Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 19:1-8

Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 19:1-8 ՆՎԱԱ

Աքաաբը Հեզաբելին պատմեց այն բոլորը, ինչ արել էր Եղիան, և թե ինչպես էր նա սրով սպանել բոլոր մարգարեներին։ Եվ Հեզաբելը պատգամավոր ուղարկեց Եղիայի մոտ՝ ասելով. «Աստվածներն ինձ այսպես անեն և սրանից էլ ավելին անեն, եթե վաղն այս ժամանակ քո անձը նրանցից մեկի անձի տեղը չդնեմ»։ Եվ այդ լսելով՝ վեր կացավ գնաց իր անձն ազատելու և հասավ Հուդայի Բերսաբեե. և իր ծառային թողեց այնտեղ։ Իսկ ինքը մեկ օրվա ճանապարհ գնաց անապատում, եկավ ու նստեց մի գիհի ծառի տակ և սրտանց ուզեց, որ մեռնի, և ասաց. «Արդեն բավական է, ո՛վ Տեր, ա՛ռ իմ հոգին, որովհետև ես իմ հայրերից լավը չեմ»։ Եվ պառկեց ու քնեց գիհու տակ. և ահա մի հրեշտակ դիպավ նրան և ասաց նրան. «Վե՛ր կաց, կե՛ր»։ Եղիան նայեց, և ահա նրա գլխի կողմում, տաք քարի վրա մի թխած նկանակ կար և մի կուժ ջուր։ Նա կերավ, խմեց և դարձյալ քնեց։ Եվ Տիրոջ հրեշտակը դարձյալ եկավ, դիպավ նրան և ասաց. «Վե՛ր կաց, կե՛ր, որովհետև ճանապարհը շատ երկար պիտի լինի քեզ համար»։ Եվ նա վեր կացավ, կերավ ու խմեց և այդ կերակրի զորությամբ քառասուն օր ու քառասուն գիշեր գնաց մինչև Աստծու սարը՝ Քորեբ։