Այդ ժամանակ հիվանդացավ Հերոբովամի որդի Աբիան։ Եվ Հերոբովամն ասաց իր կնոջը. «Վե՛ր կաց, կերպարանքդ փոխի՛ր, որ քեզ չճանաչեն, թե դու Հերոբովամի կինն ես, և գնա՛ Սելով. ահա այնտեղ է Աքիա մարգարեն. նա ինձ համար ասել է, թե ես պիտի թագավորեմ այս ժողովրդի վրա։ Տասը հաց, բլիթներ ու մի փարչ մե՛ղր վերցրու և գնա՛ նրա մոտ, և նա քեզ կասի, թե ինչ պիտի լինի երեխայի հետ»։ Եվ Հերոբովամի կինն այդպես էլ արեց. վեր կացավ գնաց Սելով և մտավ Աքիայի տուն. բայց Աքիան չէր կարողանում տեսնել, որովհետև աչքերը տկարացել էին ծերությունից։
Եվ Տերն ասաց Աքիային. «Ահա Հերոբովամի կինը եկել է քեզնից բան հարցնելու իր որդու մասին, որ հիվանդ է. այսպես ու այսպես կասես. նա ծպտված է գալու»։ Եվ հենց որ Աքիան լսեց նրա ոտքերի ձայնը, երբ դռնից ներս էր մտնում, ասաց. «Ե՛կ, Հերոբովամի՛ կին, ինչո՞ւ ես քեզ օտար ձևացնում. ես ուղարկված եմ քեզ խիստ բան ասելու. գնա՛, Հերոբովամին ասա՛՝ այսպես է ասում Իսրայելի Տեր Աստվածը. “Որովհետև ես քեզ բարձրացրի ժողովրդի միջից և քեզ իշխան դրեցի Իսրայելի իմ ժողովրդի վրա, թագավորությունը խլեցի Դավթի տանից և տվեցի քեզ, սակայն դու չեղար իմ Դավիթ ծառայի նման, որը պահում էր իմ պատվիրանները և ամբողջ սրտով հետևում էր ինձ, որ միայն աներ այն, ինչ հաճելի էր երևում ինձ։ Եվ ամենքից ավելի շատ չարիք գործեցիր, քան քեզնից առաջ եղածները, գնացիր քեզ համար ուրիշ աստվածներ ու ձուլածո կուռքեր շինեցիր ինձ բարկացնելու համար և ինձ քո ետևը գցեցիր։ Ես էլ ահա չարիք պիտի բերեմ Հերոբովամի տան վրա. Հերոբովամի տանից պիտի բնաջնջեմ ամեն մի արու մարդու, Իսրայելում գերի լինի, թե ազատ, և պիտի կործանեմ Հերոբովամի տան սերնդին, ինչպես աղբն են ավլում, մինչև որ վերջանա”։ Հերոբովամի տանից քաղաքում մեռնողին շները պիտի ուտեն, և դաշտում մեռածին պիտի ուտեն երկնքի թռչունները, որովհետև Տերն ասել է։ Եվ դու վե՛ր կաց, գնա՛ քո տուն. քո ոտքը քաղաք մտնելիս երեխան պիտի մեռնի։ Եվ ամբողջ Իսրայելը կսգա նրա համար, և նրան կթաղեն, որովհետև Հերոբովամի տանից միայն նա է դրվելու գերեզման, քանի որ Հերոբովամի տանը միայն նրա մեջ մի բարի բան գտնվեց Իսրայելի Տեր Աստծու առաջ։ Եվ Տերն իր համար Իսրայելի վրա մի թագավոր վեր կհանի, որ նույն օրը կբնաջնջի Հերոբովամի տունը ու նաև այն, ինչ որ կա հիմա։ Եվ Տերն Իսրայելին այնպես պիտի հարվածի, ինչպես եղեգն է շարժվում ջրերի մեջ, և Իսրայելից պիտի խլի այս բարի երկիրը, որ տվել է իրենց հայրերին, և պիտի ցրի նրանց Գետի մյուս կողմում, որովհետև Տիրոջը բարկացնելով՝ կուռքի աստարովթներ շինեցին իրենց համար։ Եվ պիտի կորստյան մատնի Իսրայելին այն մեղքերի համար, որ գործեց Հերոբովամը և որոնցով մեղանչել տվեց Իսրայելին»։
Եվ Հերոբովամի կինը վեր կացավ, գնաց հասավ Թերսա. նա դեռ նոր էր տան շեմքից ներս մտնում, որ երեխան մեռավ։ Նրան թաղեցին, և ամբողջ Իսրայելը սուգ արեց նրա վրա՝ Տիրոջ խոսքի համաձայն, որ ասել էր իր ծառա Աքիա մարգարեի միջոցով։
Հերոբովամի մնացած գործերի՝ թե՛ պատերազմելու և թե՛ թագավորելու մասին ահա գրված են Իսրայելի թագավորների Ժամանակագրության գրքում։ Եվ Հերոբովամը թագավորեց քսաներկու տարի. և նա ննջեց իր հայրերի հետ, ու նրա որդի Նադաբը թագավորեց նրա փոխարեն։
Եվ Սողոմոնի որդի Ռոբովամը թագավորեց Հուդայում. Ռոբովամը քառասունմեկ տարեկան էր, երբ թագավոր դարձավ և տասնյոթ տարի թագավորեց Երուսաղեմում՝ այն քաղաքում, որը Տերն ընտրել էր Իսրայելի բոլոր ցեղերից՝ իր անունն այնտեղ դնելու համար. նրա մայրն ամմոնացի էր, անունը՝ Նաամա։ Եվ Հուդայի մարդիկ չարիք գործեցին Տիրոջ առաջ և իրենց գործած մեղքերով նրան ավելի շատ բարկացրին, քան իրենց հայրերը։ Նրանք էլ իրենց համար Բարձր տեղեր ու սյուներ և աստարովթներ շինեցին բոլոր բարձր բլուրների վրա և ամեն մի կանաչ ծառի տակ։ Եվ իգացողներ էլ կային այդ երկրում և ամեն տեսակ գարշելի բաներ էին անում այն ազգերի պես, որոնց Տերը քշել էր Իսրայելի որդիների առջևից։