Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 1:1-15

Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 1:1-15 ՆՎԱԱ

Դավիթ թագավորը ծերացել էր, տարիքն առել էր, և նրան ծածկում էին ծածկոցներով, բայց նա չէր տաքանում։ Եվ նրա ծառաներն ասացին նրան. «Թող մեր տեր թագավորի համար մի կույս աղջիկ փնտրեն, որ սպասավորի թագավորի առաջ, խնամի նրան. պառկի քո ծոցում, որ մեր տեր թագավորը տաքանա»։ Եվ մի գեղեցիկ աղջիկ փնտրեցին Իսրայելի ամբողջ սահմաններում և գտան սունամացի Աբիսակին ու նրան բերեցին թագավորի մոտ։ Աղջիկը շատ գեղեցիկ էր. խնամում էր թագավորին և ծառայում, բայց թագավորը չկենակցեց նրա հետ։ Ագգիթի որդի Ադոնիան գոռոզացավ և ասաց. «Ես պետք է թագավոր լինեմ»։ Եվ կառքեր ու ձիավորներ պատրաստեց իր համար և հիսուն մարդ, որոնք գնում էին իր առջևից։ Նրա հայրն իր օրում չէր հանդիմանել նրան, չէր ասել, թե՝ «Այդ ինչո՞ւ ես այդպես անում»։ Տեսքով էլ նա շատ գեղեցիկ էր և ծնվել էր Աբիսողոմից հետո։ Եվ նա խորհուրդ արեց Շարուհեայի որդի Հովաբի և Աբիաթար քահանայի հետ, որոնք օգնում էին Ադոնիային՝ հետևելով նրան։ Բայց Սադովկ քահանան ու Հովիադայի որդի Բանեան, Նաթան մարգարեն ու Սեմեին, Ռեին ու Դավթի քաջարի մարդիկ Ադոնիայի հետ չէին։ Ադոնիան ոչխարներ, եզներ ու գեր անասուններ մորթեց Զոողեթի քարի մոտ, որը գտնվում է Ռովգելի աղբյուրի մոտ, և կանչեց իր բոլոր եղբայրներին՝ թագավորի որդիներին, և Հուդայի բոլոր տղամարդկանց, որոնք թագավորի ծառաներն էին։ Բայց Նաթան մարգարեին, Բանեային, զորավորներին և իր եղբայր Սողոմոնին չկանչեց։ Եվ Նաթանն ասաց Բերսաբեին՝ Սողոմոնի մորը. «Չե՞ս լսել, որ Ագգիթի որդի Ադոնիան թագավոր է դարձել, և մեր տերը՝ Դավիթը, չգիտի։ Արդ, ե՛կ քեզ մի խրատ տամ, որ ազատես քո կյանքը և քո որդի Սողոմոնի կյանքը։ Գնա մտի՛ր Դավիթ թագավորի մոտ և ասա՛ նրան. “Չէ՞ որ դու ինքդ, իմ տե՛ր թագավոր, երդվեցիր քո աղախնին՝ ասելով, թե՝ "Քո որդի Սողոմոնը պիտի թագավոր լինի ինձնից հետո, և նա պիտի նստի իմ աթոռին"։ Հապա ինչո՞ւ է Ադոնիան դարձել թագավոր”։ Եվ երբ դու այնտեղ թագավորի հետ դեռևս խոսելիս կլինես, ես ներս կմտնեմ ու կհաստատեմ քո խոսքը»։ Եվ Բերսաբեն գնաց թագավորի մոտ՝ նրա սենյակը. թագավորը շատ էր ծեր, և սունամացի Աբիսակը ծառայում էր թագավորին։