Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 6
6
Սողոմոնը կառուցում է տաճարը
1Եգիպտոսից Իսրայելի որդիների դուրս գալու չորս հարյուր ութսուներորդ տարում և Սողոմոնի՝ Իսրայելի վրա թագավորելու չորրորդ տարում՝ Զիվ ամսում, այսինքն՝ երկրորդ ամսում, Սողոմոնը սկսեց կառուցել Տիրոջ տունը։
2Սողոմոն թագավորի՝ Տիրոջ համար շինած տան երկարությունը վաթսուն կանգուն էր, լայնությունը՝ քսան, և բարձրությունը՝ երեսուն կանգուն։ 3Եվ տաճարի նախասրահի երկարությունը տան լայնության չափ էր՝ քսան կանգուն, տաճարի առջևից լայնությունը տասը կանգուն էր։ 4Եվ տան պատուհանները շինեց կամարավոր ու վանդակապատ#6.4 Կամ ներսից՝ լայն, դրսից՝ նեղ։։ 5Տաճարի դրսի պատի շուրջը՝ պատին հենված, հարկեր ունեցող կառույց շինեց, որը թե՛ տաճարի, թե՛ սրբարանի շուրջն էր, և դրանք կողմնակի սենյակներ դարձրեց։ 6Ներքևի հարկի լայնությունը հինգ կանգուն էր, միջինի լայնությունը՝ վեց կանգուն, երրորդի լայնությունը՝ յոթ կանգուն, տաճարի պատը դրսից յուրաքանչյուր հարկի համար միջոցներ թողեց, որ գերանները պատի մեջ մտնեն։ 7Տունը շինվում էր քարհանքում տաշված քարերով, և տան շինվելու ժամանակ բնավ չլսվեց ո՛չ մուրճի, ո՛չ տապարի և ո՛չ էլ երկաթե մեկ այլ գործիքի ձայն։ 8Միջին կարգի խուցերի դուռը տան աջ կողմն էր. այդտեղից ոլորապտույտ սանդուղքով բարձրանում էին միջին կարգը, իսկ միջինից՝ երրորդը։ 9Նա տունը շինեց ու ավարտեց այն և ձեղունը ծածկեց եղևնափայտի տախտակամածով։ 10Եվ ամբողջ տան շուրջը հինգ կանգուն բարձրությամբ կառույց շինեց և տան հետ միացրեց եղևնափայտով։
11Եվ Տերը խոսեց Սողոմոնի հետ՝ ասելով. 12«Դու ահա շինում ես այս տունը. եթե դու գնաս իմ կանոններով և կատարես իմ իրավունքը, իմ բոլոր հրամանները պահես և հետևես դրանց, ապա այն ժամանակ ես քո նկատմամբ կկատարեմ իմ ասած խոսքը, որ խոսել եմ քո հայր Դավթի հետ։ 13Եվ կբնակվեմ Իսրայելի որդիների մեջ և չեմ թողնի Իսրայելի իմ ժողովրդին»։
Տաճարի ներքին կահավորումը
14Եվ Սողոմոնը շինեց տունն ու ավարտեց այն։ 15Եվ տան պատերը ներսից երեսապատեց եղևնափայտի տախտակներով տան հատակից մինչև ձեղունի պատերը, իսկ տան հատակը ծածկեց մայրու տախտակներով։ 16Եվ տան ետևի կողմից քսան կանգուն մասը եղևնափայտի տախտակներով միջնորմ շինեց հատակից մինչև գերանները, ներսում շինեց սրբարանը, այսինքն՝ սրբությունների սրբարանը։ 17Եվ տունը, այսինքն՝ տաճարի առաջին մասը, քառասուն կանգուն էր։ 18Տաճարի ներսի եղևնափայտերը զարդարված էին կոկոնների և բացված ծաղիկների նման քանդակներով։ Ամեն ինչ եղևնափայտով էր ծածկված, և բնավ քար չէր երևում։ 19Եվ սրբարանը շինված էր տան ներսը՝ Տիրոջ ուխտի տապանակն այնտեղ դնելու համար։ 20Եվ սրբարանի առջևի մասը քսան կանգուն երկարություն ուներ, քսան կանգուն լայնություն և քսան կանգուն բարձրություն. նա այն դրվագեց մաքուր ոսկով, նաև եղևնափայտե զոհասեղանը պատեց ոսկով։ 21Սողոմոնը տունը ներսից պատեց մաքուր ոսկով, սրբարանի մուտքի առջևից անցկացրեց ոսկե շղթաներ և դրանք էլ պատեց ոսկով։ 22Եվ ամբողջ տունը պատեց ոսկով, ամբողջ տունը՝ մինչև վերջ, և ամբողջ զոհասեղանը, որ սրբարանում էր, նույնպես պատեց ոսկով։
23Եվ սրբարանում երկու քերովբեներ դրեց՝ շինված ձիթենու փայտից, տասը կանգուն բարձրությամբ։ 24Քերովբեի մի թևը հինգ կանգուն էր, հինգ կանգուն էր նաև մյուս թևը. մեկ թևի ծայրից մինչև մյուս թևի ծայրը տասը կանգուն էր։ 25Երկրորդ քերովբեի թևերի երկարությունը տասը կանգուն էր. երկու քերովբեները մեկ չափի էին և նույն ձևի։ 26Մի քերովբեի բարձրությունը տասը կանգուն էր, նույն չափն ուներ և երկրորդ քերովբեն։ 27Եվ քերովբեներին դրեց տան ներսում, տարածեցին նրանց թևերը, և մեկի թևը դիպչում էր մի պատին, երկրորդ քերովբեի թևն էլ՝ մյուս պատին. մյուս թևերը տան մեջտեղում դիպչում էին թև թևի։ 28Եվ քերովբեներին պատեց ոսկով։
29Եվ տան բոլոր պատերի վրա ներսից ու դրսից շուրջանակի քանդակեց և փորագրեց քերովբեներ, արմավենիներ ու բացված ծաղիկներ։ 30Եվ տան թե՛ ներսի և թե՛ դրսի սենյակների հատակն էլ պատեց ոսկով։
31Եվ սրբարանի դռան համար ձիթենու փայտից փեղկեր շինեց՝ դռնասյուների շրջանակներով, որ հնգանկյուն էր։ 32Դռան երկու փեղկերը ձիթենու փայտից էին, որոնց վրա քանդակել էր քերովբեներ, արմավենիներ ու բացված ծաղիկներ, և փորագրեց ոսկով և ոսկին տարածեց քերովբեների ու արմավենիների վրա։
33Եվ տաճարի շրջանակը շինեց ձիթենու փայտից, որ քառանկյուն էր։ 34Դռան երկու փեղկերը մայրու փայտից էին, ծալվում էին թե՛ մի փեղկի երկու տախտակները և թե՛ մյուս փեղկի երկու տախտակները։ 35Եվ փորագրեց քերովբեներով, արմավենիներով ու բացված ծաղիկներով և դրանք պատեց ոսկով։
36Եվ ներսի գավիթը շինեց երեք շարք տաշված քարով և մեկ շարքը՝ եղևնափայտի կոճղերով։
37Տիրոջ տան հիմքը դրվեց չորրորդ տարվա Զի ամսում։ 38Եվ տասնմեկերորդ տարվա ութերորդ ամսում, այսինքն՝ Բուլ ամսում, տաճարն ավարտվեց իր բոլոր մանրամասներով։ Նա տաճարը շինեց յոթ տարում։
Արդեն Ընտրված.
Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 6: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018