Ա Կորնթացիներին 3:1-23

Ա Կորնթացիներին 3:1-23 ՆՎԱԱ

Ես էլ, եղբայրնե՛ր, չկարողացա խոսել ձեզ հետ՝ իբրև հոգևոր մարդկանց, այլ իբրև մարմնավորների, իբրև Քրիստոսով մանուկների։ Ձեզ կաթ խմեցրի և ոչ թե կերակուր տվեցի, որովհետև դեռևս չէիք կարող այն ընդունել։ Հիմա էլ դեռ չեք կարող, որովհետև տակավին մարմնավոր եք։ Քանի որ ձեր մեջ դեռևս նախանձ և կռիվ կա. չէ՞ որ մարմնավոր եք ու մարդկային ձևով եք վարվում։ Երբ մեկն ասում է՝ «Ես պողոսական եմ», իսկ մյուսը՝ «Ես ապողոսական», մարմնավոր մարդիկ չե՞ք։ Արդ ո՞վ է Պողոսը, կամ ո՞վ է Ապողոսը. սոսկ սպասավորներ, որոնց միջոցով հավատացիք, և նրանցից ամեն մեկը արեց այնպես, ինչպես որ Տերը տվեց նրան։ Ես տնկեցի, Ապողոսը ջրեց, բայց Աստված աճեցրեց։ Ուրեմն ո՛չ տնկողը որևէ բան արժի, ո՛չ էլ ջրողը, այլ Աստված, որ աճեցնում է։ Տնկողն ու ջրողը մի են, բայց ամեն մեկն իր աշխատանքի համաձայն իր վարձը կստանա։ Որովհետև մենք Աստծու գործակիցներ ենք, դուք՝ Աստծու մշակության դաշտը, Աստծու շինությունը։ Աստծու՝ ինձ տված շնորհի համաձայն իմաստուն ճարտարապետի պես հիմքը դրեցի, բայց ուրիշն է կառուցում նրա վրա։ Բայց թող ամեն ոք զգույշ լինի, թե ինչպե՛ս է կառուցում։ Որովհետև ոչ ոք դրվածից տարբեր հիմք չի կարող դնել, որ Հիսուս Քրիստոսն է։ Եթե որևէ մեկը այս հիմքի վրա կառուցի ոսկով, արծաթով, թանկարժեք քարերով, փայտով, խոտով, եղեգով, ամեն մեկի գործը հայտնի է դառնալու. դատաստանի օրը, որ կրակով է հայտնվելու, երևան է հանվելու, և ամեն մեկի գործը կրակով է փորձվելու։ Եթե որևէ մեկի շինած գործը հաստատուն մնա, վարձ կստանա, իսկ եթե մեկի գործն այրվի, վնաս կկրի։ Ինքը կփրկվի, բայց կլինի այնպես, ասես կրակի միջով է անցել։ Չգիտե՞ք, որ դուք Աստծու տաճար եք, և Աստծու Հոգին բնակվում է ձեր մեջ։ Եթե մեկն Աստծու տաճարը քանդի, Աստված էլ նրան կկործանի, որովհետև սուրբ է Աստծու տաճարը, որ դուք եք։ Ոչ ոք ինքն իրեն թող չխաբի. եթե ձեզանից մեկը կարծում է, թե այս աշխարհում իմաստուն է, նա թող հիմար լինի, որ իմաստուն դառնա։ Որովհետև այս աշխարհի իմաստությունն Աստծու առաջ հիմարություն է, քանի որ գրված է. «Նա իմաստուններին իրենց խորամանկության մեջ է բռնում» ։ Եվ դարձյալ. «Տերը ճանաչում է իմաստունների մտքերը, որոնք ունայն են» ։ Ուրեմն ոչ ոք թող մարդկանցով չպարծենա, որովհետև ամեն բան ձերն է՝ թե՛ Պողոսը, թե՛ Ապողոսը, թե՛ Կեփասը, թե՛ աշխարհը, թե՛ կյանքը, թե՛ մահը, թե՛ ներկան, թե՛ գալիքը. ամեն բան ձերն է։ Դուք Քրիստոսինն եք, և Քրիստոսը՝ Աստծունը։

Ա Կորնթացիներին 3:1-23 հետ կապված անվճար Ընթերցանության ծրագրեր և Շինության խոսքեր