Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 11:1-13

Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 11:1-13 ՆՎԱԱ

Եվ Սողոմոն թագավորը փարավոնի աղջկանից բացի օտարազգի շատ կանանց սիրեց՝ մովաբացիներ, ամմոնացիներ, եդովմացիներ, սիդոնացիներ, քետացիներ. այն ազգերից, որոնց մասին Տերն ասել էր Իսրայելի որդիներին, թե՝ «Մի՛ ամուսնացեք նրանց հետ, և նրանք էլ ձեզ հետ թող չամուսնանան, որ ձեր սրտերը չշեղեն դեպի իրենց աստվածները»։ Սողոմոնը սիրով հարեց նրանց։ Յոթ հարյուր իշխանազուն կին և երեք հարյուր հարճ ուներ, և նրա կանայք խոտորեցին նրա սիրտը։ Եվ Սողոմոնի ծերության ժամանակ նրա կանայք նրա սիրտը շեղեցին դեպի ուրիշ աստվածներ, և նրա սիրտը ուղիղ չէր իր Տեր Աստծու նկատմամբ, ինչպես մաքուր էր իր հայր Դավթի սիրտը։ Եվ Սողոմոնը գնաց սիդոնացիների Աստարովթ աստծու ետևից և ամմոնացիների գարշելի Մեղքոմի ետևից։ Եվ Սողոմոնը չարիք գործեց Տիրոջ առաջ և իր հայր Դավթի պես չհետևեց Տիրոջը։ Այն ժամանակ Սողոմոնը մովաբացիների գարշելի Քամովսի համար մի կռատուն շինեց Երուսաղեմի դիմաց՝ սարի վրա, ինչպես և Ամմոնի որդիների գարշելի Մողոքի համար։ Այսպես էլ արեց օտարազգի իր բոլոր կանանց համար, որոնք խունկ էին ծխում և զոհ մատուցում իրենց աստվածներին։ Տերը բարկացավ Սողոմոնի վրա, քանի որ իր սիրտը շեղել էր Իսրայելի Տեր Աստծուց, որը երկու անգամ երևացել էր նրան և նրան պատվիրել էր, որ չգնա ուրիշ աստվածների ետևից. բայց նա չպահեց, ինչ որ Տերը պատվիրել էր նրան։ Եվ Տերն ասաց Սողոմոնին. «Որովհետև այսպիսի բան է լինում քեզ մոտ, և դու չպահեցիր իմ ուխտը և քեզ հրամայած իմ կանոնները, ես, անշուշտ, քեզնից պիտի խլեմ թագավորությունը և այն պիտի տամ քո ծառային։ Միայն թե քո կյանքի օրերին չեմ անելու քո հայր Դավթի պատճառով, այլ այն պիտի խլեմ քո որդու ձեռքից։ Սակայն չեմ խլելու ամբողջ թագավորությունը. մեկ ցեղը պիտի տամ քո որդուն իմ ծառա Դավթի պատճառով և իմ ընտրած Երուսաղեմի պատճառով»։

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում