Ա Կորնթացիներին 9:1-12

Ա Կորնթացիներին 9:1-12 ՆՎԱԱ

Չէ՞ որ ազատ եմ, չէ՞ որ առաքյալ եմ, չէ՞ որ մեր Տեր Հիսուս Քրիստոսին տեսել եմ, չէ՞ որ դուք իմ գործն եք Տիրոջով։ Թեկուզ ուրիշների համար առաքյալ չեմ, բայց հենց ձեզ համար առաքյալ եմ. իմ առաքելության կնիքը դուք եք Տիրոջով։ Ինձ հարցաքննողների դեմ իմ պատասխանը սա է։ Մի՞թե մենք ուտելու և խմելու իրավունք չունենք։ Մի՞թե մեզ հետ քույր, կին պտտեցնելու իրավունք չունենք, ինչպես ուրիշ առաքյալները, Տիրոջ եղբայրներն ու Կեփասը։ Կամ մի՞թե միայն ես և Բառնաբասը չաշխատելու իրավունք չունենք։ Ո՞վ է, որ երբևէ իր սեփական ծախսերով է զինվորություն անում։ Ո՞վ է, որ այգի է տնկում և նրա պտղից չի ուտում։ Ո՞վ է, որ հոտ է արածեցնում և հոտի կաթից չի խմում։ Մի՞թե ես այս մարդկայնորեն եմ ասում, կամ չէ՞ որ օրենքն էլ է նույն բաներն ասում, որովհետև Մովսեսի օրենքում գրված է. «Կալում աշխատող եզան դունչը մի՛ կապիր» ։ Մի՞թե Աստված եզների համար էր հոգում։ Իհարկե մեզ համար է ասում, որովհետև մեր մասին է գրված, որ հերկողը պետք է հույսով հերկի, և կալսողն իր հույսը վայելելու հույսով կալսի։ Եթե մենք ձեր մեջ հոգևոր սերմեր ցանեցինք, մե՞ծ բան է, որ ձեզանից նյութական բարիք հնձենք։ Եթե ուրիշները ձեզ վրա այդ իրավունքն ունեն, չէ՞ որ մենք՝ առավել ևս։ Բայց մենք այդ իրավունքը չբանեցրինք, այլ ամեն բանի համբերում ենք, որ Քրիստոսի Ավետարանին արգելք չլինենք։