Ա Հովհաննես 5
5
Մեր հաղթանակը աշխարհի հանդեպ
1Ամեն ոք, ով հավատում է, որ Հիսուսն է Քրիստոսը, Աստծուց է ծնված, և ամեն ոք, ով սիրում է ծնունդ տվողին, նրանից ծնվածին էլ է սիրում։ 2Նրանով ենք ճանաչում, որ սիրում ենք Աստծու զավակներին, երբ սիրում ենք Աստծուն և նրա պատվիրանները պահում։ 3Որովհետև սա է Աստծու սերը. որ պահենք նրա պատվիրանները։ Նրա պատվիրանները ծանր չեն, 4որովհետև ամեն ոք, ով Աստծուց է ծնված, հաղթում է աշխարհին։ Սա՛ է այն հաղթությունը, որ աշխարհին հաղթեց, այսինքն՝ մեր հավատը։ 5Եվ ո՞վ է, որ աշխարհին հաղթում է, եթե ոչ նա, ով հավատում է, որ Հիսուսն Աստծու Որդին է։
Վկայություն Քրիստոսի մասին
6Սա է, որ եկավ ջրով ու արյամբ՝ Հիսուս Քրիստոսը. ոչ միայն ջրով, այլ ջրով ու արյամբ, և Հոգին է, որ վկայում է, որովհետև Հոգին է ճշմարտությունը։ 7Այդ երեքն են, որ վկայում են՝ 8Հոգին, ջուրը և արյունը. և այս երեքը մեկ են։ 9Եթե մարդկանց վկայությունն ընդունում ենք, Աստծու վկայությունն ավելի մեծ է, որովհետև սա է Աստծու վկայությունը, որ իր Որդու մասին վկայեց։ 10Ով Աստծու Որդուն հավատում է, ինքն իր մեջ այս վկայությունն ունի, ով Աստծուն չի հավատում, նրան սուտ է հանում, որովհետև չհավատաց այն վկայությանը, որ Աստված վկայեց իր Որդու մասին։ 11Եվ սա է վկայությունը, որ Աստված մեզ հավիտենական կյանք տվեց, և այս կյանքը նրա Որդու մեջ է։ 12Ով Որդուն ունի, նա կյանք ունի, և ով Աստծու Որդուն չունի, կյանք չունի։
Հավիտենական կյանք
13Այս բաները գրեցի ձեզ, որպեսզի իմանաք, որ դուք՝ Աստծու Որդու անվանը հավատացողներդ, հավիտենական կյանք ունեք։ 14Սա է այն վստահությունը, որ նրա նկատմամբ ունենք, թե ինչ որ ըստ նրա կամքի խնդրում ենք, լսում է մեզ։ 15Եվ եթե գիտենք, որ լսում է մեզ, ինչ որ խնդրում ենք, գիտենք նաև, որ նրանից ստանում ենք մեր խնդրածները։
16Եթե մեկն իր եղբորը տեսնի, որ ոչ մահացու մեղք է գործել, թող խնդրի, և Աստված ոչ մահացու մեղք գործողին կյանք կտա։ Կա մեղք, որ մահացու է. ես դրա՛ մասին չեմ ասում, որ խնդրես։ 17Ամենայն անարդար արարք մեղք է. բայց կան մեղքեր, որոնք մահվան չեն առաջնորդում։
18Գիտենք, որ ամեն ոք, ով Աստծուց է ծնված, մեղք չի գործում, իսկ ով Աստծուց է ծնված, պահում է իրեն, և չարը նրան չի մոտենում։ 19Գիտենք, որ Աստծուց ենք, և ամբողջ աշխարհը չարի մեջ է։ 20Եվ գիտենք, որ Աստծու Որդին եկավ ու մեզ միտք տվեց, որպեսզի ճշմարիտը ճանաչենք. և ճշմարիտի մեջ ենք, այսինքն՝ նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի մեջ։ Նա է ճշմարիտ Աստվածն ու հավիտենական կյանքը։ 21Որդյակնե՛ր, ինքներդ ձեզ հեռո՛ւ պահեք կուռքերից։
Արդեն Ընտրված.
Ա Հովհաննես 5: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018