Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 10:14-29

Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 10:14-29 ՆՎԱԱ

Մեկ տարվա ընթացքում Սողոմոնի համար եկած ոսկու կշիռը վեց հարյուր վաթսունվեց տաղանդ ոսկի էր, բացի այն ոսկուց, որ գալիս էր վաճառականներից, առևտրականներից և Արաբիայի թագավորներից ու երկրի կառավարիչներից։ Եվ Սողոմոն թագավորը երկու հարյուր վահան շինեց կռածո ոսկուց. յուրաքանչյուր վահանի համար գնաց վեց հարյուր սիկղ ոսկի։ Եվ երեք հարյուր ասպար՝ կռածո ոսկուց. յուրաքանչյուր ասպարի համար երեք մնաս ոսկի ծախսվեց. և թագավորը դրանք դրեց «Լիբանանի անտառի տանը»։ Եվ թագավորը փղոսկրյա մի մեծ գահ շինեց և այն պատեց մաքուր ոսկով։ Գահը վեց աստիճաններ ուներ, և գահի գլուխը բոլորաձև էր ետևից, իսկ նստելու տեղը թե՛ այս և թե՛ մյուս կողմից հենարաններ ուներ, և այդ հենարանների մոտ քանդակված երկու առյուծներ կային։ Եվ տասներկու առյուծներ էլ կանգնած էին վեց աստիճանների վրա՝ թե՛ այս կողմից և թե՛ այն կողմից. այսպիսի բան չէր շինված ոչ մի թագավորության մեջ։ Եվ Սողոմոն թագավորի ըմպելիքի բոլոր անոթները ոսկե էին, և «Լիբանանի անտառի տան» բոլոր անոթները մաքուր ոսկուց էին, արծաթից չէին, քանի որ Սողոմոնի օրոք արծաթը մի բան չէր համարվում։ Որովհետև թագավորը Քիրամի նավերի հետ ծովում Թարսիսի նավեր ուներ. երեք տարին մեկ Թարսիսի նավերը գալիս էին բեռնված ոսկով և արծաթով, փղոսկրով, կապիկներով և սիրամարգներով։ Եվ Սողոմոն թագավորը հարստությամբ և իմաստությամբ գերազանցեց երկրի բոլոր թագավորներին։ Ամբողջ երկիրը փափագում էր տեսնել Սողոմոնի երեսը, որ լսի նրա այն իմաստությունը, որ Աստված տվել էր նրա սրտին։ Եվ ամեն տարի նրանցից ամեն մեկը բերում էր իր ընծան՝ արծաթե անոթներ ու ոսկե անոթներ, հանդերձներ, զենքեր, խնկեղեն, ձիեր և ջորիներ։ Սողոմոնը կառքեր և ձիավորներ հավաքեց. ուներ հազար չորս հարյուր կառք և տասներկու հազար ձիավոր. և նրանց տեղավորեց կառքերի քաղաքներում ու Երուսաղեմում՝ թագավորի մոտ։ Եվ թագավորը Երուսաղեմում արծաթը քարի պես հասարակ բան դարձրեց և եղևնափայտն էլ դարձրեց դաշտի մոլաթզենիների նման շատ։ Եվ Սողոմոնի համար ձիերը բերում էին Եգիպտոսից և Կուայից. թագավորի վաճառականների կարավանը ձիերը երամակով էր ծախու առնում։ Մեկ կառքը Եգիպտոսից գնվում և բերվում էր վեց հարյուր արծաթով, իսկ ձին՝ հարյուր հիսունով։ Այդպես էլ արտահանում էին իրենց ձեռքով քետացիների թագավորների և ասորիների թագավորների համար։