Ա Կորնթացիներին 6:1-20

Ա Կորնթացիներին 6:1-20 ՆՎԱԱ

Եթե ձեզանից մեկն ընկերոջ հետ խնդիր ունենա, կհամարձակվի անիրավների՞ առաջ դատվել և ոչ թե սրբերի։ Կամ թե չգիտե՞ք, որ սրբերն են այս աշխարհը դատելու։ Եվ եթե աշխարհը ձեր միջոցով է դատվում, ապա աննշան բաների դատաստանն անելու արժանի չե՞ք։ Չգիտե՞ք, որ մենք հրեշտակներին ենք դատելու. որքա՜ն առավել՝ կենցաղային բաները։ Եթե կենցաղային բաների համար դատաստան եք անում, ինչո՞ւ եք եկեղեցու համար անարժեք մարդկանց ձեզ դատավոր նստեցրել։ Ձեզ ամաչեցնելու համար եմ ասում. ձեր մեջ այնքան իմաստուն մի մարդ չկա՞, որ կարողանա իր եղբայրների միջև դատ անել։ Բայց եղբայրը եղբոր դեմ դատ է սկսում, այն էլ անհավատների առաջ։ Ձեզ համար արդեն իսկ ամբողջովին պարտություն է, որ դատաստաններ ունեք միմյանց դեմ։ Ինչո՞ւ դուք ինքներդ չեք անիրավվում և ինչո՞ւ ինքներդ անիրավություն չեք կրում, այլ դուք եք զրկում և անիրավություն անում, այն էլ եղբայրներին։ Կամ չգիտե՞ք, որ անիրավներն Աստծու արքայությունը չեն ժառանգելու։ Մի՛ խաբվեք. ո՛չ պոռնիկները, ո՛չ կռապաշտները, ո՛չ շնացողները, ո՛չ իգացողները, ո՛չ արվամոլները, ո՛չ գողերը, ո՛չ ագահները, ո՛չ հարբեցողները, ո՛չ զրպարտողները և ո՛չ էլ հափշտակողներն Աստծու արքայությունը չեն ժառանգելու։ Եվ ձեզնից ոմանք այսպիսին էին, բայց լվացվեցիք, բայց սրբագործվեցիք, բայց արդարացվեցիք Տեր Հիսուս Քրիստոսի անունով և մեր Աստծու Հոգով։ Ինձ համար ամեն բան թույլատրելի է, բայց ամեն բան օգտակար չէ. ինձ համար ամեն բան թույլատրելի է, սակայն ես չպետք է որևէ բանի իշխանության տակ լինեմ։ Ուտելիքները որովայնի համար են, և որովայնը՝ ուտելիքների, բայց Աստված այդ էլ, դրանք էլ կխափանի։ Սակայն մարմինը պոռնկության համար չէ, այլ Տիրոջ, Տերն էլ՝ մարմնի համար։ Աստված, որ մեր Տիրոջը հարություն տվեց, իր զորությամբ ձեզ էլ հարություն կտա։ Չգիտե՞ք, որ ձեր մարմինները Քրիստոսի անդամներն են. ուրեմն Քրիստոսի անդամները վերցնեմ պոռնիկի՞ անդամ անեմ։ Քա՛վ լիցի։ Կամ չգիտե՞ք, որ ով պոռնիկին է միանում, նրա հետ մեկ մարմին է դառնում, որովհետև «Երկուսը ,- ասում է,- մեկ մարմին կլինեն» ։ Իսկ ով Տիրոջն է միանում, նրա հետ մեկ հոգի է դառնում։ Պոռնկությունից փախե՛ք. ամեն մեղք, որ մարդ գործում է, իր մարմնից դուրս է, սակայն պոռնկություն անողն իր մարմնի դեմ է մեղանչում։ Կամ չգիտե՞ք, որ ձեր մարմինները տաճար են Սուրբ Հոգու, որ ձեր մեջ է, և որն Աստծուց ունեք, և դուք ձերը չեք։ Քանզի մեծ գնով եք գնվել, ուստի փառավորե՛ք Աստծուն ձեր մարմնի մեջ։