Ա Կորնթացիներին 4:6-21

Ա Կորնթացիներին 4:6-21 ՆՎԱԱ

Եղբայրնե՛ր, սրանք ձեզ համար ինքս իմ և Ապողոսի մասին որպես օրինակ գործածեցի, որպեսզի մեզանից սովորեք գրվածից ավելին չխորհել, որպեսզի չլինի թե մեկն ընկերոջ պատճառով մյուսի նկատմամբ գոռոզանա։ Որովհետև ո՞վ է քեզ տարբերում ուրիշից. ի՞նչ ունես դու, որ չես ստացել, և եթե ստացել ես, ինչո՞ւ ես չստացողի պես պարծենում։ Արդեն կշտացել եք. արդեն հարստացաք ու առանց մեզ թագավորեցիք։ Երանի թե թագավորեիք, որ մենք էլ ձեզ հետ թագավորեինք։ Որովհետև ինձ այնպես է թվում, թե Աստված մեզ՝ առաքյալներիս, հետինների դասին կարգեց մահապարտների պես, քանի որ տեսարան դարձանք աշխարհին՝ և՛ հրեշտակներին, և՛ մարդկանց։ Մենք Քրիստոսի համար հիմար համարվեցինք, իսկ դուք՝ իմաստուն Քրիստոսով. մենք՝ տկար, իսկ դուք՝ զորավոր, դուք՝ փառավորված, իսկ մենք՝ անարգված։ Մինչև օրս մնում ենք քաղցած, ծարավ, մերկ, ծեծվում ենք և աստանդական շրջում։ Եվ վաստակում ենք՝ մեր ձեռքերով աշխատելով։ Մեզ զրպարտում են, իսկ մենք օրհնում ենք, հալածում են, դիմանում ենք։ Վարկաբեկում են, մենք մխիթարում ենք. աշխարհի համար աղբ ենք դարձել՝ մինչև այժմ բոլորից անարգված լինելով։ Ոչ թե ձեզ ամաչեցնելու համար եմ այս բաները գրում, այլ որպես իմ սիրելի որդիների՝ խրատում եմ։ Թեև հազարավոր դաստիարակներ ունեք Քրիստոսով, բայց ոչ բազում հայրեր, քանի որ ես Քրիստոս Հիսուսով ձեզ Ավետարանի միջոցով ծնեցի։ Ուրեմն աղաչում եմ ձեզ, որ ինձ նմանվեք։ Դրա՛ համար ձեզ մոտ ուղարկեցի Տիմոթեոսին, որ Տիրոջով իմ սիրելի ու հավատարիմ որդին է։ Նա ձեզ կհիշեցնի իմ ճանապարհները, որ Քրիստոս Հիսուսով են, ինչպես որ ամենուրեք բոլոր եկեղեցիներում ուսուցանում եմ։ Կարծելով, թե ձեզ մոտ չեմ գալու, ոմանք գոռոզացել են։ Բայց շուտով գալու եմ ձեզ մոտ, եթե Տերը կամենա, և ծանոթանալու եմ ոչ թե գոռոզացողների խոսքերին, այլ նրանց զորությանը։ Որովհետև Աստծու արքայությունը ոչ թե խոսքով է, այլ զորությամբ։ Ինչպե՞ս եք ուզում. գավազանո՞վ գամ ձեզ մոտ, թե՞ սիրով ու հեզության հոգով։