Ա Կորնթացիներին 7:1-40

Ա Կորնթացիներին 7:1-40 ՆՎԱԱ

Արդ այն բաների մասին, որ գրել էիք ինձ։ Մարդու համար լավ է, որ կնոջ չմոտենա։ Սակայն պոռնկությունից խուսափելու համար թող ամեն մարդ իր կինն ունենա, և ամեն կին իր ամուսինն ունենա։ Ամուսինը թող իր կնոջ հանդեպ պարտքը կատարի, նույն կերպ էլ կինը՝ իր ամուսնու հանդեպ։ Կինն իր մարմնի վրա իշխանություն չունի, այլ ամուսինը. նույն կերպ էլ ամուսինն իր մարմնի վրա իշխանություն չունի, այլ կինը։ Միմյանց մի՛ զրկեք, այլ միայն ժամանակավոր փոխհամաձայնությամբ, որպեսզի աղոթքով զբաղվեք։ Ապա նորից միմյա՛նց վերադարձեք, որպեսզի ձեր անժուժկալության պատճառով սատանան չփորձի ձեզ։ Բայց սա թույլ տալով եմ ասում և ոչ թե հրամայելով։ Որովհետև կամենում եմ, որ ամեն մարդ ինձ նման լինի։ Սակայն յուրաքանչյուր ոք Աստծուց իր շնորհն ունի. մեկը՝ այսպես, մյուսը՝ այնպես։ Բայց ամուրիներին ու այրիներին ասում եմ. նրանց համար լավ է, որ ինձ պես մնան։ Իսկ եթե ժուժկալություն չունեն, թող ամուսնանան, որովհետև ավելի լավ է ամուսնանալ, քան այրվել։ Բայց ամուսնացածներին պատվիրում եմ ոչ թե ես, այլ Տերը, որ կինն իր ամուսնուց չբաժանվի։ Իսկ եթե բաժանվի, թող առանց ամուսնանալու մնա կամ իր ամուսնու հետ հաշտվի։ Ամուսինն էլ կնոջը չթողնի։ Բայց մյուսներին ես եմ ասում, ոչ թե Տերը. եթե որևէ եղբայր անհավատ կին ունի, և նա հոժար լինի նրա հետ ապրելու, թող նրան չթողնի։ Եվ որևէ կին, որ անհավատ ամուսին ունի և հոժար լինի նրա հետ ապրելու, թող նրան չթողնի։ Որովհետև անհավատ ամուսինը կնոջ միջոցով է սրբագործված լինում, անհավատ կինն էլ ամուսնու միջոցով է սրբագործված լինում. այլապես ձեր զավակները պիղծ կլինեին, բայց հիմա սուրբ են։ Իսկ եթե անհավատը բաժանվում է, թող բաժանվի. նման բաներում որևէ եղբայր կամ քույր ստրկացված չէ. Աստված մեզ խաղաղությամբ ապրելու է կանչել։ Ի՞նչ գիտես, կի՛ն, գուցե քո ամուսնուն փրկես, կամ ի՞նչ գիտես, ամուսի՛ն, գուցե քո կնոջը փրկես։ Միայն թե ամեն ոք թող ապրի այն վիճակում, որ Տերը բաժին է հանել. ինչպես որ նրան Աստված կանչեց, թող այնպես ընթանա։ Ես բոլոր եկեղեցիներում այսպես եմ պատվիրում։ Մեկը թլփատվա՞ծ է կանչվել, թող անթլփատ չձևանա. մեկն անթլփա՞տ է կանչվել, թող չթլփատվի։ Ո՛չ թլփատությունն է կարևոր, ո՛չ էլ անթլփատությունը, այլ Աստծու պատվիրանները պահելը։ Ամեն ոք ինչ կոչման մեջ որ կանչվեց, թող նրա մեջ մնա։ Ծառա՞ էիր, երբ կանչվեցիր, հոգ մի՛ արա, բայց եթե կարող ես նաև ազատ լինել, առավել ևս դրանի՛ց օգտվիր։ Որովհետև Տիրոջով կանչված ծառան Տիրոջ ազատն է, նույն կերպ էլ իբրև ազատ կանչվածը Քրիստոսի ծառան է։ Մեծ գնով եք գնվել. մարդկանց ծառաներ մի՛ դարձեք։ Եղբայրնե՛ր, յուրաքանչյուր ոք ինչ կոչմամբ կանչվեց, Աստծու առաջ թող դրա մեջ մնա։ Կույսերի վերաբերյալ Տիրոջից հրաման չունեմ, սակայն որպես Տիրոջից ողորմություն գտած և վստահելի մեկը՝ խրատ եմ տալիս։ Արդ կարծում եմ, որ ներկայիս նեղության պատճառով լավ է մարդն այդպես լինի։ Կնոջ հետ կապվա՞ծ ես, մի՛ փորձիր բաժանվել, բաժանվա՞ծ ես կնոջից, այլ կին մի՛ փնտրիր։ Բայց եթե ամուսնանաս, մեղանչած չես լինի, և եթե մի կույս ամուսնանա, մեղանչած չի լինի. բայց այդպիսիները մարմնական նեղություն կունենան, իսկ ես կցանկանայի ձեզ խնայել։ Սակայն սա եմ ասում, եղբայրնե՛ր, որ այսուհետև ժամանակը կարճ է, այնպես որ կին ունեցողները չունեցողների պես թող լինեն, լաց լինողները՝ չլացողների պես, ուրախացողները՝ չուրախացողների, իսկ գնորդները թող լինեն այնպես, իբր գնածի տերը չեն, այս աշխարհից օգտվողները՝ չօգտվողների պես, որովհետև այս աշխարհի արտաքինը ստվերի պես հեռանում է։ Ուզում եմ, որ դուք առանց հոգսի լինեք. չամուսնացածը Տիրոջ գործերի մասին է հոգ անում, թե ինչպե՛ս Տիրոջը հաճելի լինի, սակայն ամուսնացածն աշխարհիկ գործերի մասին է հոգում, թե ինչպե՛ս կնոջը հաճելի լինի։ Իրարից տարբերվում են նաև ամուսնացած կինն ու կույսը. կույսը Տիրոջ գործերի մասին է հոգում, որ մարմնով ու հոգով սուրբ լինի, իսկ ամուսնացած կինն աշխարհիկ գործերի մասին է հոգում, թե ինչպե՛ս իր ամուսնուն հաճելի լինի։ Սա ես ձեր օգուտի համար եմ ասում։ Ոչ թե ձեզ վրա բեռ եմ դնում, այլ որպեսզի պարկեշտությամբ և անարգել Տիրոջը ծառայեք։ Եթե մեկն իր կույսի համար ամաչի, որ նա հասուն տարիքում է, և դա այդպես պետք է լինի, թող անի, ինչ որ կամենում է. մեղանչած չի լինի, թող ամուսնացնեն։ Սակայն ով իր սրտում հաստատուն է և կարիք էլ չունի, նա իր կամքի վրա իշխանություն ունի. և ով իր սրտում վճռել է իր կույսին պահել, ճիշտ է անում։ Ուստի ով իր կույսին ամուսնացնում է, լավ է անում, իսկ ով չի ամուսնացնում, է՛լ ավելի լավ է անում։ Կինը կապված է այնքան ժամանակ, քանի դեռ նրա ամուսինը կենդանի է։ Իսկ եթե նրա ամուսինը մեռնի, ազատ է ամուսնանալու, ում հետ որ ուզենա, միայն թե Տիրոջով։ Սակայն է՛լ ավելի երանելի է, թե որ ըստ իմ խրատի այնպես մնա։ Կարծում եմ, որ ես էլ Աստծու Հոգին ունեմ։