Որդյակնե՛ր իմ, սա գրում եմ ձեզ, որպեսզի չմեղանչեք. իսկ եթե մեկը մեղանչի, բարեխոս ունենք Հոր առաջ Հիսուս Քրիստոսին՝ արդարին։ Եվ նա է քավությունը մեր մեղքերի համար, և ոչ միայն մեր, այլ նաև ամբողջ աշխարհի։
Եվ սրանով գիտենք, որ ճանաչեցինք նրան, եթե նրա պատվիրանները պահենք։ Ով ասում է. «Նրան ճանաչեցի», բայց նրա պատվիրանները չի պահում, ստախոս է, և նրա մեջ ճշմարտություն չկա։ Բայց ով նրա խոսքը պահում է, Աստծու սերը նրա մեջ հիրավի կատարյալ է. դրանով իմանում ենք, որ նրա մեջ ենք։ Ով ասում է. «Նրա մեջ եմ ապրում», պետք է ինքն էլ այնպես ընթանա, ինչպես որ նա ընթացավ։
Սիրելինե՛ր, ոչ թե մի նոր պատվիրան եմ գրում ձեզ, այլ հին պատվիրանը, որ սկզբից ունեիք, և հին պատվիրանն այն խոսքն է, որ լսեցիք։ Այդուհանդերձ նոր պատվիրան եմ գրում ձեզ, որ ճշմարիտ է նրա մեջ ու ձեր մեջ, որովհետև խավարն անցնում է, և ճշմարիտ լույսն արդեն երևում է։ Ով ասում է, թե լույսի մեջ է և իր եղբորն ատում է, մինչև հիմա խավարի մեջ է։ Ով իր եղբորը սիրում է, լույսի մեջ է ապրում, և նրա մեջ գայթակղություն չկա։ Իսկ ով իր եղբորն ատում է, խավարի մեջ է ու խավարի մեջ է շրջում և չգիտի, թե ո՛ւր է գնում, որովհետև խավարը կուրացրել է նրա աչքերը։
Գրում եմ ձեզ, որդյակնե՛ր,
որովհետև ձեր մեղքերը ներված են
նրա անվան համար։
Գրում եմ ձեզ, հայրե՛ր,
որովհետև ճանաչեցիք նրան,
ով ի սկզբանե է։
Գրում եմ ձեզ, երիտասարդնե՛ր,
որովհետև հաղթեցիք չարին։
Գրում եմ ձեզ, զավակնե՛ր,
որովհետև ճանաչեցիք Հորը։
Գրեցի ձեզ, հայրե՛ր,
որովհետև ճանաչեցիք նրան, ով ի սկզբանե է։
Գրեցի ձեզ, երիտասարդնե՛ր,
որովհետև դուք զորավոր եք,
և Աստծու խոսքը բնակվում է ձեր մեջ,
և դուք հաղթեցիք չարին։