Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 11:1-10

Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 11:1-10 ՆՎԱԱ

Եվ Սողոմոն թագավորը փարավոնի աղջկանից բացի օտարազգի շատ կանանց սիրեց՝ մովաբացիներ, ամմոնացիներ, եդովմացիներ, սիդոնացիներ, քետացիներ. այն ազգերից, որոնց մասին Տերն ասել էր Իսրայելի որդիներին, թե՝ «Մի՛ ամուսնացեք նրանց հետ, և նրանք էլ ձեզ հետ թող չամուսնանան, որ ձեր սրտերը չշեղեն դեպի իրենց աստվածները»։ Սողոմոնը սիրով հարեց նրանց։ Յոթ հարյուր իշխանազուն կին և երեք հարյուր հարճ ուներ, և նրա կանայք խոտորեցին նրա սիրտը։ Եվ Սողոմոնի ծերության ժամանակ նրա կանայք նրա սիրտը շեղեցին դեպի ուրիշ աստվածներ, և նրա սիրտը ուղիղ չէր իր Տեր Աստծու նկատմամբ, ինչպես մաքուր էր իր հայր Դավթի սիրտը։ Եվ Սողոմոնը գնաց սիդոնացիների Աստարովթ աստծու ետևից և ամմոնացիների գարշելի Մեղքոմի ետևից։ Եվ Սողոմոնը չարիք գործեց Տիրոջ առաջ և իր հայր Դավթի պես չհետևեց Տիրոջը։ Այն ժամանակ Սողոմոնը մովաբացիների գարշելի Քամովսի համար մի կռատուն շինեց Երուսաղեմի դիմաց՝ սարի վրա, ինչպես և Ամմոնի որդիների գարշելի Մողոքի համար։ Այսպես էլ արեց օտարազգի իր բոլոր կանանց համար, որոնք խունկ էին ծխում և զոհ մատուցում իրենց աստվածներին։ Տերը բարկացավ Սողոմոնի վրա, քանի որ իր սիրտը շեղել էր Իսրայելի Տեր Աստծուց, որը երկու անգամ երևացել էր նրան և նրան պատվիրել էր, որ չգնա ուրիշ աստվածների ետևից. բայց նա չպահեց, ինչ որ Տերը պատվիրել էր նրան։