Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 12:16-24

Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 12:16-24 ՆՎԱԱ

Եվ երբ ամբողջ Իսրայելը տեսավ, որ թագավորը չլսեց իրեն, այն ժամանակ ժողովուրդը պատասխանեց թագավորին և ասաց. «Մենք ի՞նչ բաժին ունենք Դավթի մոտ. և Հեսսեի որդու մոտ էլ ժառանգություն չունենք. քո վրաննե՛րը գնա, ո՛վ Իսրայել, հիմա դու հոգա՛ քո տան համար, ո՛վ Դավիթ»։ Եվ Իսրայելը գնաց իր վրանները։ Եվ Ռոբովամը թագավոր դարձավ Իսրայելի այն որդիների վրա, որ բնակվում էին Հուդայի քաղաքներում։ Եվ Ռոբովամ թագավորն ուղարկեց հարկերի տեսուչ Ադորամին, բայց ամբողջ Իսրայելը նրան քարկոծեց քարերով, և նա մեռավ. և Ռոբովամ թագավորը շտապեց, որ կառք նստի և փախչի Երուսաղեմ։ Այսպես ապստամբեց Իսրայելը Դավթի տան դեմ մինչև այսօր։ Եվ երբ ամբողջ Իսրայելը լսեց, որ Հերոբովամը ետ է եկել, այն ժամանակ մարդ ուղարկեցին ու նրան ժողովի կանչեցին և նրան թագավոր դարձրին ամբողջ Իսրայելի վրա, իսկ Դավթի տանը ուրիշ հետևող չկար, բացի մեկից՝ Հուդայի ցեղից։ Եվ Ռոբովամը եկավ Երուսաղեմ և ամբողջ Հուդայի տնից ու Բենիամինի ցեղից հավաքեց հարյուր ութսուն հազար ընտիր պատերազմողներ, որ պատերազմի Իսրայելի տան դեմ՝ թագավորությունը Սողոմոնի որդի Ռոբովամին վերադարձնելու համար։ Եվ Աստված խոսեց Աստծու մարդ Սեմայիայի հետ և ասաց. «Ասա՛ Հուդայի թագավոր Սողոմոնի որդի Ռոբովամին և ամբողջ Հուդայի ու Բենիամինի տանը և մնացած ժողովրդին. “Այսպես է ասում Տերը. "Մի՛ ելեք և պատերազմ մի՛ արեք ձեր եղբայրների՝ Իսրայելի որդիների դեմ. թող ամեն մարդ վերադառնա իր տուն, որովհետև այս բանն ինձնից է եղել"”»։ Եվ նրանք լսեցին Տիրոջ խոսքը և ետ դարձան ու գնացին Տիրոջ խոսքի համաձայն։