Ա Կորնթացիներին 9:8-18

Ա Կորնթացիներին 9:8-18 ՆՎԱԱ

Մի՞թե ես այս մարդկայնորեն եմ ասում, կամ չէ՞ որ օրենքն էլ է նույն բաներն ասում, որովհետև Մովսեսի օրենքում գրված է. «Կալում աշխատող եզան դունչը մի՛ կապիր» ։ Մի՞թե Աստված եզների համար էր հոգում։ Իհարկե մեզ համար է ասում, որովհետև մեր մասին է գրված, որ հերկողը պետք է հույսով հերկի, և կալսողն իր հույսը վայելելու հույսով կալսի։ Եթե մենք ձեր մեջ հոգևոր սերմեր ցանեցինք, մե՞ծ բան է, որ ձեզանից նյութական բարիք հնձենք։ Եթե ուրիշները ձեզ վրա այդ իրավունքն ունեն, չէ՞ որ մենք՝ առավել ևս։ Բայց մենք այդ իրավունքը չբանեցրինք, այլ ամեն բանի համբերում ենք, որ Քրիստոսի Ավետարանին արգելք չլինենք։ Չգիտե՞ք, որ նրանք, ովքեր տաճարում են գործում, տաճարից են սնվում, իսկ նրանք, ովքեր զոհասեղանին են սպասավորում, զոհասեղանից են բաժին ստանում։ Նույն կերպ էլ Տերը հրաման տվեց Ավետարանը քարոզողներին Ավետարանից ապրել։ Բայց ես սրանցից ոչ մեկն էլ չգործադրեցի, ոչ էլ այս բաները գրեցի, որ ինձ համար այդպես լինի, որովհետև ավելի լավ է՝ ես մեռնեմ, քան թե մեկն իմ պարծանքը ունայն համարի։ Որովհետև եթե Ավետարանը քարոզեմ, դա ինձ համար պարծանք չի լինի, քանի որ դա ինձ վրա դրված պարտավորություն է, և վա՛յ ինձ, եթե Ավետարանը չքարոզեմ։ Եթե դա իմ կամքով անեմ, վարձ կունենամ, իսկ եթե ոչ, ապա դա ինձ Տիրոջից վստահված տնտեսություն է։ Հապա իմ վարձն ի՞նչ է. այն, որ Ավետարանը ձրի քարոզեմ՝ չօգտվելով այն իրավունքից, որ Ավետարանից է։