Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 18:25-38

Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 18:25-38 ՆՎԱԱ

Եվ Եղիան ասաց Բահաղի մարգարեներին. «Ընտրե՛ք ձեզ համար մի զվարակը և առաջ դո՛ւք պատրաստեք, որովհետև դուք շատ եք, և կանչե՛ք ձեր աստծու անունը, բայց կրակ մի՛ վառեք»։ Նրանք վերցրին իրենց տրված զվարակը, պատրաստեցին և կանչեցին Բահաղի անունը առավոտից մինչև կեսօր՝ ասելով. «Ո՜վ Բահաղ, պատասխա՛ն տուր մեզ». բայց ո՛չ ձայն կար, ո՛չ պատասխանող, և ցատկոտում էին իրենց շինած զոհասեղանի մոտ։ Երբ կեսօր էր դարձել, Եղիան ծաղրեց նրանց՝ ասելով. «Բարձր ձայնո՛վ կանչեք, քանզի նա աստված է, գուցե խոր մտածության մեջ է կամ զբաղված է և կամ ճանապարհորդում է, գուցե նա քնած է և պիտի զարթնի»։ Եվ նրանք բարձր ձայնով կանչում էին և ըստ իրենց օրենքի՝ սրերով և գեղարդներով ծակծկում էին իրենց մարմինները, մինչև որ արյուն էր թափվում իրենց վրայից։ Կեսօրն էլ անցավ, նրանք դեռ մարգարեանում էին մինչև հացի ընծայի մատուցման ժամանակը, բայց ո՛չ ձայն կար, ո՛չ պատասխան տվող և ո՛չ էլ լսող։ Այդ ժամանակ Եղիան ասաց ամբողջ ժողովրդին. «Եկե՛ք ինձ մոտ». և ամբողջ ժողովուրդը գնաց նրա մոտ, և նա նորոգեց Տիրոջ քանդված զոհասեղանը։ Եվ Եղիան վերցրեց տասներկու քար՝ ըստ Հակոբի որդիների թվի, ինչպես Տերն էր ասել նրան, թե՝ «Իսրայել լինի քո անունը»։ Նա այդ քարերից մի զոհասեղան շինեց Տիրոջ անունով և զոհասեղանի շուրջը փորեց մի փոս, որը երկու գրիվ սերմ կտաներ։ Եվ փայտերը շարեց, կտրտեց զվարակը և դրեց փայտերի վրա։ Եվ ասաց. «Չորս սափոր ջո՛ւր լցրեք և ածե՛ք ողջակեզի ու փայտերի վրա». և ասաց. «Կրկի՛ն արեք». և կրկին արեցին. և ասաց. «Երրորդ անգա՛մ արեք», և երրորդ անգամ արեցին։ Եվ ջրերը տարածվում էին սեղանի շուրջը, և փոսն էլ լցվեց ջրով։ Երեկոյան զոհի ժամանակն էր, երբ Եղիա մարգարեն մոտեցավ և ասաց. «Ո՜վ Տեր՝ Աբրահամի, Իսահակի և Իսրայելի Աստվա՛ծ, թող այսօր իմացվի, որ դու ես Աստվածը Իսրայելի մեջ, և ես քո ծառան եմ և ես քո խոսքով եմ արել այս բոլորը։ Պատասխա՛ն տուր ինձ, ո՜վ Տեր, պատասխա՛ն տուր ինձ, որ այս ժողովուրդն իմանա, որ դու՝ Տերդ ես Աստվածը և դու ես նրանց սրտերը ետ դարձնողը»։ Եվ Տիրոջ կրակն իջավ դեպի ցած, կլանեց ողջակեզը, փայտերը, քարերը, հողը և փոսի միջի ջուրն էլ լափեց։

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում