Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 11:1-40

Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 11:1-40 ՆՎԱԱ

Եվ Սողոմոն թագավորը փարավոնի աղջկանից բացի օտարազգի շատ կանանց սիրեց՝ մովաբացիներ, ամմոնացիներ, եդովմացիներ, սիդոնացիներ, քետացիներ. այն ազգերից, որոնց մասին Տերն ասել էր Իսրայելի որդիներին, թե՝ «Մի՛ ամուսնացեք նրանց հետ, և նրանք էլ ձեզ հետ թող չամուսնանան, որ ձեր սրտերը չշեղեն դեպի իրենց աստվածները»։ Սողոմոնը սիրով հարեց նրանց։ Յոթ հարյուր իշխանազուն կին և երեք հարյուր հարճ ուներ, և նրա կանայք խոտորեցին նրա սիրտը։ Եվ Սողոմոնի ծերության ժամանակ նրա կանայք նրա սիրտը շեղեցին դեպի ուրիշ աստվածներ, և նրա սիրտը ուղիղ չէր իր Տեր Աստծու նկատմամբ, ինչպես մաքուր էր իր հայր Դավթի սիրտը։ Եվ Սողոմոնը գնաց սիդոնացիների Աստարովթ աստծու ետևից և ամմոնացիների գարշելի Մեղքոմի ետևից։ Եվ Սողոմոնը չարիք գործեց Տիրոջ առաջ և իր հայր Դավթի պես չհետևեց Տիրոջը։ Այն ժամանակ Սողոմոնը մովաբացիների գարշելի Քամովսի համար մի կռատուն շինեց Երուսաղեմի դիմաց՝ սարի վրա, ինչպես և Ամմոնի որդիների գարշելի Մողոքի համար։ Այսպես էլ արեց օտարազգի իր բոլոր կանանց համար, որոնք խունկ էին ծխում և զոհ մատուցում իրենց աստվածներին։ Տերը բարկացավ Սողոմոնի վրա, քանի որ իր սիրտը շեղել էր Իսրայելի Տեր Աստծուց, որը երկու անգամ երևացել էր նրան և նրան պատվիրել էր, որ չգնա ուրիշ աստվածների ետևից. բայց նա չպահեց, ինչ որ Տերը պատվիրել էր նրան։ Եվ Տերն ասաց Սողոմոնին. «Որովհետև այսպիսի բան է լինում քեզ մոտ, և դու չպահեցիր իմ ուխտը և քեզ հրամայած իմ կանոնները, ես, անշուշտ, քեզնից պիտի խլեմ թագավորությունը և այն պիտի տամ քո ծառային։ Միայն թե քո կյանքի օրերին չեմ անելու քո հայր Դավթի պատճառով, այլ այն պիտի խլեմ քո որդու ձեռքից։ Սակայն չեմ խլելու ամբողջ թագավորությունը. մեկ ցեղը պիտի տամ քո որդուն իմ ծառա Դավթի պատճառով և իմ ընտրած Երուսաղեմի պատճառով»։ Եվ Տերը Սողոմոնի դեմ մի հակառակորդ ոտքի հանեց՝ Եդովմի թագավորի սերնդից եդովմացի Ադադին։ Որովհետև Դավիթը Եդովմում եղած ժամանակ, երբ զորապետ Հովաբը գնացել էր, որ սպանվածներին թաղի, Եդովմում նա կոտորեց բոլոր արուներին, որովհետև Հովաբը և ամբողջ Իսրայելը վեց ամիս բնակվեցին այնտեղ, մինչև որ Եդովմում բնաջինջ արեցին բոլոր արուներին։ Այդ ժամանակ էլ Ադադն ինքն ու իր հոր ծառաներից մարդիկ, որ եդովմացի էին, իր հետ փախան, գնացին Եգիպտոս, երբ Ադադը փոքր երեխա էր։ Եվ նրանք Մադիամից վեր կացան ու եկան Փառան և Փառանից իրենց հետ մարդիկ վերցրին ու գնացին Եգիպտոս՝ Եգիպտոսի թագավոր փարավոնի մոտ։ Եվ նա նրան տուն ու հաց տվեց և հող շնորհեց նրան։ Եվ Ադադը մեծ շնորհ գտավ փարավոնի առաջ, և նա իր կնոջ քրոջը՝ Թահփենես թագուհու քրոջը, կնության տվեց նրան։ Եվ Թահփենեսի քույրը նրա համար ծնեց Գանեբաթին, և Թահփենեսը նրան մեծացրեց փարավոնի պալատում, և Գանեբաթը փարավոնի պալատում փարավոնի որդիների հետ էր լինում։ Եվ երբ Ադադը Եգիպտոսում լսեց, թե Դավիթը ննջել է իր հայրերի հետ, և թե զորապետ Հովաբն էլ է մեռել, Ադադն ասաց փարավոնին. «Ինձ արձակի՛ր, որ իմ երկիրը գնամ»։ Եվ փարավոնն ասաց նրան. «Ի՞նչդ է պակաս ինձ մոտ, որ հիմա ուզում ես քո երկիրը գնալ». բայց նա ասաց. «Ո՛չ, բայց ինձ անպայման արձակի՛ր»։ Եվ Աստված Սողոմոնի դեմ մի հակառակորդ էլ ոտքի հանեց՝ Եղիադայի որդի Ռազոնին, որը փախել էր իր տիրոջից՝ Սուբայի թագավոր Ադրաազարից։ Նա մարդիկ էր հավաքել իր մոտ և դարձել գնդապետ. և երբ Դավիթը սկսեց նրանց կոտորել, նրանք գնացին Դամասկոս և բնակվեցին այնտեղ ու թագավորեցին Դամասկոսում։ Նա Իսրայելի հակառակորդն էր Սողոմոնի կյանքի բոլոր օրերին. բացի այն չարիքից, որ Ադադն էր անում, նա էլ էր նեղում Իսրայելին. և թագավորեց ասորիների վրա։ Եվ թագավորի դեմ ձեռք բարձրացրեց նաև Սողոմոնի ծառա Սարեդայից եփրաթացի Նաբատի որդի Հերոբովամը, որի մայրը որբևայրի մի կին էր, անունը՝ Սարուա։ Այս է թագավորի դեմ նրա ձեռք բարձրացնելու պատմությունը. Սողոմոնը շինել էր Մելոնը և ամրացրել իր հայր Դավթի քաղաքի պատի քանդված մասերը. Հերոբովամը մի քաջարի մարդ էր, և երբ Սողոմոնը նկատեց, որ նա գործունյա տղամարդ է, նրան վերակացու դրեց Հովսեփի տան բոլոր ստրուկ գործավորների վրա։ Եվ երբ այդ օրերին Հերոբովամը դուրս էր եկել Երուսաղեմից, նրան հանդիպեց սիլոնացի Աքիա մարգարեն, որը նոր վերարկու էր հագել. և նրանք երկուսով մենակ էին դաշտում։ Եվ Աքիան բռնեց իր վրայի նոր վերարկուից, պատառոտեց և տասներկու կտոր արեց այն։ Եվ Հերոբովամին ասաց. «Տասը կտոր վերցրո՛ւ քեզ համար, քանզի այսպես է ասում Իսրայելի Տեր Աստվածը. “Ահա ես պիտի Սողոմոնի ձեռքից խլեմ թագավորությունը և տասը ցեղ տամ քեզ, իսկ մի ցեղը նրանը կլինի իմ ծառա Դավթի պատճառով և Իսրայելի բոլոր ցեղերից իմ ընտրած Երուսաղեմ քաղաքի պատճառով։ Որովհետև ինձ թողեցին և երկրպագություն արեցին սիդոնացիների Աստարովթ աստծուն, Մովաբի Քամովս աստծուն և Ամմոնի որդիների Մեղքոմ աստծուն և չգնացին իմ ճանապարհներով, որ կատարեին այն, ինչ ուղիղ է իմ առաջ, և կատարեին իմ կանոններն ու իրավունքները, ինչպես արել է նրա հայր Դավիթը։ Բայց ամբողջ թագավորությունը չեմ վերցնելու նրա ձեռքից, այլ նրան իշխան կդնեմ իր կյանքի բոլոր օրերին՝ իմ ծառա Դավթի պատճառով, որին ընտրել եմ ես, և որը պահել է իմ պատվերներն ու իմ կանոնները։ Սակայն թագավորությունը պիտի վերցնեմ նրա որդու ձեռքից և տամ քեզ, այսինքն՝ տասը ցեղերը։ Եվ նրա որդուն պիտի տամ մեկ ցեղը, որ իմ ծառա Դավիթը միշտ մի ճրագ ունենա իմ առջև Երուսաղեմում՝ այն քաղաքում, որը ես ընտրել եմ իմ անունն այնտեղ դնելու համար։ Եվ ես վեր եմ բարձրացնելու քեզ, և դու պիտի թագավորես քո ցանկացածի պես և պիտի թագավոր լինես Իսրայելի վրա։ Եվ եթե լինի այնպես, որ լսես այն ամենը, ինչ պատվիրեմ քեզ, գնաս իմ ճանապարհով և անես այն, ինչ հաճելի է ինձ, և պահես իմ կանոններն ու պատվիրանները, ինչպես անում էր իմ Դավիթ ծառան, այն ժամանակ ես կլինեմ քեզ հետ և քեզ համար հաստատուն տուն կշինեմ, ինչպես շինել եմ Դավթի համար, և Իսրայելը կտամ քեզ։ Եվ պիտի պատժեմ Դավթի սերնդին այս իսկ պատճառով, բայց ոչ մշտապես”»։ Եվ Սողոմոնը ջանում էր, որ սպանի Հերոբովամին, բայց Հերոբովամը վեր կացավ և փախավ Եգիպտոս՝ Եգիպտոսի թագավոր Սիսակի մոտ, և Եգիպտոսում մնաց մինչև Սողոմոնի մահը։