Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 18:30-46

Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 18:30-46 ՆՎԱԱ

Այդ ժամանակ Եղիան ասաց ամբողջ ժողովրդին. «Եկե՛ք ինձ մոտ». և ամբողջ ժողովուրդը գնաց նրա մոտ, և նա նորոգեց Տիրոջ քանդված զոհասեղանը։ Եվ Եղիան վերցրեց տասներկու քար՝ ըստ Հակոբի որդիների թվի, ինչպես Տերն էր ասել նրան, թե՝ «Իսրայել լինի քո անունը»։ Նա այդ քարերից մի զոհասեղան շինեց Տիրոջ անունով և զոհասեղանի շուրջը փորեց մի փոս, որը երկու գրիվ սերմ կտաներ։ Եվ փայտերը շարեց, կտրտեց զվարակը և դրեց փայտերի վրա։ Եվ ասաց. «Չորս սափոր ջո՛ւր լցրեք և ածե՛ք ողջակեզի ու փայտերի վրա». և ասաց. «Կրկի՛ն արեք». և կրկին արեցին. և ասաց. «Երրորդ անգա՛մ արեք», և երրորդ անգամ արեցին։ Եվ ջրերը տարածվում էին սեղանի շուրջը, և փոսն էլ լցվեց ջրով։ Երեկոյան զոհի ժամանակն էր, երբ Եղիա մարգարեն մոտեցավ և ասաց. «Ո՜վ Տեր՝ Աբրահամի, Իսահակի և Իսրայելի Աստվա՛ծ, թող այսօր իմացվի, որ դու ես Աստվածը Իսրայելի մեջ, և ես քո ծառան եմ և ես քո խոսքով եմ արել այս բոլորը։ Պատասխա՛ն տուր ինձ, ո՜վ Տեր, պատասխա՛ն տուր ինձ, որ այս ժողովուրդն իմանա, որ դու՝ Տերդ ես Աստվածը և դու ես նրանց սրտերը ետ դարձնողը»։ Եվ Տիրոջ կրակն իջավ դեպի ցած, կլանեց ողջակեզը, փայտերը, քարերը, հողը և փոսի միջի ջուրն էլ լափեց։ Եվ ամբողջ ժողովուրդը տեսավ, և վայր ընկան իրենց երեսների վրա ու ասացին. «Տերն է Աստվածը, Տերն է Աստվածը»։ Եվ Եղիան ասաց նրանց. «Բռնեցե՛ք Բահաղի մարգարեներին, թող ոչ մի մարդ չպրծնի նրանցից». նրանց բռնեցին, և Եղիան նրանց իջեցրեց Կիսոն հեղեղատի մոտ ու նրանց սպանեց այնտեղ։ Եվ Եղիան ասաց Աքաաբին. «Ելի՛ր, գնա կե՛ր ու խմի՛ր, որովհետև սաստիկ անձրևի ձայն է լսվում»։ Եվ Աքաաբը գնաց ուտելու և խմելու, բայց Եղիան բարձրացավ Կարմեղոսի գլուխը, խոնարհվեց մինչև գետին և երեսը դրեց իր ծնկների միջև։ Եվ ասաց իր ծառային. «Ելի՛ր և գնա նայի՛ր դեպի ծովի կողմը». և նա ելավ գնաց ու նայեց և ասաց. «Ոչ մի բան չկա»։ Եվ Եղիան յոթ անգամ ասաց. «Դարձյա՛լ գնա, յոթ անգամ»։ Եվ յոթերորդ անգամ ասաց. «Ահա մարդու ձեռքի չափ մի փոքր ամպ է բարձրանում ծովից»։ Եվ Եղիան ասաց. «Գնա ասա՛ Աքաաբին. “Լծի՛ր կառքդ և իջի՛ր, որ անձրևը չբռնի քեզ”»։ Եվ մինչ այս ու այն կողմ էր դառնում, երկինքը մթնեց ամպերով ու հողմով, և հորդ անձրև սկսեց. և Աքաաբը կառք նստեց ու գնաց Հեզրայել։ Տիրոջ ձեռքը Եղիայի վրա էր, և նա իր մեջքը պինդ կապեց ու վազեց Աքաաբի առջևից մինչև Հեզրայել։

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում