Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 19:4-18

Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 19:4-18 ՆՎԱԱ

Իսկ ինքը մեկ օրվա ճանապարհ գնաց անապատում, եկավ ու նստեց մի գիհի ծառի տակ և սրտանց ուզեց, որ մեռնի, և ասաց. «Արդեն բավական է, ո՛վ Տեր, ա՛ռ իմ հոգին, որովհետև ես իմ հայրերից լավը չեմ»։ Եվ պառկեց ու քնեց գիհու տակ. և ահա մի հրեշտակ դիպավ նրան և ասաց նրան. «Վե՛ր կաց, կե՛ր»։ Եղիան նայեց, և ահա նրա գլխի կողմում, տաք քարի վրա մի թխած նկանակ կար և մի կուժ ջուր։ Նա կերավ, խմեց և դարձյալ քնեց։ Եվ Տիրոջ հրեշտակը դարձյալ եկավ, դիպավ նրան և ասաց. «Վե՛ր կաց, կե՛ր, որովհետև ճանապարհը շատ երկար պիտի լինի քեզ համար»։ Եվ նա վեր կացավ, կերավ ու խմեց և այդ կերակրի զորությամբ քառասուն օր ու քառասուն գիշեր գնաց մինչև Աստծու սարը՝ Քորեբ։ Եվ այնտեղ մտավ մի քարայր և օթևանեց այնտեղ, և ահա Տերը խոսեց ու ասաց նրան. «Ի՞նչ ունես այստեղ, Եղիա՛»։ Եվ նա ասաց. «Ես մեծ նախանձախնդրություն ունեցա Զորությունների Տեր Աստծու համար, քանի որ Իսրայելի որդիները լքել են քո ուխտը, քանդել են քո սեղանները և քո մարգարեներին սպանել սրով. մենակ ես եմ մնացել, ինձ էլ որոնում են, որ սպանեն»։ Եվ նա ասաց. «Դո՛ւրս եկ և սարի վրա կանգնի՛ր Տիրոջ առջև»։ Եվ ահա Տերը անց էր կենում. և մի մեծ ու զորավոր հողմ պատառոտեց սարերը և կոտրատեց ապառաժները Տիրոջ առջև. բայց Տերն այդ հողմի մեջ չէր։ Եվ հողմից հետո երկրաշարժ եղավ, բայց Տերը երկրաշարժի մեջ չէր։ Երկրաշարժից հետո՝ կրակ. բայց Տերը կրակի մեջ չէր. և կրակից հետո՝ մի մեղմ ու նուրբ ձայն։ Երբ Եղիան լսեց այն, իր երեսը ծածկեց իր վերարկուով, դուրս եկավ ու կանգնեց քարայրի դռանը, և ահա մի ձայն եղավ նրան ու ասաց. «Ի՞նչ ունես այստեղ, Եղիա՛»։ Եվ նա ասաց. «Մեծ նախանձախնդրություն ունեցա Զորությունների Տեր Աստծու համար, քանի որ Իսրայելի որդիները լքել են քո ուխտը, քանդել են քո սեղանները և քո մարգարեներին սպանել են սրով. մենակ ես եմ մնացել, ինձ էլ որոնում են, որ սպանեն»։ Եվ Տերն ասաց նրան. «Վերադարձի՛ր քո ճանապարհով, անապատով գնա՛ Դամասկոս և երբ հասնես, Ազայելին թագավո՛ր օծիր ասորիների վրա։ Եվ Նամեսսիի որդի Հեուին էլ թագավո՛ր օծիր Իսրայելի վրա և աբել-մաուլացի Սափատի որդի Եղիսեին էլ մարգարե՛ օծիր քո փոխարեն։ Եվ կլինի այնպես, որ Ազայելի սրից ազատվողին Հեուն կսպանի, և Հեուի սրից ազատվողին կսպանի Եղիսեն։ Ինձ համար Իսրայելում թողնելու եմ յոթ հազար հոգի, բոլորն էլ այնպիսի մարդիկ, որոնք չծնրադրեցին Բահաղին, և բոլորն էլ իրենց բերանով չհամբուրեցին նրան»։