։ Եվ ներսի գավիթը շինեց երեք շարք տաշված քարով և մեկ շարքը՝ եղևնափայտի կոճղերով։ Տիրոջ տան հիմքը դրվեց չորրորդ տարվա Զի ամսում։

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում