Ա Կորնթացիներին 7:17-38

Ա Կորնթացիներին 7:17-38 ՆՎԱԱ

Միայն թե ամեն ոք թող ապրի այն վիճակում, որ Տերը բաժին է հանել. ինչպես որ նրան Աստված կանչեց, թող այնպես ընթանա։ Ես բոլոր եկեղեցիներում այսպես եմ պատվիրում։ Մեկը թլփատվա՞ծ է կանչվել, թող անթլփատ չձևանա. մեկն անթլփա՞տ է կանչվել, թող չթլփատվի։ Ո՛չ թլփատությունն է կարևոր, ո՛չ էլ անթլփատությունը, այլ Աստծու պատվիրանները պահելը։ Ամեն ոք ինչ կոչման մեջ որ կանչվեց, թող նրա մեջ մնա։ Ծառա՞ էիր, երբ կանչվեցիր, հոգ մի՛ արա, բայց եթե կարող ես նաև ազատ լինել, առավել ևս դրանի՛ց օգտվիր։ Որովհետև Տիրոջով կանչված ծառան Տիրոջ ազատն է, նույն կերպ էլ իբրև ազատ կանչվածը Քրիստոսի ծառան է։ Մեծ գնով եք գնվել. մարդկանց ծառաներ մի՛ դարձեք։ Եղբայրնե՛ր, յուրաքանչյուր ոք ինչ կոչմամբ կանչվեց, Աստծու առաջ թող դրա մեջ մնա։ Կույսերի վերաբերյալ Տիրոջից հրաման չունեմ, սակայն որպես Տիրոջից ողորմություն գտած և վստահելի մեկը՝ խրատ եմ տալիս։ Արդ կարծում եմ, որ ներկայիս նեղության պատճառով լավ է մարդն այդպես լինի։ Կնոջ հետ կապվա՞ծ ես, մի՛ փորձիր բաժանվել, բաժանվա՞ծ ես կնոջից, այլ կին մի՛ փնտրիր։ Բայց եթե ամուսնանաս, մեղանչած չես լինի, և եթե մի կույս ամուսնանա, մեղանչած չի լինի. բայց այդպիսիները մարմնական նեղություն կունենան, իսկ ես կցանկանայի ձեզ խնայել։ Սակայն սա եմ ասում, եղբայրնե՛ր, որ այսուհետև ժամանակը կարճ է, այնպես որ կին ունեցողները չունեցողների պես թող լինեն, լաց լինողները՝ չլացողների պես, ուրախացողները՝ չուրախացողների, իսկ գնորդները թող լինեն այնպես, իբր գնածի տերը չեն, այս աշխարհից օգտվողները՝ չօգտվողների պես, որովհետև այս աշխարհի արտաքինը ստվերի պես հեռանում է։ Ուզում եմ, որ դուք առանց հոգսի լինեք. չամուսնացածը Տիրոջ գործերի մասին է հոգ անում, թե ինչպե՛ս Տիրոջը հաճելի լինի, սակայն ամուսնացածն աշխարհիկ գործերի մասին է հոգում, թե ինչպե՛ս կնոջը հաճելի լինի։ Իրարից տարբերվում են նաև ամուսնացած կինն ու կույսը. կույսը Տիրոջ գործերի մասին է հոգում, որ մարմնով ու հոգով սուրբ լինի, իսկ ամուսնացած կինն աշխարհիկ գործերի մասին է հոգում, թե ինչպե՛ս իր ամուսնուն հաճելի լինի։ Սա ես ձեր օգուտի համար եմ ասում։ Ոչ թե ձեզ վրա բեռ եմ դնում, այլ որպեսզի պարկեշտությամբ և անարգել Տիրոջը ծառայեք։ Եթե մեկն իր կույսի համար ամաչի, որ նա հասուն տարիքում է, և դա այդպես պետք է լինի, թող անի, ինչ որ կամենում է. մեղանչած չի լինի, թող ամուսնացնեն։ Սակայն ով իր սրտում հաստատուն է և կարիք էլ չունի, նա իր կամքի վրա իշխանություն ունի. և ով իր սրտում վճռել է իր կույսին պահել, ճիշտ է անում։ Ուստի ով իր կույսին ամուսնացնում է, լավ է անում, իսկ ով չի ամուսնացնում, է՛լ ավելի լավ է անում։

Ա Կորնթացիներին 7:17-38 հետ կապված անվճար Ընթերցանության ծրագրեր և Շինության խոսքեր

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում