Ա Կորնթացիներին 5:1-13

Ա Կորնթացիներին 5:1-13 ՆՎԱԱ

Առհասարակ լսելի է ձեր մեջ եղած պոռնկության մասին, և այնպիսի պոռնկության, որ հեթանոսների մեջ նույնիսկ չկա, ինչպես՝ ինչ-որ մեկը իր հոր կնոջ հետ է կենակցում։ Եվ դուք պարծենում եք՝ փոխանակ սգալու, որպեսզի ձեր միջից վերացվի նա, ով այդ արարքը կատարել է։ Թեև ես մարմնով հեռու եմ, բայց հոգով ներկա եմ։ Որպես ներկա՝ արդեն վճռել եմ նրա համար, ով նման բան է կատարել. մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով երբ մեկտեղ հավաքվեք, ես ևս հոգով ձեզ հետ կլինեմ մեր Տեր Հիսուս Քրիստոսի զորությամբ. այդպիսի մեկին մատնել սատանային, որպեսզի մարմինը կորչի, և հոգին փրկվի մեր Տեր Հիսուսի դատաստանի օրը։ Ձեր պարծենալը լավ չէ. չգիտե՞ք, որ մի փոքր թթխմորն ամբողջ զանգվածն է խմորում։ Հին խմորը մաքրե՛ք, որպեսզի նոր անթթխմոր զանգված լինեք. որովհետև մեր Զատիկը՝ Քրիստոսը, մեզ համար մորթվեց։ Ուստի ոչ թե հին խմորով տոնը կատարենք, ոչ էլ չարության և անզգամության խմորով, այլ անկեղծության և ճշմարտության անթթխմոր հացով։ Նամակում ձեզ գրեցի պոռնիկների հետ չխառնակվել։ Ամենևին նկատի չունեի այս աշխարհի պոռնիկներին, կամ ագահներին, կամ հափշտակողներին, կամ կռապաշտներին. այլապես հարկ կլիներ, որ դուք աշխարհից հեռանայիք։ Հիմա ձեզ գրեցի չխառնակվել, որ եթե մեկը, որ եղբայր է կոչված, պոռնիկ կամ ագահ, կամ կռապաշտ, կամ նախատող, կամ հարբեցող, կամ հափշտակող լինի, այդպիսի մեկի հետ անգամ հաց չուտեք։ Քանզի ինձ ի՞նչ պետք է, որ եկեղեցուց դուրս գտնվողներին էլ դատեմ. չէ՞ որ դուք եկեղեցու ներսում գտնվողներին եք դատում։ Իսկ դրսիններին Աստված է դատելու։ Չարը ձեր միջից վերացրե՛ք ։