Ա Կորնթացիներին 7:1-16

Ա Կորնթացիներին 7:1-16 ՆՎԱԱ

Արդ այն բաների մասին, որ գրել էիք ինձ։ Մարդու համար լավ է, որ կնոջ չմոտենա։ Սակայն պոռնկությունից խուսափելու համար թող ամեն մարդ իր կինն ունենա, և ամեն կին իր ամուսինն ունենա։ Ամուսինը թող իր կնոջ հանդեպ պարտքը կատարի, նույն կերպ էլ կինը՝ իր ամուսնու հանդեպ։ Կինն իր մարմնի վրա իշխանություն չունի, այլ ամուսինը. նույն կերպ էլ ամուսինն իր մարմնի վրա իշխանություն չունի, այլ կինը։ Միմյանց մի՛ զրկեք, այլ միայն ժամանակավոր փոխհամաձայնությամբ, որպեսզի աղոթքով զբաղվեք։ Ապա նորից միմյա՛նց վերադարձեք, որպեսզի ձեր անժուժկալության պատճառով սատանան չփորձի ձեզ։ Բայց սա թույլ տալով եմ ասում և ոչ թե հրամայելով։ Որովհետև կամենում եմ, որ ամեն մարդ ինձ նման լինի։ Սակայն յուրաքանչյուր ոք Աստծուց իր շնորհն ունի. մեկը՝ այսպես, մյուսը՝ այնպես։ Բայց ամուրիներին ու այրիներին ասում եմ. նրանց համար լավ է, որ ինձ պես մնան։ Իսկ եթե ժուժկալություն չունեն, թող ամուսնանան, որովհետև ավելի լավ է ամուսնանալ, քան այրվել։ Բայց ամուսնացածներին պատվիրում եմ ոչ թե ես, այլ Տերը, որ կինն իր ամուսնուց չբաժանվի։ Իսկ եթե բաժանվի, թող առանց ամուսնանալու մնա կամ իր ամուսնու հետ հաշտվի։ Ամուսինն էլ կնոջը չթողնի։ Բայց մյուսներին ես եմ ասում, ոչ թե Տերը. եթե որևէ եղբայր անհավատ կին ունի, և նա հոժար լինի նրա հետ ապրելու, թող նրան չթողնի։ Եվ որևէ կին, որ անհավատ ամուսին ունի և հոժար լինի նրա հետ ապրելու, թող նրան չթողնի։ Որովհետև անհավատ ամուսինը կնոջ միջոցով է սրբագործված լինում, անհավատ կինն էլ ամուսնու միջոցով է սրբագործված լինում. այլապես ձեր զավակները պիղծ կլինեին, բայց հիմա սուրբ են։ Իսկ եթե անհավատը բաժանվում է, թող բաժանվի. նման բաներում որևէ եղբայր կամ քույր ստրկացված չէ. Աստված մեզ խաղաղությամբ ապրելու է կանչել։ Ի՞նչ գիտես, կի՛ն, գուցե քո ամուսնուն փրկես, կամ ի՞նչ գիտես, ամուսի՛ն, գուցե քո կնոջը փրկես։

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում