Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 18:1-46

Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 18:1-46 ՆՎԱԱ

Շատ օրեր անցնելուց հետո՝ երրորդ տարում, Տիրոջ խոսքը եղավ Եղիային՝ ասելով. «Գնա՛, երևա՛ Աքաաբին, և ես անձրև պիտի տամ երկրին»։ Եվ Եղիան գնաց Աքաաբին երևալու համար. և սովը սաստիկ էր Սամարիայում։ Աքաաբը կանչեց իր տան վերակացու Աբդիային, իսկ Աբդիան շատ աստվածավախ մարդ էր, և երբ Հեզաբելը կոտորում էր Տիրոջ մարգարեներին, այն ժամանակ Աբդիան հարյուր մարգարե վերցրեց և հիսուն-հիսուն մարդ տարավ ու թաքցրեց քարայրներում և նրանց կերակրեց հացով ու ջրով։ Եվ Աքաաբն ասաց Աբդիային. «Գնա՛ այս երկրի ջրի բոլոր աղբյուրների և հեղեղատների մոտ, գուցե խոտ գտնենք և կեր տանք մեր ձիերին ու ջորիներին և չզրկվենք անասուններից»։ Եվ նրանք իրենց միջև բաժանեցին երկիրը՝ նրա մեջ շրջելու համար. Աքաաբը մի ճանապարհով գնաց առանձին, և Աբդիան էլ մի այլ ճանապարհով գնաց առանձին։ Եվ երբ Աբդիան ճանապարհին էր, Եղիան ահա հանդիպեց նրան, և Աբդիան ճանաչեց նրան, ընկավ իր երեսի վրա և ասաց. «Այդ դո՞ւ ես, տե՛ր իմ Եղիա»։ Եվ նա ասաց. «Ես եմ. գնա ասա՛ քո տիրոջը՝ ահա Եղիան»։ Եվ նա ասաց. «Ես ինչո՞վ եմ մեղանչել, որ քո ծառային Աքաաբի ձեռքն ես տալիս, որ ինձ սպանի։ Կենդանի է Տերը՝ քո Աստվածը. չկա մի ազգ ու թագավորություն, ուր իմ տերը մարդ ուղարկած չլինի քեզ որոնելու, բայց երբ ասում էին՝ չկա, նա երդվել էր տալիս այդ ազգին ու թագավորությանը, որ քեզ չեն գտել։ Եվ հիմա դու ասում ես. “Գնա ասա՛ քո տիրոջը՝ ահա Եղիան”։ Բայց եթե ես քո մոտից գնամ, և Տիրոջ հոգին քեզ վերցնի ու տանի մի տեղ, որը ես չգիտեմ, և ես գնամ Աքաաբին իմացնեմ, և նա քեզ չգտնի, այն ժամանակ նա կսպանի ինձ. մինչդեռ քո ծառան՝ ես, Տիրոջից երկյուղած եմ իմ մանկությունից։ Մի՞թե իմ տիրոջը չեն իմացրել, թե ի՛նչ եմ արել. Հեզաբելի Տիրոջ մարգարեներին սպանելիս ես Տիրոջ մարգարեներից հարյուր մարդ հիսուն-հիսուն թաքցրեցի քարայրներում և նրանց կերակրեցի հացով ու ջրով։ Եվ հիմա դու ասում ես. “Գնա ասա՛ քո տիրոջը, թե՝ ահա Եղիան”, որ ինձ սպանի»։ Եվ Եղիան ասաց. «Կենդանի է Զորությունների Տերը, որին ծառայում եմ, որ այսօր պիտի երևամ նրան»։ Աբդիան գնաց ու դիմավորեց Աքաաբին և հայտնեց նրան. և Աքաաբը գնաց Եղիային դիմավորելու։ Եվ հենց որ Աքաաբը Եղիային տեսավ, իսկույն նրան ասաց. «Այդ դո՞ւ ես, ո՛վ Իսրայելի նեղիչ»։ Նա ասաց. «Ես չեմ նեղել Իսրայելին, այլ դու և քո հոր տունը, որ Տիրոջ պատվերները թողնելով՝ գնում ես բահաղների ետևից։ Եվ հիմա մա՛րդ ուղարկի՛ր և հավաքի՛ր ամբողջ Իսրայելին ինձ մոտ՝ Կարմեղոս սարի վրա. և՛ Բահաղի չորս հարյուր հիսուն մարգարեներին, և՛ Աստարովթի չորս հարյուր մարգարեներին, որոնք կերակրվում են Հեզաբելի սեղանից»։ Եվ Աքաաբը մարդ ուղարկեց Իսրայելի բոլոր որդիների մոտ և հավաքեց մարգարեներին Կարմեղոս սարի վրա։ Եվ Եղիան մոտեցավ ամբողջ ժողովրդին և ասաց. «Մինչև ե՞րբ դուք պիտի կաղաք երկու կողմի վրա. եթե Տերն է Աստվածը, գնացե՛ք նրա ետևից, և եթե Բահաղն է, նրա ետևի՛ց գնացեք». բայց ժողովուրդը նրան ոչ մի պատասխան չտվեց։ Եվ Եղիան ասաց ժողովրդին. «Միայն ես եմ մնացել Տիրոջ մարգարե, իսկ Բահաղի մարգարեները չորս հարյուր հիսուն հոգի են։ Արդ թող մեզ երկու զվարակ տան. և նրանք թող իրենց համար ընտրեն մեկ զվարակը, կտրտեն այն և դնեն փայտերի վրա, բայց կրակ չվառեն. ես էլ պատրաստեմ մյուս զվարակը և դնեմ փայտերի վրա, բայց կրակ չվառեմ։ Հետո դուք կանչե՛ք ձեր աստծու անունը, իսկ ես կանչեմ Տիրոջ անունը. և այն աստվածը, որ կրակով պատասխան կտա, նա է Աստվածը». և ամբողջ ժողովուրդը պատասխանեց. «Լավ խոսք է»։ Եվ Եղիան ասաց Բահաղի մարգարեներին. «Ընտրե՛ք ձեզ համար մի զվարակը և առաջ դո՛ւք պատրաստեք, որովհետև դուք շատ եք, և կանչե՛ք ձեր աստծու անունը, բայց կրակ մի՛ վառեք»։ Նրանք վերցրին իրենց տրված զվարակը, պատրաստեցին և կանչեցին Բահաղի անունը առավոտից մինչև կեսօր՝ ասելով. «Ո՜վ Բահաղ, պատասխա՛ն տուր մեզ». բայց ո՛չ ձայն կար, ո՛չ պատասխանող, և ցատկոտում էին իրենց շինած զոհասեղանի մոտ։ Երբ կեսօր էր դարձել, Եղիան ծաղրեց նրանց՝ ասելով. «Բարձր ձայնո՛վ կանչեք, քանզի նա աստված է, գուցե խոր մտածության մեջ է կամ զբաղված է և կամ ճանապարհորդում է, գուցե նա քնած է և պիտի զարթնի»։ Եվ նրանք բարձր ձայնով կանչում էին և ըստ իրենց օրենքի՝ սրերով և գեղարդներով ծակծկում էին իրենց մարմինները, մինչև որ արյուն էր թափվում իրենց վրայից։ Կեսօրն էլ անցավ, նրանք դեռ մարգարեանում էին մինչև հացի ընծայի մատուցման ժամանակը, բայց ո՛չ ձայն կար, ո՛չ պատասխան տվող և ո՛չ էլ լսող։ Այդ ժամանակ Եղիան ասաց ամբողջ ժողովրդին. «Եկե՛ք ինձ մոտ». և ամբողջ ժողովուրդը գնաց նրա մոտ, և նա նորոգեց Տիրոջ քանդված զոհասեղանը։ Եվ Եղիան վերցրեց տասներկու քար՝ ըստ Հակոբի որդիների թվի, ինչպես Տերն էր ասել նրան, թե՝ «Իսրայել լինի քո անունը»։ Նա այդ քարերից մի զոհասեղան շինեց Տիրոջ անունով և զոհասեղանի շուրջը փորեց մի փոս, որը երկու գրիվ սերմ կտաներ։ Եվ փայտերը շարեց, կտրտեց զվարակը և դրեց փայտերի վրա։ Եվ ասաց. «Չորս սափոր ջո՛ւր լցրեք և ածե՛ք ողջակեզի ու փայտերի վրա». և ասաց. «Կրկի՛ն արեք». և կրկին արեցին. և ասաց. «Երրորդ անգա՛մ արեք», և երրորդ անգամ արեցին։ Եվ ջրերը տարածվում էին սեղանի շուրջը, և փոսն էլ լցվեց ջրով։ Երեկոյան զոհի ժամանակն էր, երբ Եղիա մարգարեն մոտեցավ և ասաց. «Ո՜վ Տեր՝ Աբրահամի, Իսահակի և Իսրայելի Աստվա՛ծ, թող այսօր իմացվի, որ դու ես Աստվածը Իսրայելի մեջ, և ես քո ծառան եմ և ես քո խոսքով եմ արել այս բոլորը։ Պատասխա՛ն տուր ինձ, ո՜վ Տեր, պատասխա՛ն տուր ինձ, որ այս ժողովուրդն իմանա, որ դու՝ Տերդ ես Աստվածը և դու ես նրանց սրտերը ետ դարձնողը»։ Եվ Տիրոջ կրակն իջավ դեպի ցած, կլանեց ողջակեզը, փայտերը, քարերը, հողը և փոսի միջի ջուրն էլ լափեց։ Եվ ամբողջ ժողովուրդը տեսավ, և վայր ընկան իրենց երեսների վրա ու ասացին. «Տերն է Աստվածը, Տերն է Աստվածը»։ Եվ Եղիան ասաց նրանց. «Բռնեցե՛ք Բահաղի մարգարեներին, թող ոչ մի մարդ չպրծնի նրանցից». նրանց բռնեցին, և Եղիան նրանց իջեցրեց Կիսոն հեղեղատի մոտ ու նրանց սպանեց այնտեղ։ Եվ Եղիան ասաց Աքաաբին. «Ելի՛ր, գնա կե՛ր ու խմի՛ր, որովհետև սաստիկ անձրևի ձայն է լսվում»։ Եվ Աքաաբը գնաց ուտելու և խմելու, բայց Եղիան բարձրացավ Կարմեղոսի գլուխը, խոնարհվեց մինչև գետին և երեսը դրեց իր ծնկների միջև։ Եվ ասաց իր ծառային. «Ելի՛ր և գնա նայի՛ր դեպի ծովի կողմը». և նա ելավ գնաց ու նայեց և ասաց. «Ոչ մի բան չկա»։ Եվ Եղիան յոթ անգամ ասաց. «Դարձյա՛լ գնա, յոթ անգամ»։ Եվ յոթերորդ անգամ ասաց. «Ահա մարդու ձեռքի չափ մի փոքր ամպ է բարձրանում ծովից»։ Եվ Եղիան ասաց. «Գնա ասա՛ Աքաաբին. “Լծի՛ր կառքդ և իջի՛ր, որ անձրևը չբռնի քեզ”»։ Եվ մինչ այս ու այն կողմ էր դառնում, երկինքը մթնեց ամպերով ու հողմով, և հորդ անձրև սկսեց. և Աքաաբը կառք նստեց ու գնաց Հեզրայել։ Տիրոջ ձեռքը Եղիայի վրա էր, և նա իր մեջքը պինդ կապեց ու վազեց Աքաաբի առջևից մինչև Հեզրայել։