Ա Կորնթացիներին 9:13-23

Ա Կորնթացիներին 9:13-23 ՆՎԱԱ

Չգիտե՞ք, որ նրանք, ովքեր տաճարում են գործում, տաճարից են սնվում, իսկ նրանք, ովքեր զոհասեղանին են սպասավորում, զոհասեղանից են բաժին ստանում։ Նույն կերպ էլ Տերը հրաման տվեց Ավետարանը քարոզողներին Ավետարանից ապրել։ Բայց ես սրանցից ոչ մեկն էլ չգործադրեցի, ոչ էլ այս բաները գրեցի, որ ինձ համար այդպես լինի, որովհետև ավելի լավ է՝ ես մեռնեմ, քան թե մեկն իմ պարծանքը ունայն համարի։ Որովհետև եթե Ավետարանը քարոզեմ, դա ինձ համար պարծանք չի լինի, քանի որ դա ինձ վրա դրված պարտավորություն է, և վա՛յ ինձ, եթե Ավետարանը չքարոզեմ։ Եթե դա իմ կամքով անեմ, վարձ կունենամ, իսկ եթե ոչ, ապա դա ինձ Տիրոջից վստահված տնտեսություն է։ Հապա իմ վարձն ի՞նչ է. այն, որ Ավետարանը ձրի քարոզեմ՝ չօգտվելով այն իրավունքից, որ Ավետարանից է։ Բոլորից ազատ լինելով՝ ինքս ինձ բոլորին ծառա եմ դարձրել, որ շատերին շահեմ։ Հրեաների հետ հրեայի պես եղա, որ հրեաներին շահեմ։ Օրենքի տակ եղողների հետ օրենքի տակ եղողի պես եղա, որպեսզի օրենքի տակ եղողներին շահեմ։ Օրենք չունեցողների հետ օրենք չունեցողի պես եղա, իբր ոչ թե ես Աստծու առաջ օրենք չունեի, այլ Քրիստոսի օրենքի տակ էի, որպեսզի օրենք չունեցողներին շահեմ։ Տկարների հետ տկարի պես եղա, որ տկարներին շահեմ։ Ամենքի հետ ամեն ինչ եղա, որ ինչ էլ լինի, ոմանց փրկեմ։ Այս ամենն անում եմ Ավետարանի համար, որպեսզի նրան հաղորդակից լինեմ։