Ա Կորնթացիներին 16

16
Հանձնարարություններ, ողջույններ, վերջին մաղթանք
1Սրբերի համար կատարվող հանգանակության համար արե՛ք այնպես, ինչպես որ գաղատացիների եկեղեցիներին եմ պատվիրել։ 2Ամեն շաբաթվա առաջին օրը ձեզանից ամեն մեկը թող իր մոտ պահի այն խնայողությունը, որ հաջողվել է հավաքել, որ չլինի թե երբ գամ, հանգանակություն հավաքելն այդ ժամանակ լինի։ 3Երբ գամ, ձեր ընտրած մարդկանց նամակներով կուղարկեմ, որ ձեր ընծան Երուսաղեմ տանեն։ 4Եվ եթե հարկ լինի, որ ես էլ գնամ, թող ինձ հետ գան։
5Ձեզ մոտ կգամ, երբ Մակեդոնիայով անցնեմ, որովհետև Մակեդոնիայով եմ անցնելու։ 6Եվ հնարավոր է, որ ձեզ մոտ մնամ կամ նույնիսկ ձմեռեմ, որպեսզի դուք ինձ ճանապարհեք, ուր որ գնալու լինեմ։ 7Որովհետև չեմ ուզում հիմա անցորդի պես ձեզ տեսնել. միառժամանակ ձեզ մոտ մնալու հույս ունեմ, եթե Տերը թույլ տա։ 8Բայց հիմա մնում եմ Եփեսոսում մինչև Պենտեկոստեի տոնը, 9որովհետև ինձ համար գործելու մեծ դուռ է բացված, և հակառակորդները շատ են։
10Եթե Տիմոթեոսը գա, նայե՛ք, որ առանց վախենալու ձեզ մոտ մնա, որովհետև նա էլ Տիրոջ գործն է անում, ինչպես որ ես։ 11Արդ ոչ ոք թող նրան չանարգի. նրան խաղաղությամբ ճանապարհե՛ք, որ ինձ մոտ գա. եղբայրների հետ նրան եմ սպասում։ 12Իսկ Ապողոս եղբոր վերաբերյալ իմացեք, որ նրան շատ աղաչեցի, որ եղբայրների հետ ձեզ մոտ գա, բայց հիմա գալու ցանկություն բոլորովին չունի։ Սակայն կգա, երբ հարմար ժամանակ գտնի։
13Արթո՛ւն եղեք, հավատի մեջ հաստատո՛ւն մնացեք. արիացե՛ք ու զորացե՛ք։ 14Ձեր բոլոր գործերը թող սիրով լինեն։
15Խնդրում եմ ձեզ, եղբայրնե՛ր. գիտեք Ստեփանասի ընտանիքը, որ Աքայիայի առաջին պտուղն է, և իրենց անձերը սրբերի ծառայությանը նվիրեցին։ 16Դո՛ւք էլ հնազանդ եղեք այդպիսիներին ու բոլոր նրանց, ովքեր գործակից և ծառայակից են նրանց։ 17Ստեփանասի, Փորտունատոսի և Աքայիկոսի գալու համար ուրախացա. նրանք ձեր պակասը լրացրին, 18որովհետև իմ ու ձեր հոգուն հանգիստ պարգևեցին. ուրեմն ճանաչե՛ք այդպիսիներին։
19Ձեզ ողջունում են Ասիայի եկեղեցիները։ Տիրոջով ձեզ շատ ողջունում են Ակյուղասն ու Պրիսկիղան այն եկեղեցու հետ միասին, որ նրանց տանն է հավաքվում։ 20Ձեզ ողջունում են բոլոր եղբայրները. ողջունե՛ք միմյանց սուրբ համբույրով։ 21Իմ՝ Պողոսիս ձեռքով է այս ողջույնը։ 22Եթե մեկը Տեր Հիսուսին չի սիրում, անիծված թող լինի։ Մարանա թա#16.22 Այսինքն՝ «Մեր Տերը գալիս է»։։ 23Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը ձեզ հետ լինի։ 24Իմ սերն էլ Քրիստոս Հիսուսով ձեզ բոլորիդ հետ։ Ամեն։

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում